Բնապահպանները փոխանակ ծառ կտրելուց խոսեն, ընտրություններից են խոսում
Mon, 01 Jun 2026 23:15:56 +0400

Հայաստանում վերջին տարիներին ծառերի դաժան սպանդ է տեղի ունենում, ընդ որում` ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում, սակայն Հայաստանի բնապահպանների մեծ մասը լռում է: Արդեն Ամուլսարի հանքն են շուտով շահագործելու, նորից լռություն է:
Նախկինում խոսում էին մթնոլորտային աղտոտումից, էկոլոգիական խնդիրներից, պոչամբարներից, գետերի անհարկի շահագործումից, Սեւանի խնդիրներից եւ այլն:
Այժմ լավագույն դեպքում ֆեյսբուքում մեկ-երկու գրառում են անում և իրենց առաքելությունը համարում ավարտված: Հայաստանում վերջին տարիներին բնապահպանները սկսել են զբաղվել ավելի շատ քաղաքականությամբ, քան՝ բնապահպանական խնդիրներով: Նրանք ժամանակին գրանտներ էին ստանում դրսից, հիմա չեն ստանում, կամ քիչ են ստանում` դա է լռության պատճառը: Բայց հետաքրքիր է, թե ով է նրանց ֆինանսավորում, որ խոսում են քաղաքականությունից, հակառուսական հայտարարություններ են անում, աջակցում Փաշինյանի իշխանությանը:
Մեր ուշադրությունը գրավեց այն, որ վաղը Մեդիա կենտրոնում տեղի է ունենալու քննարկում՝ «Ընտրողների վրա ազդեցության ռիսկերը համայնքներում» թեմայով, և որքան էլ զարմանալի թվա` բանախոսները քաղաքական գործիչներ եւ դիտորդներ չեն, ոչ էլ քաղաքագետներ կամ սոցիոլոգներ, այլ բնապահպաններ են:
Բանախոսներն են` Օլեգ Դուլգարյանը, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր, բնապահպան իրավապաշտպան,
Շավարշ Մարգարյանը, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր,
Վարդուհի Անանյանը, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման ներկայացուցիչ։
Քննարկման անոնսում գրված է. ««Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման անդամների նախընտրական շրջանում համայնքային մշտադիտարկման արդյունքները վկայում են մի շարք ռիսկերի մասին, այն է՝ կեղծ նարատիվներ, ապատեղեկատվություն, բարոյահոգեբանական ճնշման դրսևորումներ և վախեր, ընտրակաշառքի և նյութական աջակցության խոստումների վերաբերյալ ահազանգեր, ընտրողների տվյալների հավաքագրում և ցուցակագրման փորձեր, գործատուների և տնտեսական կախվածությունների միջոցով հնարավոր ճնշումներ, վարչական ռեսուրսի և տեղական իշխանական ազդեցության կիրառման ռիսկեր, հավաքների և քաղաքական հանդիպումների մասնակցության ուղղորդման դեպքեր»։
Ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանին հարցրեցինք` իր կարծիքով ինչո՞ւ են Հայաստանի բնապահպանները վերջին տարիներին վերածվել քաղաքական գործիչների, փոխանակ զբաղվեն բնապահպանական հարցերով, ծառերի սպանդի թեմայով, ընտրությունների վերաբերյալ քննարկումների են մասնակցում:
Իշխանյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Պարադոքս է, բնապահպանները փոխանակ ծառ կտրելուց խոսեն, ընտրություններից են խոսում: Երևանում այսքան ծառեր են կտրում, ինչքանով ես գիտեմ` բնապահպանների խնդիրը պետք է լիներ շրջակա միջավայրի պահպանումը և այլն: Համատարած ծառեր են կտրում, պուրակներ են ոչնչացվում, Հայաստանի օդը ախտոտված է ու վտանգավոր, շնչել չի լինում: Որպես օրինակ կարող ենք նաև նշել Արցախի հանձնումը, ի վերջո, Լաչինի միջանցքը փակել էին բնապահպանական թեմայի շրջանակներում, իբրև բնապահպաններ: Հայաստանի բնապահպանները կարող էին իրենց մասնագիտական կարծիքը հայտնել այդ ժամանակ, այլ ոչ թե ընտրությունների մասին խոսեն: «Մեդիա կենտրոն»-ը այս շրջանում օգտագործվում է հայերիս դեմ` հիբրիդային պատերազմի շրջանակներում: Նրանք օժանդակում են, որպեսզի սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր