Ես ձերբակալվել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ. դիմում Անահիտ Մանասյանին
Tue, 02 Jun 2026 19:52:43 +0400

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա.ՄԱՆԱՍՅԱՆԻՆ
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի թիվ 10 խցի կալանավոր, քաղաքացի Արտուր Արկադիի Օսիպյանից։
Ծանուցման հասցե` ՀՀ ք.Երևան, Մանթաշյան 41, տարածք 406
Դ Ի Մ ՈՒ Մ
Հարգելի´ տիկին Մանասյան,
Հայտնում եմ Ձեզ, որ ես ձերբակալվել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ. խոսքի ազատության և իմ քաղաքացիական դժգոհությունն արտահայտելու համար։ Խնդրում եմ քննարկել խախտված իրավունքներս ու համեմատել իմ հրապարակումները բաց տեղեկատվական տարածքում նմանատիպ հրապարակումների հետ։
Ես ստիպված եմ կապ հաստատել Ձեզ հետ, քանի որ իմ ձերբակալման և նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահելու հետ կապված իրավիճակը զգալի ռիսկեր է պարունակում իմ կյանքի համար։ Մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանի ընտրարշավից ինձ բերման ենթարկելուն զուգահեռ, վարչապետն ուղիղ տեքստով հայտարարեց իր դժգոհությունը այն փաստի կապակցությամբ, որ ես կենդանի եմ մնացել և դեռևս չեմ լքել Հայաստանը։ Ավելին, նա հրապարակավ սպառնաց վարվել ինձ հետ այնպես, որ մարմնիս ամենամեծ մասը մնա ականջս։
Այսօր ես գրեթե 15 օր գտնվում եմ հացադուլում, և հացադուլիս պատճառներից մեկն այն է, որ հայտնվել եմ իրեն ենթակա մարմնի վերահսկողության ներքո, ուստի հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այստեղ ինձ թունավորեն։ Հարկ է նշել, որ հնչեցված սպառնալիքներից հետո և նրա աջակիցների կողմից իմ դեմ ուժի կիրառման (ֆիքսված է տարբեր լրատվամիջոցների տեսանյութերում) և անվայել վերաբերմունքի արդյունքում (նրանք վերցրել են իմ հեռախոսը ու ջնջել ֆեյսբուքյան էջս) ոչ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, ինչը ևս վկայում է իմ նկատմամբ քաղաքական բռնության մասին։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որևէ կապ չունեմ Հայաստանի որևէ ազդեցիկ քաղաքական ուժի հետ, ըստ էության՝ ես գործնականում ոչ մի աջակցություն չունեմ։ Ինձ արտաքին ուժերի (մասնավորապես՝ Ռուսաստանի) գործակալ բնութագրելու ցանկացած փորձ անտեղի է։ Իմ հայացքներն արձանագրված են բազմաթիվ հոդվածներում, տեսանյութերում, մի շարք լրատվամիջոցներում, կայքէջերում։ ՌԴ-ում ես հանդիսանում եմ ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ, և իմ մուտքը սահմանափակված է՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի անօրինականության դեմ իմ պայքարի պատճառով։
Ես արդարության վերականգնումն իմ նկատմամբ կապում եմ հայ հանրության գիտակից մասի և արևմտյան ինստիտուտների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանի ժողովրդավարությամբ։ Հուսով եմ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես կարող է ընկալել իրավապահ մարմինների կողմից իմ նկատմամբ կայացված անարդար որոշումների ողջ ծավալը։
Կանխավ շնորհակալությամբ՝
Արցախից բռնի տեղահանված, կալանավորված անձ Ա.Օսիպյան
01.06.2026թ.
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր