Ես մեղավոր չեմ, ես թշնամի եմ
Fri, 22 May 2026 18:45:34 +0400

Փաշինյանն ուզում է Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող հակաքայլերի պատասխանատվությունը գցել ՌԴ-ի վրա, թե՝ տեսեք, ես այսքան լավ եմ իրենց նկատմամբ, միշտ ջերմ եմ խոսում, անում եմ ամեն ինչ, որ իրենց սրտով լինի, դրանք այնքան ապերախտ են, որ իմ արածը չեն գնահատում, լավությանը պատասխանում են վատությամբ, գնահատել չգիտեն, մեր թշնամիներն են, ես դրանում ի՞նչ մեղք ունեմ:
Շնողում քարոզարշավ իրականացնող Փաշինյանը նորից հիշեց, թե ինչ ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի եւ վարչապետի հետ, նույնիսկ շողոքորթեց՝ Ռուսաստանն անվանելով գերտերություն, որի հետ Հայաստանի հարաբերությունները չեն կարող հավասարը հավասարի սկզբունքով լինել: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու, ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ, բառիս բուն իմաստով: Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչ օրս ՌԴ նախագահն ավելի շատ կոնտակտներ որեւէ այլ լիդերի հետ ունեցել ա, էս ընթացքում մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել, ՌԴ կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունեմ»,- դիմելով շնողցիներին՝ ասաց նա, ձեռքի հետ էլ իրեն լիդեր հռչակելով:
Ո՞ւմ են ուղղված այս հեքիաթները, ինչո՞ւ են հորինվում, եթե դրանց ոչ միայն հավատացող չկա, այլեւ դրանցից՝ որեւէ օգուտ: Հեքիաթները հիմնականում նախատեսված են երեխաների համար, դրանց նպատակն ամենեւին էլ երեխաներին հիմարացնելն ու խաբելը չէ, որ նրանք հավատան անիրական, մտացածին բաներին, դրանք ունեն ուսուցողական, դաստիարակչական նշանակություն, դրանց միջոցով երեխաները պատկերացում են կազմում բարու, գեղեցիկի, սիրո, երկրի, բնության, աշխատանքի, ընկերների, շրջապատի մասին, դրանք անհանդուրժողականություն են սերմանում չարի, կեղծիքի, դավաճանության նկատմամբ: Մինչդեռ Փաշինյանն իր հեքիաթներով փորձում է հիմարացնել հասարակությանը: Փորձում է, բայց՝ անհաջող:
Ռուսաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ Հայաստանը թշնամական գործողություններ է իրականացնում ՌԴ-ի դեմ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացատրում է, որ իրենք իմաստ չեն տեսնում՝ բարեկամություն անել մի երկրի հետ, որի տարածքից սպառնալիքներ են հնչում Ռուսաստանի դեմ, որը բարեկամանում է Ռուսաստանի թշնամիների հետ: Ասում է` ինչո՞ւ պետք է Հայաստանին արտոնյալ առեւտրային պայմաններ տրամադրենք, եթե այդ երկիրը մեր բարեկամը չէ, ինչո՞ւ պետք է օգնեն Հայաստանին՝ զարգանալ, ուժեղանալ, եթե նա ցանկանում է միանալ իրենց թշնամի ճամբարին: Մի՞թե դրանից պարզ կարելի է բացատրել: Նույնը կրկնում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն․ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը ճշգրտելու համար ԱԽ հատուկ նիստ են հրավիրում, որտեղ նա հիշեցնում է, որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին, որը ենթադրում է ՌԴ նախագահի կալանավորում եւ արտահանձնում ՌԴ թշնամի երկրներին: Մի՞թե դրանից ավելի մեծ հակառուսական քայլ կարող է լինել:
Փաշինյանը չի կարողանում խաբել հայ հասարակությանը, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չկան: Ռուսաստանը շատ բացահայտ է արտահայտում իր դիրքորոշումը գործող իշխանության նկատմամբ: Ոչ միայն հայտարարություններով, այլեւ կոնկրետ գործողություններով: Մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնապես սահմանափակեց Հայաստանից Ռուսաստան ծաղիկի ներմուծումը: Իսկ դա հարյուրավոր ջերմատներ են, հազարավոր ընտանիքներ, որոնք ապրում են ծաղիկի գործից եկամուտ ստանալով, հարյուրավոր բեռնատարների հայ վարորդներ են, ովքեր այդ ծաղիկը տեղափոխում են Ռուսաստան, միլիոնավոր, միլիարդավոր հարկեր են: Գիտեք, թե ԵՄ-ն մեզ օգնելո՞ւ է կամ շուկա՞ է տալու, հակառակը՝ ԵՄ-ն Հայաստանի հիմնական մրցակիցն է եւ դեմ չի լինի, որ Հայաստանին դուրս մղի Ռուսաստանի ծաղկի շուկայից: Ռուսաստանի ծաղկի շուկան մոտ 1,5 միլիարդ դոլար է`100 միլիարդ ռուբլի։ Այդ շուկայի մեծ մասը զբաղեցնում են հոլանդացիները, ինչպես ուղիղ Նիդերլանդներից, այնպես էլ Էկվադորից, Քենիայից իրականացվող մատակարարումներով: Հայաստանից եւս նիդերլանդական ծաղիկ էր գնում Ռուսաստան, բայց այս ներմուծումն արգելելով՝ ՌԴ-ն չի տուժելու` ներմուծողների հերթ կգոյանա, Հայաստանն է տուժելու:
Մամուլում տեղեկություն կա, որ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել ՀԾԿՀ: Նշանակում է, որ Ռուսաստանն այլեւս մտադիր չէ Հայաստանին արտոնյալ պայմաններով գազ մատակարարել, մատակարարելու է միջազգային գներով: Սրա հետեւանքը լինելու է ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ մյուս ապրանքների ու ծառայությունների գների կտրուկ թանկացումը, մարդկանց աղքատացումը: Ռուսաստանը, լավ հասկանալով մարդկանց եւ մասնավորապես հայ մարդկանց հոգեբանությունը, ասում է. ի՞նչ եք ուզում` վիզաների ազատականացում ԵՄ-ի հետ, թե՞ ռուսական շուկա` էժան գազ ու հոսանք, ցորեն, շինանյութ: Դուք որոշեք, դուք ընտրեք. ընտրությունը Հայաստանի ներկա իշխանությունների, որոնք երկիրը տանում են ԵՄ եւ, հետեւաբար, ԵԱՏՄ-ի հետ խզում, եւ այն ուժերի միջեւ է, որոնք կողմ են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը: Ընդամենը մեկ շաբաթ հետո՝ մայիսի 29-ին, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահը կտա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու պրոցեսի մեկնարկը: Եթե Հայաստանը կարող է միակողմանի սառեցնել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Ռուսաստանը չի՞ կարող սառեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Եվ հարցն ամենեւին էլ Հայաստանի անկախությունը կամ ինքնիշխանությունը չէ, անկախ եւ ինքնիշխան լինելն առաջին հերթին նշանակում է որոշումներ կայացնել եւ առաջնորդվել սեփական պետության եւ հասարակության շահերով, ոչ թե դրսից եկած թելադրանքով, մի բան, որ 8 տարի շարունակ անում է Փաշինյանի իշխանությունը` ի հաշիվ Հայաստանի եւ հայ ժողովրդի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր