Տուգանքի մատերիալի վերածված երևանցիներն ու մայրաքաղաքի համատարած էկոցիդը
Sun, 31 May 2026 21:15:51 +0400

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին կրկնակի, եռակի, քառակի բարձրացել են շատ հարկեր, սահմանվել են բարձր տուգանքներ։ Իշխանություն, որը եկավ հանրության հարկային բեռը թոթափելու, անհեթեթ տուգանքներից մարդկանց ազատելու խոստումներով, արեց ճիշտ հակառակը։
Գույքահարկը, կարմիր գծերի վճարն ու մի շարք այլ վճարներ թանկացրած իշխանությունը չի բավարարվում այդքանով, քաղաքացիներին տուգանքների ու հարկայի ծանր բեռի տակ մտցնելու նոր պատուհաններ է փնտրում, հենց այս տրամաբանության մեջ էլ, շարունակում են քաղաքի տարբեր վայրերում տեսախցիկներ շարվել, ինչը նորանոր տուգանքներ նշանակելու հնարավորություն է տալիս իշխանություններին և բարդացնում վարորդների կյանքը։ Վերջերս մի նոր տեսախցիկ է հայտնվել մայրաքաղաքի սրտում, Կասկադից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, մի փոքրիկ փողոցի վրա, որտեղ երթևեկությունը միակողմանի է դարձվել։
Երթևեկության այդ փոփոխությունից անտեղյակ վարորդները շատ օպերատիվ ստանում են այդ հատվածում խախտումների տուգանքների մասին ծանուցումներ։
Բայց մեկ այլ բանի մասին եմ ուզում այսօր խոսել.
«Հրապարակի» տեսախցիկն այս հատվածում մեկ այլ բան է ֆիքսել. վարորդներին անխնա տուգանող տեսախցիկի «աչքի»առաջ կատարվել է հանցագործություն, հետաքրքիր է նույն օպերատիվությամբ տեսախցիկների օգնությամբ բացահայտվելու՞ է դեպքը, թե՞ ոչ։ Ինչ֊որ մեկը փորձել է հրկիզել հաստաբուն, առողջ ծառը։
Նկարներում պարզ երևում է, թե՛ ծառի այրված մասը, թե՛ ծառաբնի փնթի շրջակայքը և սա Կենտրոն համայնքում է` Կասկադից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա` Զարոբյան փողոցում: Քաղաքի այս հատվածով օրական հազարավոր մարդիկ են անցնում, այդ թվում զբոսաշրջիկներ, որոնք սիրում են քայլել քաղաքների ոչ թե գլխավոր, այլ կոլորիտային փոքրիկ փողոցներով և պատկերացում կազմել տվյալ երկրի մասին նաև երկրորդական փողոցներով, դրանց կոկիկությամբ։
Նկարներից պարզ երևում է նաև, որ այս հատվածն օրերով չի մաքրվում։
Այս տեսախցիկի առջև այրված ծառաբնի, դրա փնթի շրջակայքի պատկերներից հետո Երևանի կանաչ տարածքների, ծառերի, շրջակա միջավայրի կարևորության մասին տարբեր պաշտոնյաների ճամարտակություններն ինքներդ գնահատեք, թե ինչ են, սիրելի ընթերցող։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր