«Հրապարակ»․ Եթե հիմա այնպես խոսեմ, ինչպես առաջ էի խոսում, ինձ հաստատ կտանեն կալանավայր
Fri, 22 May 2026 09:15:17 +0400

Հարցազրույց «Բոլորին դեմ եմ» ցուցակի հինգերորդ համարը զբաղեցնող Միքայել Նահապետյանի հետ
– Թվում է` ընդդիմադիր ուժերը պետք է շեշտադրումներ անեն այս իշխանությունների սխալների, վատ խոսույթի վրա, որ հանրության գիտակցության մեջ մեխվեն դրանք, ինչպես մեխվել են Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի մասին թեզերը, սակայն նախկին քաղհասարակությունը լռում է, ընդդիմությունն էլ լավ չի օգտագործում Փաշինյանի` իրեն մատուցած «նվերները», լավագույն դեպքում` մեկ-երկու հայտարարություն, գրառում, եւ վերջ: Օրինակ, մի քանի օր առաջ մի քաղաքացու՝ ՔՊ-ի պաստառը պոկելու համար, հոգեբուժարան տարան, որտեղ նա ինքնասպան եղավ, եւ մոռացվեց, որ Փաշինյանի պաստառը մարդու մահվան պատճառ դարձավ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նման կարեւոր հարցերը տեղ չեն գտնում ընդդիմության օրակարգում:
– Կարելի է 2 դիտարկում անել. նախ, պետք է ասել, որ նախընտրական շրջանն այս իմաստով վատագույն շրջանն է` օրակարգեր մշակելու համար, քանի որ բոլորն ունեն ինչ-որ ստրատեգիաներ եւ պարզապես ժամանակ չունեն գնալ, արձագանքել, հետամուտ լինել նման պրոցեսներին: Իսկ մյուս դիտարկումն էլ այն է, որ այստեղ կան արժեքային խնդիրներ: Ես մեծ կասկածներ ունեմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերի համար դեմոկրատիան եւ մարդու իրավունքները կարեւոր են եւ կարող են գաղափարական հենարան դառնալ: Ինձ թվում է, որ շատ ընդդիմադիր ուժեր դեմոկրատիան եւ մարդու իրավունքները կարեւորող զանգվածից ձայներ ստանալու հույս պարզապես չունեն, հետեւաբար, իրենց դանդաղկոտությունն այս հարցում դառնում է տրամաբանական: Արժեքային խնդիրներ են սրանք: Կարծում եմ, որ Հայաստանն ունի քաղաքացիական հասարակության ընդլայնման կարիք, չեմ ասում, թե նոր քաղհասարակություն ձեւավորելու, որովհետեւ նախկինում ակտիվ քաղհասարակության որոշ էլեմենտներ էլ այսօր ակտիվ են եւ շարունակում են իրենց առաքելությունը։ Այնուամենայնիվ, կա ընդլայնման կարիք, որովհետեւ իշխանափոխությունից հետո նրանց շարքերը նոսրացել են, շատերը հայտնվել են իշխանական ուղեծրում: Քաղհասարակության մեջ ներդրումներ են հարկավոր եւ ոչ այնքան ֆինանսական, որքան՝ գաղափարական, փիլիսոփայական: Այժմ արձանագրվում է նախորդ 8 տարիների ընթացքում մեր՝ որպես համահավաք ընդդիմադիր հայացքներ ունեցող զանգվածի չարածների արդյունքը: Եթե իշխանափոխություն տեղի չունեն, այս ամենը շարունակելու է մեր` ընդդիմադիրներիս ուսերին մնալ:
– Ասացիք, որ ընդդիմադիր ուժերին մարդու իրավունքները, դեմոկրատիան չեն հետաքրքրում: Այսինքն` Քոչարյանը, Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը չե՞ն կարեւորում այդ արժեքները, ինչպես ակնհայտ է, որ չի կարեւորում Փաշինյանը:
– Ասել, որ անխտիր բոլորին չի հետաքրքրում, մի փոքր պատասխանատու հայտարարություն կլինի, քանի որ նրանց շարքերում կան մարդիկ, որոնց հաստատապես մարդու իրավունքները հետաքրքրում են, սակայն նրանց լիդերների համար, այո, մարդու իրավունքները, հավասար իրավունքները, ժողովրդավարությունն առաջնահերթություններ չեն: Եթե այս հարցերը նրանց համար կարեւոր լինեին, ապա նվազագույնը դրանք կքննարկվեին: Ես կարծում եմ, որ Ձեր նշած ուժերը մարդու իրավունքներից եւ դեմոկրատիայից չունեն սպասելիքներ, նրանք ավելի շատ հրաշքների եւ երկնային օգնության են հիմա սպասում: Նրանք կարծում են, որ նման նարատիվներն անկարեւոր են, քանի որ լինելու բանը ուրիշ ձեւով է լինելու….
– Իսկ Ձեզ՝ որպես քաղաքական հայտ ներկայացրած ուժի ներկայացուցչի, որքանո՞վ են այս խնդիրները հետաքրքրում, եթե հետաքրքրում են, գործնականում ի՞նչ քայլեր եք անում:
– Ցավոք, քայլեր անելու մեր ռեալ հնարավորությունները մեծ չեն: Մենք չունենք ենթակառուցվածքներ, չունենք լրատվամիջոցներ եւ ձեւավորած փաստաբանական խմբեր, որոնք կաջակցեն մարդկանց, եւ մեզնից մնում է միայն հանրային պարսավանք ձեւավորելը եւ այդ խնդիրների մասին խոսելը: Մենք այդ մասին խոսում ենք եւ խոսել ենք նաեւ մինչեւ այս իշխանության գալը: Ես Սերժ Սարգսյանի ժամանակ եւս եղել եմ ընդդիմադիր եւ խոսել եմ մարդու իրավունքների հետ կապված բազում խնդիրների մասին: Ի դեպ, երբեմն այնպես եմ խոսել, որ եթե հիմա այդպես խոսեմ, իմ դեմ հաստատ քրեական գործ կհարուցեն եւ ինձ կտանեն կալանավայր, ինչպես, օրինակ, արեցին Արտուր Օսիպյանի հետ:
– Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի խելահեղ ագրեսիվ գործողությունները, հայհոյանքները, սպառնալիքները, կնոջը քաշքշելը, ըստ Ձեզ, ի՞նչ ազդեցություն են թողել ընտրողների վրա:
– Փաշինյանն իր շահերի տեսանկյունից սխալ բան չի անում: Այն, ինչ անում է նա, անում է մտածված: Նրանք իրենց քաղաքական թիմով «արխային են ընկել» եւ վստահ են, որ իրենք են հաղթելու, բայց այստեղ նրանք ռիսկեր են տեսնում, որովհետեւ, եթե, միեւնույն է` ընդդիմությունը չի հաղթելու, ապա դա կարող է ստեղծել ռիսկ, որ իրենց ընտրազանգվածը կորցնի մոտիվացիան եւ չգնա ընտրության: Գաղտնիք չէ, որ Փաշինյանի ընտրազանգվածի մեջ կան իրենից զզվողներ, սակայն միեւնույն ժամանակ ընդդիմությունից ավելի շատ են զզվում եւ այս երկուսի մեջ նախընտրում են Փաշինյանին:
– Այսինքն` Փաշինյանի կիսախելագար կեցվածքը դրակա՞ն է ազդում որոշ շրջանակների վրա:
– Փաշինյանի ընտրազանգվածի համար դա կարեւոր է: Նա արդեն 2 անգամ ատելության խոսք գեներացնելով՝ հասել է հաջողության: Բայց այստեղ այլ թիրախ էլ կա` տատանվող զանգվածը: Սոցիոլոգիան հստակ ցույց է տալիս, որ ատելությունն ու ռադիկալիզմը չկողմնորոշված ընտրազանգվածին մղում են ընտրություններին չմասնակցել: Այստեղ ես ուզում եմ ողջույններս փոխանցել ընդդիմադիր այն տխմարներին, ովքեր քարեր են նետում «Բոլորին դեմ եմ»-ի վրա: Մենք պոզիտիվ ենք բերում ընտրական միջավայր եւ թույլ չենք տալիս Նիկոլին՝ ռադիկալիզացնել ընտրազանգվածներին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր