Փաստեր «ստուգողի» հերթական կեղծիքը
Sun, 31 May 2026 19:15:40 +0400

Ֆեյսբուքը հազարից մեկ լուրերի հոսքում ինձ «նվիրում» է «իքմ»-ի հերթական գովազդային հոլովակը լսելու «երջանկությունը»: Սովորաբար (±) 2 րոպե տևողությամբ գովազդից լսում եմ ընդամենը 10-15 վայրկյան: Դա բավարար է, որպեսզի պատկերացում կազմեմ մանիպուլյացիոն բովանդակության մասին ու անցնեմ առաջ:
Դե, իսկ մանիպուլյացիոն բովանդակություն լսելու ցանկություն բացարձակ չունեմ: Բացի դրանից, այնպիսի բան չի ասվում, որ նորություն լինի ու ստիպի լսել: Ասենք, եռակի պատերազմում խայտառակ պարտություն կրած անձի քաղացիական կնոջ (թե՞ այլևս ընկերուհու, քանի որ հայտարարվել էր բաժանման, սակայն ձայն չկա կրկին միանալու մասին՝ թեև դա փաստագրվել է)՝ Հակոբյան Աննայի, տնօրինած հիմնադրամի ոչ թե նախընտրական ապօրինի բարեգործության, այլ, ինչն ավելի հետաքրքրիր է, օրինավորության առումով խիստ կասկածելի եկամուտների մասին:
Բայց այս անգամ որոշեցի լսել: Ու հերթական անգամ լսեցի, որ Ռուսաստանը Հայաստանում իրականացնում է նախընտրական հիբրիդային հարձակում: Ընդ որում, «իքմ»-ն ներկայացնում է փաստը՝ լրացնելով այն, բնականաբար, մտացածին մեկնաբանությամբ: Օրինակ, խոսում է Հայաստան ռուսական անձնագրերով ադրբեջանցիների այցի մասին ու հավելում, որ դա ռուսական սադրանք է, որպեսզի մարդկանց մեջ ներարկվի անվստահություն այսօրվա, վաղվա օրվա առումով: Անվստահություն գործող իշխանության նկատմամբ, կարծես թե այն ունի ինչ-որ վստահություն ընդհանրապես:
Իրականությունն այն է, որ «ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով Երևան մուտք գործելու» մասին Իլհամի ելույթից հետո արդեն մի քանի նման դեպք է գրանցվել: Ինչն իշխանության կողմից ներկայացվել է որպես մեր երկրների միջև հաստատված խաղաղության դրսևորում: Բայց քանի որ ուղեղ ունեցող մարդիկ կասկած հայտնեցին թե՛ նման այցեր թույլ տալու և թե՛ դա քարոզչական նպատակով օգտագործելու առումով, «իքմ»-ն որոշեց վերափոխել այցի մեկնաբանությունը: Ու դա ներկայացրեց որպես ռուսական կողմից կազմակերպված հիբրիդային հարձակման դրսևորում: Նույնն էլ ԱԱԾ-ի դարբասի վրա «մոլոտովի կոկտեյլ» նետելու դրվագը, ինչի մասին, եթե չեմ սխալվում, պաշտոնապես ասվեց, որ պայմանավորված է եղել անձնական խնդիրներով:
Այդ տեսանյութի վերաբերյալ բերեմ ֆեսբուքյան ադեկվատ օգտատերերից մեկի կարծիքը: «Ողջ տեսանյութը հիմնված է բացառապես ենթադրությունների, կարծիքների և վարկածների վրա, զուրկ է փաստական հիմնավորումներից, բայց վստահ ձայնով ներկակացվում է որպես ռուսաստանյան հիբրիդային գործիք»: Այո, դա հենց դասական մանիպուլյացիա է, որը ֆինանսավորվում է գոյություն չունեցող՝ ռուսական սպառնալիքի դեմ պայքարի եվրոպական դրամաշնորհով:
Եվրամիությանն անհրաժեշտ է, որպեսզի հունիսի 7-ին Նիկոլը վերարտադրվի, և հանուն դրա ինքը կարող էր հանգիստ ջուրը գցել 12 միլիոն եվրոն: Հատկապես որ հսկայական գումարներ է ծախսում ռուսական, կրկին գոյություն չունեցող, սպառնալիքը չեզոքացնելու նպատակով: Խոսքը Ուկրաինային հատկացվող տասնյակ միլիարդավոր գումարների մասին է: Իբրև թե հանուն Եվրամիության երկրների անվտանգության, չնայած Ռուսաստանը բացարձակ կարիք չունի դիմելու նման արկածախնդրության:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի ասելով, ծրագիրը մոդելավորվել է Մոլդովայի փորձի հիման վրա։ Այսինքն, բացարձակ ապօրինի և հակաժողովրդավարական գործիքների օգտագործման վրա: Ինչի մասին բազմիցս գրվել է «Հրապարակ»-ի էջերում: Դա, ըստ նշված տիկնոջ, միտված է իբրև թե ապատեղեկատվության կանխարգելմանը և կիբեռանվտանգության ամրապնդմանը։ Իրականում, այդ ֆինանսավորման շնորհիվ գեներացվում է հենց ապատեղեկատվություն: Ինչպես նաև կիբեռանվտանգության սպառնալիք սեփական, իբրև թե սիրելի, ժողովրդի նկատմամբ:
Ի դեպ, լրտեսության մեղադրանքով Վրաստանում կալանավորվել է «Կովկասի մարդու իրավունքների ինստիտուտի» հիմնադիր ու ղեկավար, լրագրող Իրակլի Չիխլաձեն։ Իսկ լրտեսության մեղադրանքով կալանավորված առաջին ՀԿ-ականը «Եվրասիա ինստիտուտի» հիմնադիր Գուլբաաթ Ռցխիլաձեն էր: Ինչպես երևում է, Վրաստանի անվտանգության ծառայությունն աստիճանաբար երկիրը մաքրում է արևմտյան գրանտների շահառուներից:
Տարոսը մեզ..․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր