Գարեգին Բ-ի հայրապետական ուղերձը

Գարեգին Բ-ի հայրապետական ուղերձը

Sat, 30 May 2026 21:07:54 +0400


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, հոգևոր դասին, թեմական, ծխական և վարչական խորհուրդների հարգարժան անդամներին ու հավատավոր զավակներին՝ Արագածոտնի Տիրախնամ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։

Ուրախությամբ ենք անդրադառնում, որ անցած երեք տասնամյակներում թեմը բարեզարդվել է համայնքային կյանքի աշխուժացմամբ, եկեղեցաշինությամբ, սրբավայրերի նորոգությամբ։ Գովելի է, որ եկեղեցականների և նրանց լծակից աշխարհականների միասնական ջանքերով առավել աշխուժացել են թեմի հոգևոր, կրթական և ազգային նախաձեռնությունները, զորացել է ժողովրդի կապը Սուրբ Եկեղեցու հետ, նոր շունչ է ստացել վանական կենցաղավարությունը։

Անցած երեսուն տարիների ընթացքում նաև նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդական միությունների եռանդուն գործունեության, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին զորակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Թեմի եկեղեցիները՝ որպես աղոթքի, համախմբման, Տիրոջ շնորհների բաշխման նվիրական սրբատեղիներ, շարունակում են զորացնել մեր ժողովրդի հավատը և նորոգել նրա հոգևոր կյանքը։
Սիրելիներ, Արագածոտնի թեմը, հիրավի, առանձնահատուկ խորհուրդ և կոչում ունի մեր Եկեղեցու և ժողովրդի կյանքում։ Այս օրհնյալ թեմի տարածքում է ամփոփված մեծագույն վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, որի Տերունապարգև առաքելությունը հայոց գրերի գյուտով դարձավ մեր ազգի հավատի և ինքնության ամրոցը, մեր հարատևության անխորտակելի ամուր վեմը։

Գոհունակ սրտով փառաբանում ենք Ամենակալ Աստծուն, որ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին և անխախտ են պահում իրենց հավատարմությունը եկեղեցական կարգաց ու կանոնաց և Աստվածակերտ Սուրբ Էջմիածնին։

Սիրելիներ, Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակի բարեպատեհ առիթով վերստին Հայրապետական Մեր բարձր գնահատանքն ենք բերում թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ծառայասեր հոգևորականներին և պատվարժան վարչականներին, հայրական Մեր սերը՝ հավատավոր բարեպաշտ հայորդիներին։

Աղոթում ենք, որ Բարերար Աստված Իր ամենազոր Աջով շեն ու անսասան պահի Արագածոտնի թեմը, նրա սրբավայրերը, քաջարի հովիվներին և աստվածասեր ժողովրդին՝ առավել զորացնելով հավատի, հույսի և սիրո մեջ։
Թող այս երեսնամյա վաստակը մշտանորոգ հաջողություններով պսակվի, և թեմի արդյունաշատ գործունեությունը կենդանի վկայություն լինի Հայ Եկեղեցու անսպառ կենսունակության, ազգապահպան առաքելության ու հոգևոր արթնության։

«Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէսզի տեսցեն զգործս ձեր բարիս և փառաւորեսցեն զՀայր ձեր, որ յերկինս է» (Մատթ. Ե 16)։
Թող Տիրոջ առատ շնորհները մշտապես հովանի լինեն Արագածոտնի թեմին և նրա հավատավոր զավակներին այսօր և միշտ. ամեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ով մտածում է, որ կարող է Նիկոլի հետ լեզու գտնել, թող հիշի Մասիս Մելքոնյանին

«Հրապարակ». Ով մտածում է, որ կարող է Նիկոլի հետ լեզու գտնել, թող հիշի Մասիս Մելքոնյանին…

13 րոպե ago

Ընդդիմությունն ընդմիջումներ է վերցնում. Փաշինյանը ԱԺ-ում սպասում է նիստի սկսվելուն

Ընդդիմությունն ընդմիջումներ է վերցնում. Փաշինյանը ԱԺ-ում սպասում է նիստի սկսվելուն Wed, 18 Nov 2026 11:09:36…

19 րոպե ago

Թուրքիան պատրաստ է մասնակցել Գազայի վերականգնմանը

Թուրքիան պատրաստ է մասնակցել Գազայի վերականգնմանը Wed, 18 Nov 2026 11:01:28 +0400 Թուրքիայի շրջակա միջավայրի,…

27 րոպե ago

Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» ընդմիջում վերցրեց

Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» ընդմիջում վերցրեց Wed, 18 Nov 2026 11:00:42 +0400 Latest news from Հրապարակ…

28 րոպե ago

Կլաուդիո Գուջերոտին մտահոգություն է հայտնել Գարեգին Բ-ի դեմ վերջին գործողությունների առնչությամբ

Կլաուդիո Գուջերոտին մտահոգություն է հայտնել Գարեգին Բ-ի դեմ վերջին գործողությունների առնչությամբ Wed, 18 Nov 2026…

34 րոպե ago

«Հրապարակ». Ո՞նց կարող էր Ժիրայր Լիպարիտյանը դառնալ նիկոլիզմի գաղափարների տարածողը

«Հրապարակ». Ո՞նց կարող էր Ժիրայր Լիպարիտյանը դառնալ նիկոլիզմի գաղափարների տարածողը Wed, 18 Nov 2026 10:45:51…

43 րոպե ago