Ի պատասխան Իրանի հարվածների՝ Քուվեյթն արտաքսում է ԻԻՀ դիվանագետներին․ նոր սրացում
Wed, 03 Jun 2026 20:00:48 +0400

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա հղել այն բանից հետո, երբ իրանական անօդաչու թռչող սարքերը և հրթիռները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, իսկ մի քանիսը՝ վիրավորվել։
Իշխանությունները նաև որոշել են կրճատել Իրանի դեսպանատան անձնակազմը և արտաքսել երկու դիվանագետի։
Արտգործնախարարությունը հայտնել է, որ իրանցի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ «կտրականապես անընդունելի են համարվել Քուվեյթի տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը որևէ երկրի դեմ որևէ թշնամական գործողության համար»։ Քուվեյթը նաև մերժել է Թեհրանի պնդումները, որ իր տարածքը Միացյալ Նահանգների կողմից օգտագործվել է Իրանի վրա հարձակումների համար։
Քուվեյթի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը գիշերային հարձակման ժամանակ երկրի վրա արձակել է 13 բալիստիկ հրթիռ և 17 անօդաչու թռչող սարք։
Հարկ է նշել, որ մի շարք արաբական պետություններ դատապարտել են իրանական հարձակումների վերսկսումը։
Չորեքշաբթի օրը Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Հորդանանը և ԱՄԷ-ն դատապարտել են Իրանի հարձակումները Քուվեյթի և Բահրեյնի վրա՝ աջակցություն հայտնելով երկու երկրներին։
Եգիպտոսը նույնպես դատապարտել է Իրանի հարձակումը Քուվեյթի միջազգային օդանավակայանի վրա՝ ասելով, որ այն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր