Եթե հունիսի 7-ին Նիկոլը վերընտրվի՝ ինքը կդառնա հայոց պետության վերջին վարչապետը
Sun, 24 May 2026 22:15:02 +0400

Մինչև «դուխով» Նիկոլ, «հզոր» և «մեծարգո» վարչապետ Փաշինյան ունենալը կարծում էի, որ ՀԱՊԿ-ու ԵԱՏՄ-ում մնալով՝ կարող ենք կառուցել եվրոպական տիպի պետություն: Պարզվեց, որ դուխովն ընդամենը գլխարկն էր, իսկ Նիկոլը գեղցի շուստրի էր ու վախկոտ: Գեղցի շուստրի, քանի որ, ինչպես ժամանակին ինքն է խոստովանել, ինչ-որ հարց լուծելու նպատակով իրեն գժի տեղ էր դնում եվրասիական ղեկավարների հետ շփումներում:
Փաշինայնի վախկոտ լինելուն առաջին անգամ բախվեցինք՝ երբ 44-օրյայի խայտառակ պարտությունից հետո բունկերում թաքնված հաթաթա էր տալիս երբեմնի սիրելի ժողովրդի հասցեին: Ինչ մնում է հզորին և մեծարգոյին, ապա առաջին մակդիրով նրան դիմում է անուղեղ զանգվածը, իսկ երկրորդով՝ իրենից կախում ունեցող և բարձր աշխատավարձ-պարգևավճարով գնված անհայրենիք տականքը: Ուրիշ բնութագիր հնարավոր չէ տալ այն մարդկանց այն խմբին, որը գիտակցելով հանդերձ, որ իր «մեծարգոն» պետությունն ուղիղ գծով տանում է կործանման, ծառայում է նրան հանուն փողի ու իշխանության:
Մնաց եվրոպական տիպի պետությունը: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող՝ վերը նկարագրված անձին ամեն կերպ աջակցող Եվրոպան չի կարող լինել մեր երազանքների հանգրվանը: ՀՀ երրորդ՝ իմ կողմից չսիրված, նախագահի աչքի փուշը նկատող Եվրամիությունը և առանձին երկրների ղեկավարությունը չեն ցանկանում նկատել իրենց կողմից «համարձակ» հորջորջված վարչապետի աչքի գերանը: Չեն ցանկանում նկատել, որ նրա վարչապետության օրոք Հայաստանը ոչ թե դարձել է ժողովրդավարության բաստիոն, այլ բռնել է բռնապետության վերածվելու ճանապարհը: Եվ ինչպես նախընտրական իրադարձություններն են վկայում, անշեղորեն ընթանում դեպի այդ նպատակը:
Հասկանալի է, որ ՀՀ վարչապետ կոչեցյալը, նախ, եվրոպացիներին ազատել է երեք տասնամյակ տևած ղարաբաղյան գլխացավանքից: Ապա, սեփական, բառիս բուն իմաստով, պետությանը համառորեն թշնամի է դարձնում աշխարհի գերտերություններից մեկին: Որի դեմ, առանց որևէ հաջողության, չորսուկես տարի պատերազմում է ողջ արևմտյան աշխարհը: Եթե որևէ մեկը կասկածում է, որ Ռուսաստանը գերտերություն է, թող մի փոքր զոռ տա ուղեղին: Եվ հասկանա, թե ինչպես է ստացվել, որ աշխարհի տեխնոլոգիապես զարգացած 51 պետության դեմ այդքան տարի պատերազմող Ռուսաստանը ոչ թե պարտվում է, ինչպես իրենք են երազում, այլ հաղթանակներ է արձանագրում:
Գանք մեր բազմաչարչար ժողովրդին: Բազմաթիվ գրագետ վերլուծաբաններ ընդդիմությանը խորհուրդ են տալիս գնալ դեպի ժողովուրդը: Լուսավորել այդ մարդկանց, բացել նրանց աչքերը և համոզել, որպեսզի, նախ, մասնակցեն ընտրություններին: Եվ երկրորդ, իրենց ձայնը տան հայրենասիրական ուժերին, այն է՝ ընդդիմությանը: Խելացի խորհուրդ է, հաճախ ես էլ եմ միանում այդ խորհրդատուներին: Իսկ երբ մտածում եմ, թե տեխնոլոգիական այս դարում ինչու հայ մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը, ուղեղս կախում է: Ճիշտ այնպես, ինչպես երկար աշխատելուց հետո երբեմն կախվում է համակարգիչը:
Իսկապես, եթե մարդուն ընձեռնված է իր քվեով իշխանություն ձևավորել, ու դրա համար ընդամենը անհրաժեշտ է հանգստյան օրով տնից դուրս գալ, քայլել (±) 10 րոպե, մի այդքան էլ սպասել ընտրատեղամասում կամ չսպասել ոչ մի րոպե, քվեարկել ու վերադառնալ տուն կամ շենքի բակ, ի՞նչ դժվար է դա անելը: Այն էլ ոչ թե ամեն օր, այլ մի քանի տարին մեկ անգամ: Իսկ ընտրություններին մասնակցելն էլ անհրաժեշտ է, որպեսզի հաջորդ հինգ տարին կրկնին չասեն, թե «խեղճ հարիֆն ի՞նչ կարող էր աներ»:
Ի դեպ, թե ինչի է հանգեցնում դեպի ժողովուրդ գնալը, վկայում է 19-րդ դարի երկրորդ կեսի ռուսական նարոդնիկության շարժման պատմությունը: Ռուս մտավորականության առաջադեմ նեկայացուցիչները ժողովրդին (իրականում՝ գյուղացիությանը) լուսավորելու և նրա հետ մերձենալու նպատակով գնացին գյուղեր: Անհաջողություն կրելով՝ նրանց այնտեղ մեծ հաշվով չէին սպասում, շատ արագ շարժումը ձեռք բերեց արմատական բնույթ: Ինչն, ի վերջո, հանգեցրեց լայնածավալ բարեփոխումներ նախաձեռնող Ալեքսանդր 2-րդ թագավորի սպանությանը:
Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե քարոզչական նպատակով մարզեր այցելելն իմաստ չունի: Որովհետև եթե ընդդիմությունն այդպես վարվի, ապա կեղծ պապիկների և զավակ ու ամուսին կորցրածների՝ իրական թե կեղծ, նիկոլասեր բազմությունը կապահովի իրենց իսկ կողմից «խեղճ հարիֆ» բնորոշված անձի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում: Ինչը չպետք է թույլ տալ, քանի որ դա կնշանակի Հայաստանի չգոյությունը: Եվ եթե 2018-ին ինքը պետք է վարչապետ ընտրվեր, որպեսզի, իր ասելով, Հայաստանն ընդհանրապես վարչապետ ունենար, ապա 2026-ին եթե ինքն ընտրվի վարչապետ, ապա կլինի Հայաստանի վերջին վարչապետը: Որովհետև դրանից կարճ ժամանակ անց Հայաստանն այլևս գոյություն չի ունենա, որպեսզի վարչապետի կարիք ունենա:
Ինչն էլ նշամակում է, որ հունիսի 7-ին մեկ մարդու նման բոլորս պետք է գնանք ընտրատեղամասեր և ընտրենք ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ 3, 7 և 17, որևէ մեկին: Եվ ապահովենք Հայաստան պետության շարունակականությունը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր