Ահա այն դեպքը, երբ «Նիկոլը ճիշտ» է

Ահա այն դեպքը, երբ «Նիկոլը ճիշտ» է

Sun, 24 May 2026 11:45:47 +0400


«Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ՛, չեմ գնալու», այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Եվ սա այն դեպքն է, երբ իրապես հնարավոր է ասել, որ «Նիկոլը ճիշտ է»: Այո, հանրությունը պետք է հեռացնի նրան, ասի՝ գնա: Իսկ դա ասելու ձեւը այն է, որ հանրության մեծամասնությունը, ընտրողների նկատելի, շոշափելի մեծամասնությունը հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս եւ քվեարկի: Բայց, նաեւ ավելորդ է ասել, որ Փաշինյանի հեռանալու համար պետք է գնալ եւ ոչ թե պարզապես քվեարկել «ռոմանտիզմով», այլ միանգամայն ռացիոնալ ու պրագմատիկ հաշվարկով՝ այսինքն անցնելու եւ հետո արդեն կառավարման համակարգին տիրապետելու գործուն ներուժ ունեցող ուժերից որեւէ մեկի օգտին քվեարկությամբ:

Որովհետեւ, իշխանությունն անկասկած ընտրական պրոցեսը համալրել է առնվազն տասնյակի չափ մանր կուսակցություններով, որոնց խնդիրը ձայներ «փախցնելն» է:

Բայց, հանրությունը պետք է գնա ու քվեարկելով հեռացնի Փաշինյանին: Եվ, եթե այդ պարագայում նա չհեռանա, ապա կասկած իսկ չկա, որ հանրությունը հենց ինքն էլ տեր կկանգնի իր քվեարկության իրական արդյունքին:

Բայց, կրկնեմ, այդ իմաստով Փաշինյանը ճիշտ է՝ հանրությունը պետք է գնա ու հեռացնի նրան ընտրատեղեմասում, այլ ոչ թե խոհանոցում, տանը նստած: Որովհետեւ խոհանոցում տանը նստելը՝ եթե անգամ նստած տեղն ամենաթունդ խոսքերն են հասցեագրվում Փաշինյանին եւ նրա իշխանությանը, ընդամենը պասիվ գործողություն է նրա օգտին:

Հենց դա է նաեւ ակնարկը, թե՝ «700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա»: Նա նկատի ունի իհարկե 2021-ը: Այո, եթե մարդիկ չեն գնում տեղամաս, ապա ստացվում է, որ քիչ գնացողներից 700 հազարը դառնում են արդեն մեծամասնություն, այն դեպքում, երբ Հայաստանում կա գրեթե 2,5 միլիոն ընտրող: Եվ 700 հազարը վճռում են պետության ճակատագիր: Հետեւաբար, եթե անգամ ունենալով այս օրինակը՝ 2,5 միլիոնի առնվազն 60-70 տոկոսը վեր չի կենում եւ գնում ընտրատեղամաս իր ապրած պետության ճակատագրի հարցում պատասխանատվություն արտահայտելու համար, ուրեմն հանձնում է իր ձայնը ակտիվ փոքրամասնությանը, հետեւաբար՝ պասիվ քվեարկում է գործող իշխանության օգտին:

Ըստ այդմ, պատասխանատվություն է ստանձնում ոչ միայն հետագա կատարվողի, այլ փաստացի՝ նաեւ մինչ այդ կատարվածի համար, թեկուզ տանը նստած:

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նիկոլը գիտակցում է՝ եթե զրկվի աթոռից, իրեն կդատեն միանգամից, գուցե ռազմական տրիբունալի առաջ կանգնի

«Հրապարակ». Նիկոլը գիտակցում է՝ եթե զրկվի աթոռից, իրեն կդատեն միանգամից, գուցե ռազմական տրիբունալի առաջ կանգնի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով