«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչական կոմիտեից
Wed, 03 Jun 2026 09:15:23 +0400

«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վարույթներ են հարուցվում: Ոչ միայն դաշինքի անդամներն են ենթարկվում ճնշումների, հալածանքների, այլեւ նրանք, ովքեր հանդգնում են մասնակցել ու ինչ-որ ակտիվություն ցուցաբերել այդ հանդիպումների ժամանակ: Նրանցից մեկի մասին երեկ հաղորդեց Քննչական կոմիտեն: Այդ անձի անուն-ազգանունը չեն հայտնում, իբր՝ անմեղության կանխավարկածը չխախտելու նպատակով: Բայց տեքստը կարդալով հասկանում ես, որ այն ամբողջությամբ միտված է քաղաքացիներին վախեցնելուն, նրանց բերանը փակելուն, ընտրությունից մի քանի օր առաջ սարսափ տարածելուն: Եվ պարտադիր բոլոր հաղորդագրությունները սկսվում են՝ ««Ուժեղ Հայաստան» ուժի գրասենյակի ներկայացուցիչ» էսինչի նկատմամբ հարուցվել է հետապնդում: Ակնհայտորեն, հակաքարոզչության նպատակով շեշտվում է տվյալ քաղաքական ուժի անունը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը մայիսի 21-ին տեսանյութ էր տարածել, որում մի տղամարդ, որը ներկայացվում էր որպես կամավոր, ազատամարտիկ, փակ դեմքով ասում էր, որ Ջերմուկի ուղղությամբ դիրք է հանձնվել, եւ որ իրենք մայիսի 8-ին դուրս են եկել այդ դիրքից: Նույն օրը պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նշվածն ապատեղեկատվություն է, ու հորդորեց իրավապահ մարմիններին՝ ուսումնասիրել տեսանյութը եւ իրավական գնահատական տալ: Նրանք էլ ուսումնասիրեցին եւ գործ հարուցեցին: Կարդում ենք ՔԿ հաղորդագրությունը. «Սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում… Ներկայացված մեղադրանքում Ա. Խ․-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքն իբր հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություն հայտնելու համար` պատճառաբանելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ մասնակցել է Ն. Կ.-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա. Ա.-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես՝ 2026 թվականի մայիսի 20-ին կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը: Ա․ Խ․-ն նշել է նաեւ, որ ավելի վաղ՝ 2026 թվականի ապրիլի 17-ից մինչեւ մայիսի 8-ը, որպես դիտորդ, մարտական հերթապահություն է ստանձնել Ջերմուկի զորամասի N մարտական դիրքում։ Մարտական հերթապահության օրերին գտնվել է սթափ վիճակում»:
Հաղորդագրությունից 37 թվի հոտ է փչում: Թե ով է ազատամարտիկը, ունի՞ արդյոք փաստաբան, ի՞նչ պայմաններում են նրանից ինքնախոստովանություն վերցրել՝ քննչականի խոսնակը չի հայտնում՝ ասելով, որ հայտնած տեղեկատվությունից ավելին չի կարող տրամադրել: Մի տվյալ միայն ավելացրեց՝ նրա նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել: Անկախ քեզնից՝ պատկերացնում ես սոցիալական բեռի տակ կքած խեղճ զինվորականի, որին բերման են ենթարկում, դիմացը թղթեր են շարում, ճնշում, գոռում, երկար պահում, երեւի չեն էլ թողնում, որ գնա միզի, ստիպում են ստորագրել թղթերը:
Այսպես՝ որքան ավելի մոտենում է ընտրության օրը, այնքան ավելի ահասարսուռ ու խորհրդավոր են դառնում ՔԿ-ի եւ Հակակոռուպցիոնի հաղորդագրությունները: Դրանք պատմում են հանցագործությունների մասին, որոնք կարծես այլմոլորակայիններն են իրականացրել՝ անհասկանալի մարդիկ, անհասկանալի դրդապատճառներով: Նախօրեին հայտնեցին նաեւ, որ կալանավորված է մարտին ԱԱԾ շենքի մոտ պայթյուն իրականացրած անձը: Նպատակը «բնակչությանը եւ դրա առանձին խմբին ահաբեկելը», «հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելն» է եղել՝ ըստ ՔԿ-ի: Տարիներ առաջ մեկն էլ էր պայթեցրել խորհրդային ԱԱԾ-ի շենքը, մի պոետ, որն իր օրերը Սեւանի հոգեբուժարանում ավարտեց:
Հաջորդ գլուխկոտրուկը Փաշինյանին սպանելու փորձն է: Օրեր առաջ էլ քարոզարշավի ժամանակ նա մի կասկածելի տեսանյութ էր ցուցադրել, որում դիմակավորված անձինք Արցախի բարբառով իր հասցեին սպառնալիքներ էին հնչեցնում: Մի երկու օրից նոր «օպերատիվ տվյալ» հրապարակեց՝ ասելով, թե այդ անձինք Հայաստանում չեն: Համացանցով լուրեր տարածվեցին, որ տեսանյութը նկարահանվել է հենց իշխանության ենթակայության ԶԼՄ-ներից մեկում: Եվ երեկ, ահա, ՔԿ-ն նաեւ այս «հանցագործությունը բացահայտեց»: Հավանաբար, հանձնարարություն կա Փաշինյանի բերանից թռած ամեն ինչը հիմնավորել ու բացահայտել, դրա հետքերով մարդ ձերբակալել, թեթեւ «քսելով» Ռուսաստանին: Այնքան էլ համոզիչ չի ստացվում, բայց դե, ՔԿ-ն այդքան է կարողանում: Ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր հիմնավորել այն, ինչը չի հիմնավորվում: Ահա, օրինակ, ՔԿ-ն հաղորդում է, որ «մեծածավալ», «մեծաթիվ», «ապացուցողական» գործողությունների արդյունքում «բացահայտվել» է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ ոմն Մ. Մ.-ի: Խոսնակ Կիմա Ավդալյանը նրա անուն-ազգանունը չի տալիս, ո՞վ է փաստաբանը՝ չի ասում: Հասկանում է, որ եթե ասի, անպայման զանգենք, ու մարդկանց սեւացնելու, միակողմանի, շինծու, մանիպուլյատիվ մեղադրանքներով վարկաբեկելու, ամենակարեւորը՝ նախընտրական սարսափ տարածելու օպերացիան չի հաջողվի: Բայց Հանրայինի լուրերի հաղորդման ժամանակ ՔԿ-ն, չգիտես ինչու, հայտնում է ձերբակալվածի անունը՝ Մհեր Միրզոյան, օտար երկրի, իմա՝ Ռուսաստանի բնակիչ:
Ուրեմն, այդ Մհեր Միրզոյանը, ըստ ՔԿ «առերեւույթ փաստական» տվյալների, 4 հոգով ցանկացել են սպանել վարչապետին: Դրա համար «ձեռք են բերել հանդերձանք եւ դիմակներ, ինչպես նաեւ՝ ՀՀ վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել տեղեկություններ՝ այդկերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով եւ դիմակավորված տեսաձայնագրել եւ տարածել են տեսաուղերձ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ»: Հետո այս սպառնալիքները նրանք նաեւ ձայնագրել են ու ինչ-որ փակ կայքից տեսաուղերձ են տարածել՝ «խոչընդոտելով» նախընտրական քարոզչությունը: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են հանցագործները տեսաուղերձ նկարում, տարածում, հասանելի դարձնում վարչապետին, եթե իրոք պատրաստվում էին սպանել նրան: Ինչպես ասում են ռուսները` սատանան ոտքը կկոտրի, բայց այս ամենից գլուխ չի հանի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր