Երկիր մոլորակի պտույտը դանդաղել է․ գիտնականներ
Fri, 29 May 2026 23:00:58 +0400

Երկիր մոլորակի պտույտը սկսել է դանդաղել։ Ընդ որում, դանդաղման տեմպը կարելի է համարել եզակի՝ վերջին 3,6 միլիոն տարվա համար։ Այս մասին հայտնում է BBC Science Focus-ը, վկայակոչելով Շվեյցարիայի՝ Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի եւ Վիեննայի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությունները։ «Արագությունը, որով մեր օրերը դառնում են ավելի երկար, ներկայումս համարվում են մեր մոլորակի երկրաբանական պատմության մեջ աննախադեպ՝ վերջին 3,6 միլիոն տարվա համար»,- ասված է հրապարակման մեջ։
Գիտնականները նշել են, որ նման եզրահանգման հանգելու համար նրանք ուսումնասիրել են միաբջիջ ծովային օրգանիզմների խեցիները։ Օվկիանոսի հատակին պահպանված այդ մնացորդների քիմիական բաղադրությունը թույլ է տալիս հաշվարկել ծովի մակարդակի տատանումները վաղ անցյալում եւ դրա հիման վրա էլ՝ հաշվել մեր մոլորակի պտույտի արագությունը՝ տարբեր երկրաբանական ժամանակաշրջաններում։ Հիմնական պատճառը, ըստ գիտնականների, կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ բեւեռային սառույցների հալոցքն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր