Մեկի փոխարեն մի քանի տասնյակ ԱԱԾ եւ Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծեք
Tue, 26 May 2026 18:15:15 +0400

Հաշվե՞լ եք, թե Հայաստանում ամեն օր քանի մարդ է ձերբակալվում եւ կալանավորվում, ոչ թե քրեական մեղադրանքներով, այլ` քաղաքական, ոչ թե ինչ-որ հանցագործություն կատարելու համար, այլ՝ իր քաղաքական գործունեության համար, միայն այն բանի համար, որ ընդդիմադիր այս կամ այն կուսակցության համակիրն ու աջակիցն է: Մտեք, այսպես կոչված, Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջ եւ սահմռկեցուցիչ պատկերի ականատես կլինեք: Կարելի էր մաթեմատիկական պարզ հաշվարկ անել` գումարելով այս կոմիտեի կողմից ձերբակալվածների թվերը եւ ստանալ միասնական պատկեր, բայց դա անհնար է, որովհետեւ ձերբակալված անձանց ոչ միայն անհատական տվյալները, այլեւ նույնիսկ թիվը թաքցվում է: Չեն հրապարակում, որ մարդիկ չտեսնեն, թե ինչ ավերածություն է իրականացվում երկրում ամեն օր: Մի կոմիտե, որի անունը հուշում է, որ պետք է զբաղված լիներ կոռուպցիայի դեմ պայքարով, իսկ կոռուպցիան հնարավոր է միայն իշխանություն ունեցողների շրջապատում, զբաղված է իշխանության քաղաքական հակառակորդների դեմ տոտալ հալածանքներ կազմակերպելով, իսկական քաղաքական կոռուպցիան հենց սա է, երբ մարդ վճարվում է ոչ իր պաշտոնական պարտականությունների կատարման համար:
Ահա՝ այս կոմիտեի շարքային հաղորդագրություններից մեկը, մեկը նրանցից, որ ամեն օր ու օրը մի քանի անգամ տարածում են. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը նույն կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուի եւ այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար ՀՀ դրամի չափով ընտրակաշառք»։ Սա շատ ստանդարտ գործելակերպ է. ԱԱԾ-ն գաղտնալսում է ընդդիմության ակտիվիստներին, հետո այդ գաղտնալսումները ձեւակերպում են իբրեւ թե ընտրակաշառք տալու եւ ստանալու ապացույց եւ դրա հիման վրա մարդկանց նախ ձերբակալում են, հետո՝ կալանավորում:
Ահա թե ինչպես են հիմնավորում մարդկանց կալանքը. «Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեությանն օրինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ եւ տարածքային պատասխանատուներ՝ նրանց վճարելով ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձեւով քվեարկելու խոստման դիմաց։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք»: Ինչպես տեսնում եք, ձերբակալված անձանց քանակը նշված չէ, թե այդ մի շարքում քանի մարդ է, հայտնի չէ: Սա մայիսի 22-ի հաղորդագրություն է: Նույն օրը կոմիտեն ձերբակալություններ է արել ԲՀԿ Տավուշի մարզային կառույցում, Գյումրիում: Հենց այդ օրը ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը, բայց դա արդեն՝ ԱԱԾ-ի կողմից: Մեկ օրում հաստատ 10-ից ավելի մարդ է ձերբակալվել ու կալանավորվել, մի սովորական շարքային օրում 10 կամ գուցե 20 անմեղ մարդ դարձել է քաղաքական հետապնդման զոհ:
Բայց սահմռկեցուցիչն այլ բան է. այս մեղադրանքներով կարող են կալանավորել ընդդիմության ցանկացած ներկայացուցչի, ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական շտաբների ցանկացած անդամի: Ասում են` մարդկանց փաստաթղթավորել են որպես ակտիվիստի կամ տարածքային պատասխանատուի, բայց նրանք գումար են ստացել ընտրություններին պայմանավորված ձեւով քվեարկելու համար: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ նրա փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանի, ընդդիմադիր կուսակցության նախընտրական շտաբի պատասխանատուն պետք է քվեարկի ՔՊ-ի օգտին: Եթե մարդուն գաղտնալսում են, իսկ նա հեռախոսային զրույցի ժամանակ ասում է, որ ես ընտրելու եմ «Ուժեղ Հայաստանի» կամ «Բարգավաճ Հայաստանի» օգտին, դա միանգամից համարվում է հանցանքն ապացուցող փաստ, եւ մարդուն կալանավորում են, դե որովհետեւ նա, որպես շտաբի աշխատակից, գումար է ստանում եւ պատրաստվում է քվեարկել այդ կուսակցության օգտին. մի՞թե ավելի մեծ հանցանք կարելի է պատկերացնել: Իսկ քանի դեռ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբների ներկայացուցիչները պատրաստվում են քվեարկել ընդդիմադիր ուժերի օգտին, նրանց՝ բոլորին, կարելի է հռչակել հանցագործներ եւ ձերբակալել:
Որքան քվեարկության օրը մոտենա, ձերբակալությունները կդառնան ավելի հաճախակի եւ ավելի ինտենսիվ, որ հասցնեն մինչեւ ընտրությունների օրը բոլոր պատասխանատուներին եւ ակտիվիստներին ձերբակալած լինեն: «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը մի 10 օր առաջ հայտարարեց, որ արդեն կալանավորել են իրենց կուսակցության ավելի քան 300 ակտիվիստի: Հիմա այդ թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի` գուցե 500 մարդ: Սա՝ միայն «Ուժեղ Հայաստանի» դեպքում, գրեթե նույն ինտենսիվությամբ ու նույն մեղադրանքներով կալանավորում են ԲՀԿ-ի եւ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների ներկայացուցիչների: Ձերբակալվածների թիվը հաստատ անցած կլինի հազարը: Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալվածների հստակ թիվ չի գրում, որ չերեւա, թե ինչքան շատ մարդ է ձերբակալել, որ երկրում գրեթե բոլորը հանցագործ են, ուղղակի մի մասին դեռ չեն ձերբակալել, հերթի մեջ են:
Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, Հայաստանը լցված է հանցագործներով, ընդդիմության բոլոր ակտիվիստները եւ համախոհները հանցագործներ են` կա՛մ ընտրակաշառք են բաժանում, կա՛մ ընտրակաշառք ստանում: Միակ ազնիվն ու արդարն ինքն ու իր թիմակիցներն են, միայն իրենք իրավունք ունեն մնալ ազատության մեջ, որ կարողանան մրցակցության իսպառ բացակայության պայմաններում հերթական անգամ բռնազավթել իշխանությունը: Այո, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի մինչեւ քվեարկության օրը 400-600 հազար մարդու ձերբակալել, գուցեեւ հաջողություն ունենան, բայց դրա համար եղած ուժերը բավարար չեն․ գոյություն ունեցողին զուգահեռ, մի քանի տասնյակ Հակակոռուպցիոն կոմիտե է պետք ստեղծել, մի քանի տասնյակ Քննչական կոմիտե, մի քանի տասնյակ էլ՝ ԱԱԾ: Ընդ որում, եղածների կադրային բազան մեծացնելն արդյունավետ չի լինի, պետք է մի քանի տասնյակ առանձին կառույցներ, որ սրանք իրար մեջ մրցակցեն, թե ով ավելի շատ մարդ ձերբակալեց: Բոլոր պետական կառույցները կարելի է լուծարել եւ դրանց փոխարեն ստեղծել ԱԱԾ-ներ եւ Հակակոռուպցիոն կոմիտեներ` ամենաարդյունավետ աշխատող մարմինները գոյություն ունեցողների մեջ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր