Սևակ Միքայելյան, Դուք անձամբ երաշխավորու՞մ եք
Sun, 31 May 2026 13:15:34 +0400

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանն ամեն օր շրջում է Հրազդանի տարբեր թաղամասերով, ՔՊ-ի համար ձայն է խնդրում: Իր պաշտոնավարման օրոք կատարած աշխատանքները՝ ասֆալտն ու բորդյուրն է փիառում, որ հրազդանցին ընտրի Արցախը հանձնած, 3 պատերազմ բերած, այժմ էլ՝ խաղաղության կեղծ թեզը շրջանառող Նիկոլ Փաշինյանին:
Հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը խոսում է Փաշինյանի բերած խաղաղության մասին եւ խնդրում է, որ ձայն տան համար 16-ին, իսկ ընդդիմադիրներին անվանում է նախկին իշխանության կցորդներ, կարծես իր հայրը նախկինների ժամանակ չի իր հարստությունը կուտակել. «Ընդդիմադիրները նախկին իշխանության կցորդներն են, փորձում են վերակենդանանալ: Քննադատում են մեզ, որ մենք դպրոց ենք կառուցում, մանկապարտեզ ենք կառուցում, ճանապարհներ ենք կառուցում՝ քննադատում են, բանակը ժամանակակից զինտեխնիկայով ապահովված է՝ քննադատում են, ու խոստումներ են տալիս: Իրենց գերնպատակն է Հայաստանը դարձնել՝ գուբերնիա ու խոսում են հայրենասիրությունից: Այսօր բանակը նոր զինտեխնիկայով է համալրվում, մեր զինվորները դիրքերում ավելի անվտանգ են»,- ասում է նա:
Գրեթե բոլոր բակային հանդիպումների ժամանակ էլ նույն տեքստն է կրկնում: Քաղաքապետի ցանկացած ելույթի տեսանյութի տակ, կապ չունի, թե ինչ կասի, բնականաբար, համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ -ների աշխատակիցները սրտիկներ են դնում և լայքում, այլապես գործից կազատեն:
Իհարկե, այս իրավիճակը ոչ միայն Հրազդանում է, այլ՝ Հայաստանի տարբեր քաղաքներում: Քաղաքապետի ելույթի տակ սրտիկ դնողների ու լայքողների 90 %-ին ճանաչում եմ և ըմբռնումով եմ մոտենում, քանի որ ինքս Հրազդան քաղաքից եմ:
2 պարզ հարց էի ուղղել քաղաքապետ Սևակ Միքայելյանին, և ակնկալում էի, որ հարցերիս կպատասխանի: Քանի որ հարցերս մնացին անպատասխան՝ որոշեցի հրապարակել դրանք:
Պարոն Միքայելյան մի 5 րոպե դադարեք լինել ՔՊ-ական, սթափ մտքով կարդացեք հարցերը: Դուք ասում եք. Հրազդանցիներ ջան, մենք խաղաղություն ենք բերել, տեր կանգնեք այդ խաղաղությանը: Հայ ժողովուրդը ո՞ր խաղաղությանը տեր կանգնի՝ օդում կախված խաղաղությանը՝ որը ՔՊ- ի վերընտրվելուց հետո կպայթի կա՛մ պատերազմով, կա՛մ 300,000 ադրբեջանցիների` Հայաստան ժամանելով, իսկ ամենավատագույնը՝ Հայաստանը կդառնա Թուրքիայի վիլայեթ, թե՞ այն խաղաղությանը, որը առաջին հերթին ենթադրում էր Բաքվի բանտերից մեր գերիների ազատ արձակում և Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Անձամբ Դուք երաշխավորո՞ւմ եք, որ հրազդանցին ընտրի ՔՊ-ին, կունենա հարատև խաղաղություն:
Եվ քանի որ քաղաքապետը խոսում էր բանակից եւ անվտանգությունից, հարց` արդյո՞ք անվտանգ են Հայաստանի սահմաները, կարո՞ղ եք հստակ կանգնել և ասել. Սիրելի հրազդանցիների, մեր սահմանները շատ անվտանգ են, հանգիստ եղեք, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեր սահմանը հատել: Իսկ հազարավոր ադրբեջանցիների` Հայաստանում վերաբնակեցումից հետո Դուք, և Ձեզ լայքեր ու սրտիկներ դնողները հանգի՞ստ քնելու են:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր