Կրկին փորձի՛ր…

Կրկին փորձի՛ր…

Sat, 30 May 2026 19:45:34 +0400


Ենթադրում եմ, որ հանրայինով Ռոբերտ Քոչարյանի հետ Պետրոսի նախորդ օրվա հարցազրույցի առումով արձանագրվել են ռեկորդային թվով դիտումներ: Միաժամանակ պարզ էր, որ ՀՀ երկրորդ նախագահին Պետրոսը չէր ուղղելու նախընտրական, այսինքն՝ ծրագրային հարցեր: Եվ, ըստ այդմ, ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է այդ հարցերի տակից դուրս գալու Քոչարյանը: Որովհետև գործող իշխանությանն ընդդիմադիր լինելով՝ 2008-ի մարտի 1-ի կեսօրից մինչև հաջորդ օրվա գիշերային առաջին ժամերն անց եմ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ու դրան հարակից այգու տարածքում:

Իսկ մարտի 21-ին (թե՞ 22-ին) էլ դարձել եմ Հանրապետության հրապարակից մինչև Մյասնիկյանի արձան ձգվող կենդանի շղթայի մեկ օղակը: Իսկ 2021-ին էլ, բնականաբար, ընտրել եմ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը: Որովհետև կրթված ու գիտակից, ինչպես նաև հայրենասեր մարդն այդ օրերին պետք է որ լիներ հենց այդ տեղերում: Ու 13 տարի անց կատարեր հենց այդպիսի ընտրություն: Որովհետև որպես կրթված ու գիտակից մեկը՝ այդ օրերին մարդ պետք է լիներ ընդդիմության շարքերում: Իսկ որպես հայրենասեր՝ նույն այդ մարդը 2021-ին պետք է մերժեր Նիկոլին:

Վերադառնանք Ռոբերտ Քոչարյան vs Ղազարյան Պետրոս հարցազրույցին: Նախօրոք տեղյակ լինելով հարցազրույցի մասին՝ մտածում էի, որ Պետրոսը իր ողջ էներգիան ծախսելու էր հենց մարտի 1-ի վրա: Բայց, ի զարմանս ինձ, սկսեց ընտրություններից, տնտեսության ստվերից, դպրոցներից և այլն: Իհարկե, դրանք նիկոլականների համար առաջնային են, սակայն նման բնույթի հարցերով չես կարող խեղճացնել երկրորդ նախագահին: Իսկ Պետրոսն ուներ հենց այդպիսի հանձնարարություն: Որովհետև հենց նրա օրոք սկսվեցին լուծվել այդ բոլոր խնդիրները: Քվեատուփ գողանալն էլ աստիճնաբար իր տեղը սկսեց քվեարթիկների լցոնումներին, որոնց հետո փոխարինեց ընտրողի ձայն գնելը:

Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ ամենի միջով այս կամ այն չափով անցել են բոլոր այն երկրները, որ այսօր ժողովրդավարության օրինակ են ծառայում մեզ նման երկրների համար: Անգլիախոս երկրներում, օրինակ, երկու-երեք հարյուր տարի առաջ գնվում էր ոչ միայն ընտրողը, այլև տեղերում (առնվազն) ոստիկանապետի կամ դատավորի պաշտոնը: Իմիջիայլոց, շուրջ երկու տասնամյակ մարտի 1-ի 10 զոհը դրոշ սարքած ու նաև դրա շնորհիվ վարչապետ կարգված ու հետո էլ այդ պաշտոնը պահպանած Նիկոլի «խոսնակը» չծանրացավ այդ թեմայի վրա: Ինչի համար, ենթադրաբար, այսօր-վաղը համապատասխան վերաբերմունքի կարժանանա Նիկոլի կողմից:

Պետրոսը թույլ էր այն պահերին, երբ վիճակագրական տվյալներով զինված՝ 2-րդ նախագահին հարցեր էր ուղղում դպրոցների կամ ուսուցիչների քանակի մասին և այլն: Պարզ է, որ երկրի նախագահը կարող էր նաև չհիշել (չնայած որոշ բաներ լավ էլ հիշում էր) նման մանրամասնություններ: Նման դեպքերում ազնիվ կլիներ, եթե իր ընդդիմախոսին (երեկվանն իրականում ոչ թե նորմալ հարցազրույց էր, այլ տիպիկ ընդդիմախոսություն) նախապես հայտներ քննարկվելիք հարցերի շրջանակը: Բայց դե, ազնվությունն ու արդարությունն ո՜ւր, այս իշխանությունն ո՜ւր, որ նրա ներկայացուցիչն էլ ազնիվ վարք ցուցաբերեր:

Իմ խնդիրն էլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ու Պետրոսի միջև ընթացող բանավեճը ներկայացնելն էր, այլ դրան գնահատական տալը: Առանց անդրադառնալու հիմնական՝ արցախյան, ՀԱՊԿ-ի թեմաներով հատվածներին, ասեմ, որ նիկոլականների համար, ենթադրաբար, Պետրոսը հաղթել է Հայաստանի երկրորդ նախագահին՝ չնայած հանդիպելու պահին նրա առաջ խոնարհվելուն: Իմ կարծիքով, Պետրոսը չհասավ նրան, ինչին նրան պատրաստել էին: Ինչը նորմալ է, քանի որ հաշվի առնելով իշխանության մեջ գտնվողների ինքնասիրահարված լինելը՝ նրանք ավելի լուրջ մակարդակի բանավեճի պատրաստ լինել ուղղակի չէին կարող: Ուր մնաց, որ փորձեին շահել այն: Սա այն դեպքն է, երբ կարող եմ, որպես Պետրոսից 15,75 տարով ավելի մեծ, նրան խորհուրդ տալ՝ կրկին փորձի՛ր…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ 100 տարի առաջ Եվրոպայում կանանց արգելված էր ընտրություններին մասնակցել

«Հրապարակ»․ 100 տարի առաջ Եվրոպայում կանանց արգելված էր ընտրություններին մասնակցել Sat, 04 Jul 2026 10:45:39 …