Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

Ինչո՞ւ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում աշխատավորների բարեկեցությունը

Ինչո՞ւ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում աշխատավորների բարեկեցությունը

Wed, 20 May 2026 19:15:26 +0400


Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 2025թ. միջին ամսական աշխատավարձը կազմել է 303 հազար 140 դրամ, իսկ 2026թ. մարտին այդ ցուցանիշը հասել է 329 հազար 66 դրամի։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե աշխատողների բարեկեցությունն էապես բարելավվել է։ Սակայն հանրային տրամադրությունները վկայում են, որ աշխատունակ բնակչության զգալի մասի համար պաշտոնական թվերը չեն արտացոլում նրանց իրական կենսամակարդակը։

Սա չի նշանակում, թե պաշտոնական վիճակագրությունը «նկարված» է։ Խնդիրն ավելի խորքային է․ մենք գործ ունենք «միջին ցուցանիշի թակարդի» հետ, երբ ճիշտ ցուցանիշն աղավաղում է մեծամասնության իրական եկամտի մասին վիճակը։ Միջին աշխատավարձը վատ է նկարագրում տիպիկ աշխատողի բարեկեցությունը․ այն կարող է աճել նույնիսկ այն դեպքում, երբ մարդկանց մեծ մասը շարունակում է ստանալ հայտարարված միջինից զգալիորեն պակաս եկամուտ։

Միջին եu մեդիան (միջինագիծ) աշխատավարձ

Միջին աշխատավարձի հաշվարկը շատ պարզ է․ աշխատավարձի ընդհանուր ֆոնդը բաժանվում է աշխատողների թվի վրա։ Բայց եթե աշխատողների մի փոքր խումբ ունի շատ բարձր եկամուտներ, դրանք էապես բարձրացնում են միջին ցուցանիշը, նույնիսկ եթե մեծամասնությունը ստանում է շատ ավելի քիչ։

Այդ պատճառով կարեւոր է դիտարկել նաեւ մեդիան աշխատավարձը, որը հաշվարկելու նպատակով աշխատողներին բաժանում են երկու հավասար խմբի․ մի կեսը բաղկացած է նրանցից, ովքեր ստանում են մեդիան աշխատավարձից քիչ, մյուս կեսը՝ ավել։ Այս ցուցանիշն ավելի հստակ է արտացոլում աշխատողի եկամտային վիճակը։

Փորձագիտական գնահատականների համաձայն՝ 2026թ. հունվարին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 293 հազար 309 դրամ, իսկ մեդիան աշխատավարձը՝ 219 հազար 736 դրամ։ Սա նշանակում է, որ պաշտոնապես զբաղված աշխատողների կեսը ստացել է վերջին թվից պակաս, իսկ մյուս կեսը՝ ավելի շատ։

Կա նաեւ մեկ այլ կարեւոր ցուցանիշ՝ մոդալ արժեք, այսինքն՝ ամենահաճախ հանդիպող աշխատավարձը։ Հայաստանում այն գնահատվում է մոտ 123 հազար 326 դրամ։ Սա շատ ավելի մոտ է մարդկանց առօրյա փորձին, քան պաշտոնական միջին աշխատավարձը։

Աշխատավարձի բաշխումը ըստ խմբերի

Աշխատավարձի բաշխումը ցույց է տալիս այն, ինչ միջին ցուցանիշը հաճախ թաքցնում է։ Modex-ի տվյալներով, որոնք հիմնված են ՊԵԿ-ի տվյալների վրա, 2025թ. մայիսին Հայաստանում վարձու աշխատողների մոտ 57%-ը ստացել է մինչեւ 199 հազար դրամ համախառն ամսական աշխատավարձ։ Միաժամանակ, ամսական 5 միլիոն դրամ եւ դրանից բարձր աշխատավարձ ստացողների թիվը եղել է 1077 մարդ կամ աշխատողների 0.1%-ը։

Աղյուսակում ներկայացված թվերը բացատրում են, թե ինչու հասարակությունը թերահավատորեն է ընկալում 300 հազար դրամ միջին աշխատավարձին վերաբերող տվյալները։

Քանի որ աշխատողների կեսից ավելին ստանում է մինչեւ 199 հազար դրամ, 300 հազար դրամ միջին աշխատավարձի ցուցանիշը մեծամասնության իրական եկամուտների մասին ճշգրիտ պատկեր չի տալիս։ Իսկ 5 մլն եւ ավել ստացող 1077 անձանց գերբարձր եկամուտներն արհեստականորեն ուռճացնում են միջին ցուցանիշը եւ քողարկում աշխատաշուկայում առկա վարձատրության մեծ անհավասարությունը։

Կեյցի ինդեքսը

Նվազագույն աշխատավարձի դերը գնահատելու համար լայնորեն օգտագործվում է Կեյցի ինդեքսը (Kaitz index), որը ցույց է տալիս նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը միջին կամ մեդիան աշխատավարձի նկատմամբ։
Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 75 հազար դրամ։ Սա մոտավորապես միջին աշխատավարձի մեկ քառորդն է եւ մեդիան աշխատավարձի մոտ մեկ երրորդը։ Սոցիալական քաղաքականության տեսանկյունից սա կարեւոր ազդակ է․ նվազագույն աշխատավարձը չափազանց ցածր է եւ չի կարող կատարել ցածր վարձատրվող աշխատողներին պաշտպանելու գործառույթը։

Միջազգային չափանիշներով ցածր վարձատրվող աշխատողներ են համարվում նրանք, ովքեր ստանում են մեդիան աշխատավարձի երկու երրորդից պակաս։ Քանի որ Հայաստանում մեդիան աշխատավարձը մոտ 220 հազար դրամ է, ապա ցածր վարձատրության շեմը կազմում է մոտ 145 հազար դրամ։ Ըստ գնահատականների՝ այդ շեմից ցածր հայտնվում է աշխատողների մոտ 45%-ը։ Սա արդեն ոչ թե լուսանցքային խումբ է, այլ՝ աշխատաշուկայի մեծ հատված։

Կենսաթոշակի փոխարինման գործակիցը

Մեկ այլ կարեւոր սոցիալական ցուցանիշ է կենսաթոշակի փոխարինման գործակիցը, որը ցույց է տալիս միջին կենսաթոշակի հարաբերակցությունը միջին աշխատավարձին։ Այլ կերպ ասած՝ այն ցույց է տալիս, թե կենսաթոշակային համակարգը որքանով է պաշտպանում մարդուն աշխատանքի շուկայից դուրս գալուց հետո։

Հայաստանում այս ցուցանիշը մնում է շատ ցածր․ միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի ընդամենը մոտ 20%-ը։ Սա նշանակում է, որ կենսաթոշակի անցնելուց հետո քաղաքացու եկամուտն ապրում է կտրուկ անկում, եւ տարեցները հայտնվում են հասարակության ամենախոցելի խմբերից մեկում։ Հետեւաբար, միջին աշխատավարձի աճն ինքնին չի նշանակում, որ տարեց մարդկանց բարեկեցությունը բարելավվում է։

Որոշ եզրակացություններ

Առաջին․ թեեւ պաշտոնական միջին աշխատավարձը «չի նկարվում», այն չի արտացոլում աշխատողների մեծ մասի բարեկեցությունը: Միջին ցուցանիշն աճում է հիմնականում բարձրաստիճան պետական ղեկավարների, ֆինանսական, առողջապահական եւ ՏՏ բնագավառների որոշ աշխատողների աշխատավարձի հաշվին։ Արդյունքում՝ միջին աշխատավարձի աճը հասարակության զգալի մասը չի ընկալում որպես իրենց տնտեսական վիճակի իրական բարելավման դրսեւորում։ Երկրորդ․ պաշտոնապես գրանցված աշխատողների մեծ մասը գտնվում է ցածր վարձատրության գոտում։ Ցածր աշխատավարձի շեմ համարելով մեդիան աշխատավարձի երկու երրորդը՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանում այդ գոտում գտնվում է աշխատողների մոտ 45%-ը։ Երրորդ․ նվազագույն աշխատավարձը Հայաստանում շարունակում է մնալ սոցիալական պաշտպանության թույլ գործիք։ Կեյցի ինդեքսը ցույց է տալիս, որ այն չափազանց պակաս է թե՛ միջին, թե՛ մեդիան աշխատավարձից։ Չորրորդ․ միջին աշխատավարձի աճը չի վկայում ներառական տնտեսական աճի մասին։ Կարեւոր է հասկանալ՝ աճո՞ւմ են արդյոք ցածր եւ միջին եկամուտ ունեցող խմբերի եկամուտները, նվազո՞ւմ է ցածր վարձատրվող աշխատողների բաժինը, եւ արդյո՞ք նվազագույն աշխատավարձը մոտենում է մեդիան աշխատավարձին։ Հինգերորդ․ ցածր եկամուտների խնդիրը չի սահմանափակվում աշխատաշուկայում․ այն ավելի սուր է կենսաթոշակային ապահովման համակարգում։ Քանի որ միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի մոտ 20%-ը եւ նվազագույն աշխատավարձի մոտ 80%-ը, ապա այն չի կարող ապահովել տարեցների արժանապատիվ կենսամակարդակը։ Այսպիսով, խնդիրը ոչ թե միջին աշխատավարձի սխալ հաշվարկն է, այլ այն, որ այդ ցուցանիշը քողարկում է եկամուտների սուր անհամասեռությունը։ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը պետք է պարբերաբար ներկայացնի նաեւ մեդիան եւ մոդալ աշխատավարձը, ցածր վարձատրության գոտում գտնվող աշխատողների քանակը եւ կենսաթոշակի փոխարինման գործակիցը, ինչը թույլ կտա օբյեկտիվորեն ներկայացնել եւ գնահատել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Վեցերորդ․ ցածր եկամուտների խնդիրը չի սահմանափակվում աշխատաշուկայում․ այն ավելի սուր է կենսաթոշակային ապահովման համակարգում։ Քանի որ միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի մոտ 20%-ը եւ նվազագույն աշխատավարձի մոտ 80%-ը, ապա այն չի կարող ապահովել տարեցների արժանապատիվ կենսամակարդակը։
Այսպիսով, խնդիրը ոչ թե միջին աշխատավարձի սխալ հաշվարկն է, այլ՝ այն, որ այդ ցուցանիշը քողարկում է եկամուտների սուր անհամասեռությունը։ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը պետք է պարբերաբար ներկայացնի նաեւ մեդիան եւ մոդալ աշխատավարձը, ցածր վարձատրության գոտում գտնվող աշխատողների քանակը եւ կենսաթոշակի փոխարինման գործակիցը, ինչը թույլ կտա օբյեկտիվորեն ներկայացնել եւ գնահատել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոնք են ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժերը

Որոնք են ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժերը Mon, 18 May 2026 20:45:48 +0400 Հունիսի 7-ին կայանալիք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով