Երեքշաբթի , 23 Հունիսի 2026

«Նախկինի պես խաբելու ենք Ռուսաստանին»․ Զատուլինը՝ ՀՀ իշխանությունների մասին

«Նախկինի պես խաբելու ենք Ռուսաստանին»․ Զատուլինը՝ ՀՀ իշխանությունների մասին

Tue, 02 Jun 2026 19:00:43 +0400


Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները, առայժմ, նախազգուշական քայլեր են, որոնք արդեն հասցրել են անդրադառնալ Հայաստանի քաղաքացիների վրա։ Սակայն պաշտոնական Երևանը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում, և ամեն ինչ շարունակվելու է նախկին պես նաև խորհրդարանական ընտրություններից հետո։

Այս մասին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վիճակի վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելիս՝ շեշտել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ բացելով ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» արտակարգ նիստը:

Այսօր Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու համալիրի տարածքում անցկացվում է Լազարյան ակումբի արտահերթ նիստի «Ռուսաստան և Հայաստան. միասին, թե առանձին» թեմայով քննարկումը, հայտնում է Սպուտնիկ-ը։

Արտահերթ նիստ հրավիրելու առիթ է հանդիսացել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Երևանի և Մոսկվայի հարաբերություններում առկա լարվածությունը:

«Մենք՝ անձամբ ես, շատ ենք ցավում, որ այդ միջոցները, սահմանափակումները, խնդիրները, ամենայն հավանականությամբ, առնչվում են Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի բնակչությանը։ Բայց կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այդ քաղաքական գիծը ընտրությունների արդյունքում հաստատվի։ Դա ակնհայտ է։ Եվ հենց այս պահին, երբ Ռուսաստանը նախազգուշական քայլեր է անում, այդ թվում՝ տնտեսական, այդ նույն ժամանակ պարոն Փաշինյանի կողմնակիցները և նա ինքը հայտարարում է, թե «ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, հունիսի 7-ից հետո կգա 8-ը, 9-ը, 10-ը, և ամեն ինչ նախկինի պես կլինի»»,-նշել է Զատուլինը։

Այնինչ, հայաստանյան իշխանությունների հայտարարությունների համատեքստում «նախկինի պես»-ը, ռուսաստանցի քաղաքական գործչի կարծիքով, նշանակում է «նախկինի պես խաբելու ենք Ռուսաստանին», «նախկինի պես ավելի ընդառաջ ենք շարժվելու դեպի Ռուսաստանի թշնամիները», իսկ Ռուսաստանը պետք է «հանդուրժի և ԵԱՏՄ իր գործընկերների հետ ընդառաջ գնա Հայաստանին բոլոր հարցերում»։ Ըստ Զատուլինի՝ Հայաստանը նման քայլերի է դիմում հանուն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի «մոտակայքում» հայտնվելու պատրանքային հեռանկարի։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանինն է, այլև Ռուսաստանինը, որը պետք է շտկի իր քաղաքականությունը Կովկասում, և արդեն քայլեր է ձեռնարկում իրավիճակի վրա ազդելու համար:

«Անշուշտ, ռուս-հայկական հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանին է, այլև Ռուսաստանինը։ Ռուսաստանը պետք է հետևություններ անի Կովկասում իր քաղաքականության վերաբերյալ, և նա այդ հետևությունները, ինչպես տեսնում ենք, անում է։ Ռուսաստանիկողմից զգուշացումներ են հնչել», – ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։

Նրա խոսքով՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Հայաստանում իրավիճակը խորանում է և գոյաբանական բնույթ է ստանում։ Ընդ որում, խոսքը ոչ միայն առևտրի, տնտեսության միջպետական հարաբերություններում առկա իրավիճակի, այլև ժողովուրդների միջև հարաբերությունների ճակատագրի մասին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՌԴ-ից կախվածությունը նվազեցնում ենք, Ադրբեջանից` ավելացնում

«Հրապարակ». ՌԴ-ից կախվածությունը նվազեցնում ենք, Ադրբեջանից` ավելացնում Tue, 23 Jun 2026 09:45:28 +0400 Հայաստանի «Տելեկոմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով