Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

Անգամ սովորական տուրիստական վիզա ստանալն այսօր շատ ավելի դժվար է, քան՝ առաջ

Անգամ սովորական տուրիստական վիզա ստանալն այսօր շատ ավելի դժվար է, քան՝ առաջ

Mon, 25 May 2026 22:15:36 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է:

– Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Տեղեկություններ կան, որ նա անգամ Զվարթնոց օդանավակայանից դուրս չի գալու, պարզապես Հնդկաստանից ԱՄՆ մեկնելիս որոշել է Հայաստանում մի կարճ կանգառ ունենալ և իշխանությունների հետ նկարվել, հավանաբար ՔՊ-ականների խնդրանքով: Մայիսի սկզբին էլ Հայաստան էին ժամանել եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք լուսանկարվեցին Նիկոլ Փաշինյանի հետ, փետրվարին Հայաստան էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Վենսը: Տպավորություն է, թե ողջ Արևմուտքը որոշել է աջակցել Փաշինյանին` առաջիկա ընտրություններում: Ի վերջո` ինչի՞ է ցանկանում հասնել Նիկոլ Փաշինյանը արևմտյան գործընկերների աջակցությամբ: Այս իրար հաջորդող այցերը ազդեցություն թողնո՞ւմ են հայաստանյան քաղաքական պրոցեսների վրա:

– Ռուբիոյի այցը տարածաշրջանային այց է, և նա միայն Հայաստան չէ, որ ժամանելու է: Իսկ եվրոպական գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ այս ամսվա սկզբին, ամեն տարի տեղի է ունենում` տարբեր երկրներում: Մյուս տարի այն անցկացվելու է Ադրբեջանում: Այլ հարց է, որ իշխանությունների հետ այնպես հարմարեցրին, որ գագաթնաժողովը համընկնի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետ և դրանից իշխանությունը գուցե շահի, գուցե այն ընտրողների մի զանգվածի վրա որոշակի ազդեցություն ունենա և այլն: Փաշինյանն այս ամենը օգտագործում է որպես ՔՊ-ի նախընտրական գովազդ: Բայց իրականում մենք բոլորս գիտենք, որ գործնականում Հայաստանը դեռ շատ հեռու է Արևմուտքի հետ համագործակցելուց:

Այս ութ տարվա մեջ ՍԵՊԱ-ի պայմանագրից, որը Սերժ Սարգսյանի ժամանակներից է ուժի մեջ մտել, շատ քիչ` չնչին մասն է կյանքի կոչվել: Եվրաինտեգրումից են շարունակ խոսում, բայց Հայաստանի քաղաքացին ի՞նչ փոփոխություն է զգում իր կյանքում: Օրինակ` ես կարող եմ ասել մի շարք բացասական փոփոխություններ: Նույն եվրոպական երկների դեսպանատներում ամեն բան ավելի ու ավելի է բարդացել, անգամ սովորական տուրիստական վիզա ստանալը այսօր շատ ավելի դժվար է դարձել, քան առաջ:

Այսինքն` միայն դրոշ են ծածանում, իսկ գործնականում ոչ մի քայլ, ոչ մեր տնտեսությունն ու բիզնեսն են գնում դեպի Արևմուտք, ոչ ռեֆորմներն են փոխվում, որոնք առաջին հերթին պետք է կյանքի կոչվեին դատական համակարգում, ոչ էլ իրավապահ մարմիններում կան փոփոխություններ, բացառությամբ, որ ոստիկանական մեքենաները փոխեցին, բայց դեռ Վանո Սիրադեղյանի ժամանակներից ոստիկանների ավտոմեքենաները փոխվում էին, դա չի կարելի կապել եվրաինտեգրման հետ: Այնպես որ ես չեմ տեսնում որևէ գործնական քայլ` ԵՄ-ի հետ համագործակցելու հարցում, նույնը` ԵՄ-ից: Ինչ վերաբերում է Ռուբիոյին, ապա ԱՄՆ-ի համար այժմ թիվ մեկ հարցն Իրանի հետ պատերազմն է, և ես չեմ բացառում, որ նրա համար Իրանի հարևան երկրների հետ հանդիպումներ ունենալը օրակարգային հարց է: ԱՄՆ-ն Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագիրը համարում է ձեռքբերում: Բայց Նիկոլ Փաշինյանն այս ամենը փորձում է օգտագործել ընտրողներին իր կողմը գրավելու համար:

– Իսկ դա ստացվո՞ւմ է Փաշինյանի մոտ: Գրագետ խավն այս առումով տրանսֆորմացիայի ենթարկվո՞ւմ է:

– Փորձում են ենթատեքստեր ստեղծել, հանրությանը ներկայացնել, թե իբրև Հայաստանը գնում է դեպի ԵՄ և այլն, ի դեպ, չեն էլ թաքցնում, որ այս ամենն Արցախի դիմաց էր: Նախ Արցախի նշաձողն իջեցրին, հետո՝ այն ընդհանրապես հանձնեցին Ադրբեջանին, արդյունքում խոսում են ԵՄ-ի հետ համագործակցելուց: Այս ամենն այնքան հակասական է: Նորմալ մարդկանց համար սա անբարո քաղաքականություն է: Հարցումները ցույց են տալիս, որ ամեն դեպքում ոչ փոքր մի զանգված դրական է գնահատում Հայաստանի համագործակցությունը Եվրոպայի հետ: Ամեն դեպքում մի կարևոր դիտարկում պետք է անել այս իմաստով: Այն մարդիկ, ովքեր Հայաստանի ապագան իսկապես տեսնում են ԵՄ-ի հետ, Նիկոլ Փաշինյանին էապես չեն աջակցում: Նրանց մի փոքր զանգվածը գուցե աջակցում է, բայց մեծ մասը` ոչ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախընտրական ցուցակից 6-7 հոգի կալանավորված են. Գոհար Մելոյան

Նախընտրական ցուցակից 6-7 հոգի կալանավորված են. Գոհար Մելոյան Mon, 25 May 2026 16:45:57 +0400 «Իշխանությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով