«Հրապարակ». Փաշինյանը 2 տարի առաջ խոստացել է ճանապարհ կառուցել, որի աշխատանքները դեռ չեն էլ սկսվել

«Հրապարակ». Փաշինյանը 2 տարի առաջ խոստացել է ճանապարհ կառուցել, որի աշխատանքները դեռ չեն էլ սկսվել

Thu, 28 May 2026 12:15:15 +0400


Հայրենիքը սկսվում եւ ավարտվում է սահմանին։ Սահմանագոտու բնակավայրերը սահմանն են պահում, սահմանապահին թիկունք դառնում։ Պետությունը պետք է պահի, հոգատարությամբ շրջապատի սահմանամերձ գյուղերը։ Գյուղը պետք է հանրակրթական դպրոց ունենա, երեխաներ ծնվեն, մանկական ծիծաղով եւ խինդով լցնեն բնակավայրը, որ գյուղն ապրի։ Հայտնի է, որ առաջիկայում Հայաստանում 229 կամ 231 հանրակրթական դպրոց է փակվելու, կամ միավորվելու են այլ դպրոցների հետ։ Այդ դպրոցներից 55-ը սահմանամերձ գյուղերում են։ Որպես այդ որոշման հիմք՝ նշվում է ԿԳՄՍ նախարարության 2023 թ․ սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանը։

Այդ փակվող կամ միավորվող դպրոցներից 4-ը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում են՝ սահմանամերձ Բարեկամավանի եւ Ջուջեւանի միջնակարգ դպրոցները, Դեղձավանի ու Լճկաձորի հիմնական դպրոցները։ Բարեկամավանն ամենահեռավոր գյուղերից է, անտառապատ լեռների մեջ։ Գեղատեսիլ բնության մեջ հառնում է Հայաստանի պատմության եզակի հուշարձաններից մեկը՝ նախաքրիստոնեական դամբարան Բարձյալ խաչը։ Բարեկամավանի դիմաց ադրբեջանական մեծ գյուղեր են։ Գյուղից խորհրդային ժամանակ եւ հատկապես Հայաստանի անկախացումից հետո մեծ արտագաղթ է եղել։ Մարդիկ հեռացել են սահմանին հնչող կրակոցների, բայց ավելի շատ՝ աշխատանք, եկամուտ չունենալու պատճառով։ Բարեկամավանի բերրի հողերը, արոտավայրերի մեծ մասը գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ կամ դրանց նշանառության գոտում։ 1970-ական թվականների կեսին Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ուներ 330 աշակերտ, իսկ գյուղի 9-10-րդ դասարանցիները հաճախում էին հարեւան Կոթիի, Ոսկեվանի, շրջկենտրոն Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցները։ Արմատներով բարեկամավանցի երեխաները հիմա Նոյեմբերյան, Իջեւան, Երեւան քաղաքների դպրոցներում են սովորում։ Բարեկամավանցիների մեծ համայնք կա Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում։ Տարիներ առաջ, երբ մայիսի 9-ը նշելու համար Ստավրոպոլի օբյեկտներից մեկում բարեկամավանցիները հավաքվել են, ներկաներից մեկը նկատել է, որ այդտեղ ավելի շատ բարեկամավանցի կա, քան ՝ Բարեկամավան գյուղում։

Բարեկամավանի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը կյանքը նվիրել է հայրենի գյուղին ու դպրոցին։ Դպրոցն ու գյուղը խնդիրներ ունեն։ Բարեկամավանի դպրոցը, գյուղի տների նման, խմելու ջուր է ստանում շաբաթը մեկ անգամ, արտեզյան հորից մղվող այդ ջուրը որակյալ չէ։ Ազատյանն ասաց, որ վաղուց գիտի Բարեկամավանի դպրոցի փակվելու մասին, եւ հավելեց․ «Ինձ ամենաշատ մտահոգողը դպրոցիս աշակերտների փոքր թիվն է եւ այն, որ հաջորդ տարիներին աշակերտների մեծ համալրում չի սպասվում»: 2026-2027 ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցը կունենա 2 առաջին դասարանցի, եւ միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը կդառնա 13։ Ա․ Ազատյանը հայտնեց, որ այս տարի իրենց դպրոցը շրջանավարտներ չի ունեցել, Արցախից բռնագաղթած, Բարեկամավանի դպրոցում սովորող 2 շրջանավարտներից մեկը տեղափոխվել է Բերդավանի միջնակարգ դպրոց, մյուսն էլ ընտանիքի հետ ավելի վաղ տեղափոխվել էր Հրազդան։ Ասաց, որ 2 տարի առաջ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բարեկամավան-Դովեղ ճանապարհ է կառուցվելու, բարեկամավանցի աշակերտներն այդ ճանապարհով հաճախելու են Դովեղի նորակառույց դպրոց։ Սակայն Դովեղի դպրոցի նոր շենքի շինարարությունը տարիներով ձգձգվում է, իսկ անտառներով ձգվող Բարեկամավան-Դովեղ 9 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումն էլ հայտնի չէ, թե երբ կսկսվի։ Եթե սկսվի էլ, շինարարությունը մի քանի տարի կտեւի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վաղը ԿԸՀ-ն կքննի Դանիել Իոաննիսյանի հարցը

Վաղը ԿԸՀ-ն կքննի Դանիել Իոաննիսյանի հարցը Thu, 28 May 2026 17:45:02 +0400 Երեկ «Լուսավոր Հայաստան»…

10 րոպե ago

Կմիանան «ֆրանսիական միջուկային ամպհովանուն»

Կմիանան «ֆրանսիական միջուկային ամպհովանուն» Thu, 28 May 2026 17:30:19 +0400 Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեն…

25 րոպե ago

Ահազանգ՝ հրդեհի մասին

Ահազանգ՝ հրդեհի մասին Thu, 28 May 2026 17:22:40 +0400 Մայիսի 27-ին՝ ժամը 16:12-ին, Շիրակի մարզային…

32 րոպե ago

Տոնական օրվա մտորումներ՝ Հայկական պետականության պատմության մասին

Տոնական օրվա մտորումներ՝ Հայկական պետականության պատմության մասին Thu, 28 May 2026 17:15:47 +0400 Մայիսքսանության տոնական…

39 րոպե ago

Ղազախստանը և Ռուսաստանն ատոմակայան կկառուցեն

Ղազախստանը և Ռուսաստանն ատոմակայան կկառուցեն Thu, 28 May 2026 17:00:56 +0400 Ղազախստանը և Ռուսաստանը ստորագրել…

54 րոպե ago

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞ Thu, 28 May…

1 ժամ ago