Զոհեր և բազում վիրավորներ, խոշոր ավերածություններ․ Կիևում սարսափելի վիճակ է
Sun, 24 May 2026 16:00:45 +0400

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչության շենքը աննշան վնասներ է կրել այսօր Կիևի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման ժամանակ։ Նրա խոսքով, ուկրաինական դիվանագիտությունը կշարունակի արդյունավետորեն կատարել իր առաքելությունը՝ դիմակայել «ռուսական ագրեսիային և խաղաղություն հաստատել»։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ անցած գիշեր ռուսական հրետակոծության հետևանքով Կիևում վնասվել են թատրոնը, ֆիլհարմոնիան, երկու թանգարան, գրադարան, համալսարաններ, եկեղեցի, վանք և ճարտարապետական հուշարձաններ։
«Գիշերը ռուսները լրջորեն վնասել են Ուկրաինայի ազգային արվեստի թանգարանը։ Չեռնոբիլի ազգային թանգարանը նույնպես զգալի վնաս է կրել։ Վնասվել են նաև Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիայի շենքը, Յարոսլավ Իմաստունի անվան Ուկրաինայի ազգային գրադարանը, Կիևի օպերայի շենքը և բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ։
Մասնագետներն ու համապատասխան ծառայությունները ներկայումս փաստաթղթավորում են հարձակման հետևանքները և գնահատում ավերածությունների մասշտաբները», – ասել է մարդասիրական քաղաքականության հարցերով փոխվարչապետ և մշակույթի նախարար Տատյանա Բերեժնայան։
Նախագահ Զելենսկին արդեն այցելել է Կիևի Չեռնոբիլի ազգային թանգարան, որը վնասվել էր գիշերային ռուսական հարձակման հետևանքով։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ռուսական հարվածը փաստացի ոչնչացրել է Չեռնոբիլի թանգարանը, վնասել է Ազգային արվեստի թանգարանը և գերմանական ARD գրասենյակի շենքը։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ Կիևում ընդհանուր առմամբ վնասվել է մոտ հիսուն շենք՝ բնակարանային շենքեր, մասնավոր տներ, առևտրի կենտրոններ, կրթական հաստատություններ, շուկա, Պետական արտակարգ իրավիճակների ծառայության և ոստիկանության վարչական շենքեր և այլն։ Նա հայտնել է, որ հետևանքները վերացնելու համար օգտագործվել են ինժեներական, ռոբոտացված և անօդաչու սարքեր։
Ըստ Կլիմենկոյի՝ «գիշերային հարձակման հետևանքով վնասվել են նաև Ներքին գործերի նախարարությանը պատկանող օբյեկտներ»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ «Կինժալ», «Ցիրկոն» և «Օրեշնիկ» հրթիռներով զանգվածային հարվածը չի թիրախավորել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածներ չեն ծրագրվել կամ իրականացվել», – պնդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ «ներկայումս հոսպիտալացված է 31 վիրավոր, որոնցից երեքը ծանր վիճակում են, զոհվել է երկու մարդ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր