Նիկոլը խոստանում էր փակել ընտրախախտումների էջը

Նիկոլը խոստանում էր փակել ընտրախախտումների էջը

Sun, 07 Jun 2026 17:45:23 +0400


«Ուժեղ Հայասատան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանն արդեն առավոտ վաղ ահազանգ էր հնչեցրել: 33/50 տեղամասային կենտրոնում (Շիրակի մարզի Ջրափի գյուղում) բացակայել է 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը: Որպես դիտորդ ընտրությոններին մասնակցել եմ 2003 թվականից ու այդպիսի պատահարի երբեք չեմ հանդիպել: Իսկ 2003-ից մինչև 2018 թվականը, հիշեցնեմ, մերժված նախկինների ժամանակաշրջանն էր: Դրանք այն ժամանակներն էին, երբ սկզբում քվեատուփ էին գողանում, հետո լցոնումներ էին կատարում՝ երկու դեպքում էլ լույսերն անջատելով: Եվ, վերջապես, 5-ից 10 հազար դրամով ձայներ էին գնում: Երբեմն ձայն գնելու գումարը հասնում էր 50 հազարի, ու հազվադեպ՝ ավելի: Բայց ընդդիմադիր քաղաքական ուժերի քվեաթերթիկների չտպվելու դեպք ես չեմ հիշում:

Ինչ-որ այլ տեղամասային կենտրոնում ևս նման խնդիր է եղել: Ենթադրում եմ, որ իշխանությունը ներկայացնողներն, ինչպես ժողովուրդն է ասում, բոբկացել են առանց ջուրը տեսնելու: Հունիսի 5-ի գիշերն ինձ էլ էր թվում, որ վերջ, արգելվելու է «Ուժեղ Հայասատան» դաշինքի մասնակցությունն ընտրապայքարին՝ կյանքի կոչելով մոլդովական փորձը: Բայց Վարդևանյան Արամի ելույթը հողմացրիվ արեց իշխանության պլանները: Սակայն քանի որ ոմանք ինձ նման հավատացած են եղել, որ վարչապետի աթոռից կառչած անձը հասնելու է իր ուզածին՝ չեն տպագրել համար 3-ի քվեաթերթիկները: Կամ էլ չեն հասցրել ընտրատեղամաս՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվելով:

Այդ մտքի առաջանալուն նպաստում էր նաև այն հանգամանքը, որ չգիտես ինչու (լավ էլ գիտենք), Զավենիչը ԿԸՀ դիմելու մասին հիշել էր քաղաքական ուժերի 1-ին համարների՝ հենց հունիսի 4-ի բանավեճին: Հաջորդ օրն էլ ժամը 16.30-ին ԿԸՀ էր հանձնվել դիմումը, ԿԸՀ-ն էլ դիմումի վերաբերյալ որոշումն ընդունեց հունիսի 6-ի 00 ժամ 30 րոպեին: Այսինքն, լռության օրը: Ասվածն, իհարկե, նման է դավադրապաշտական տեսությանը: Բայց վերջին ութ տարում գործող իշխանության կողմից այնքան աննորմալ բաներ կատարվեցին, որ այլ բնույթի եզրակացության տեղ ուղղակի չի մնում: Նույնիսկ այն դեպքում, որ մինչև 2018 թվականը բացարձակ չեմ հավատացել դավադրապաշտական տեսություններին:

Ինչևէ, ընտրախախտումները ԿԸՀ դիմելու անհաջող գործողությամբ չեն ավարտվում: Որքան հիշում եմ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում էր, որ այսուհետ Հայաստանում ընտրախախտումների էջը փակված է: Բայց հետկեսօրյա պահերին արդեն ականատես ենք լինում բազմաթիվ ընտրախախտումների: Ասենք, Արմավիրի մարզպետի այն հայտարարությանը, որ իր հայրենական գյուղ Նորապատում բոլորին հրահանգված է դուրս հանել «Ուժեղ Հայասատան»-ի քվեաթերթիկը: Վայքում ՔՊ-ական պատգամավոր Բագրատյանը ընտրատեղամասի մոտ «սխոդկա» է կազմակերպում՝ առկա է տեսանյութ: Իսկ այս մեկն ընդհանրապես զավեշտի ոլորտից է. Եվրոպայից ժամանած ՀՀ քաղաքացի ընտանեկան զույգին չեն թույլատրել մասնակցել քվեարկությանը, ինչը լուծվել է լրագրողի միջամտությունից հետո: Իհարկե, եղել են բազմաթիվ այլ ընտրախախտումներ, բայց իմ խնդիրը դրանք ներկայացնելը չէ, այլ որպես օրինակ ներկայացնելը:

«Ժողովրդավարության բաստիոնի» իշխանության կողմից իրականացվողը դիտարկելով՝ պետք է ենթադրել, որ այդ խոստումը ևս ընդամենը օդի տատանում էր: Ճիշտ այն բոլոր խոստումների նման, որ տվել է ինքը թե՛ վերջին ութ տարում և թե՛ ընդդիմադիր եղած ժամանակ: Չնայած մեկ-մեկ մտածում եմ, որ ընտրախախտում ասելով գուցե նկատի է ունեցել զուտ քվեաթերթիկների լցոնումը: Բայց եթե գործը հասնի դրան, ապա դժվար թե ինքը կանգնի նման աննշան խնդրի առաջ: Մի քանի հազար զոհի գնով Արցախը թշնամուն հանձնած անձի համար քվեաթերթիկների լցոնումն ինչ մի բարդ բան է, որ դա չհաղթահարի: Էլ չասած համատարած ու գլխավոր ընտրախախտման՝ ոստիկանությանը որպես գործիք օգտագործելու մասին: Ինչևէ, մնում է, որ ՀՀ քաղաքացիներն իրենց քվեով դեմ գնան թե՛ բոլոր այդ ընտրախախտումներին և թե՛ դրանք իրականացնող իշխանությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախնական արդյունքներ․ ով որքան ձայն է ստացել

Նախնական արդյունքներ․ ով որքան ձայն է ստացել Sun, 07 Jun 2026 22:02:11 +0400 Գեղարքունիքի 20/48 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով