Ճակատագրական ընտրություն
Tue, 02 Jun 2026 19:45:07 +0400

Ալեկոծվել ենք բոլորս։ Հանդուրժողականությունը չքացել է մեր ընտանիքներից: Մեկս մյուսի նկատմամբ թշնամացել ենք, բանավեճերի ժամանակ չկան հարգանք եւ զիջողականություն․․․ եւ այս բոլորը գալիս է վերեւից՝ իշխանությունից, եւ հատկապես՝ այդ իշխանությունն ապաշնորհ գլխավորող մեկ մարդուց։ Նա հենց սկզբից մեր ժողովրդին բաժանեց հնի ու նորի, սեւի ու սպիտակի՝ իրեն համարելով ոչ թե համայն հայության, այլ միայն իր թիմակիցների վարչապետը։ Նա իր ոչ հավասարակշռված վարքով ու գռեհիկ արտահայտություններով միայն ատելություն ու ազգամիջյան թշնամանք սերմանեց բոլորիս մեջ։
Նայեք նրա քարոզարշավի բովանդակությանն ու որակին․ չկա ոչ մի խոսք նոր ծրագրերի, նոր գործելաոճի կամ չիրագործված խոստումների իրականացման հուսադրող նախադրյալների մասին։ Կա միայն ցածրորակ ու երբեմն փողոցային մակարդակի հասնող սպառնալիք՝ այս ու այն ընդդիմախոսի հասցեին։ Ոչ մի խոսք արտաքին քաղաքականության հայեցակարգային ուղղության՝ մտածված ու մշակված հրամայականների վերաբերյալ։ Մարդիկ խորապես մտահոգված են իրենց աշխատանքի ապագա հեռանկարով։ Հարց են տալիս ռուսական գազի անջատման հետեւանքների մասին, ասում է՝ մենք սեփական գազ կունենանք։ Որտեղի՞ց։ Ի՞նչ ասել է սեփական գազ․․․ երբեւէ լսե՞լ եք, որ Հայաստանի ընդերքում գազի պաշարներ հայտնաբերված լինեն։ Եթե ասեր` գազ կստանանք Իրանից, ինչ-որ առումով տրամաբանական կլիներ։ Իրանը մեր ստրատեգիական բարեկամ երկիրն է՝ գազի հսկայական պաշարներով։ Կա՞ արդյոք որեւէ հայեցակարգ կամ բանակցություն այդ ուղղությամբ։ Ինչքան գիտենք՝ ոչ։ Նախկինում եղել է․ նույնիսկ խոշոր տրամաչափի գազատար էր հասել մինչեւ Եղեգնաձոր, սակայն հայտնի քաղաքական պատճառներով խափանվեց։ Իսկ դրա վերագործարկումը սրանց գործը չէ։ Մյուս տարբերակն Ադրբեջանն է․․․ Բայց կարո՞ղ ենք արդյոք ապավինել մի երկրի, որի ղեկավարը մեր երկիրը համարում է «Արեւմտյան Ադրբեջան»․․․ Դեռ մի կողմ թողած այն, որ նրանք խիստ վերապահումով կմոտենան այս հարցին՝ հաշվի առնելով նրանց կապերը Ռուսաստանի հետ։ Ո՞ւր կուղարկես հսկայածավալ այն արտադրությունը, որի հաշվին ապրում ու շնչում է մեր տնտեսությունը, եթե մի օր էլ Ռուսաստանն արգելափակի դրանց մուտքը։ Մակրո՞նն է իր երկրի դռները բացելու մեր դիմաց, թե՞ Զելենսկին․․․
Դատարկամիտ խաղաղասիրական խոստումներով կամ ցուցադրական տոնախմբությամբ ժողովրդի աչքին թոզ փչելով չէ, թե երկիրը հեռու կպահվի պատերազմի վտանգից։ Հայաստանն իր աշխարհագրական բարդ դիրքով ու կացությամբ պարտավոր է ունենալ բծախնդրորեն մշակված եւ ճկուն արտաքին քաղաքականություն վարող, լրջախոհ, բանիմաց ու հավասարակշռված դիվանագետներ։ Իսկ սրանք ո՜ւր, դիվանագիտությունն ուր․․․ Մակրոնի հետ գրկախառնվելով ու Զելենսկուն հրավիրելով ի՞նչ են ուզում ասել եւ ո՞ւմ: Արկածախնդրություն ասենք, թե՝ ինչ․․․ Կարծում են, թե Արեւելքից հեռանալով՝ Արեւմուտքն իր գիրկը բացելու է իրենց դիմաց:
Պահի լրջությունը պետք է սթափեցնի բոլորիս։ Ինչպես միշտ, պետք է ապավինենք մեր իմաստուն եւ բանիմաց քաղաքացիների ակտիվ մասնակցությանն այս ընտրություններին։ Աններելի բացթողում կլինի այս անգամ եւս տանը մնալ ու թողնել, որ փոքրաթիվ մասնակիցների ընտրությամբ սրանց դարձյալ հաջողվի շարունակել իրենց ապիկարություններն ու ազգակործան գործունեությունը։ Այս ընտրությունը ճակատագրական է լինելու։
Վահան Դարբինյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր