«Հրապարակ»․ Խոսքը քրեականացնելն ամենակարճ ճանապարհն է դեպի ավտորիտարիզմ
Tue, 13 Oct 2026 12:15:37 +0400

Քաղբանտարկյալ Արթուր Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Դատարանում ինձ կալանավորելու եւ տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան եւ որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի): Վերջինս նաեւ հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»: Դատարանը փորձեց ինձնից ճշտել՝ արդյո՞ք ես զղջում եմ նման հանդուգն արարքի համար: Ենթադրում եմ՝ իմ պատասխանը դատավորին չբավարարեց, ինչի հետեւանքով էլ նա որոշեց բավարարել ինձ կալանավորելու որոշումը: Պետք է, սակայն, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ: Ընդ որում, զղջացել եմ գրեթե անմիջապես քննիչի միջնորդությունը լսելուն պես: Զղջացել եմ մինչեւ կալանավորումս, մինչեւ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնվելս: Հետեւաբար, պետք է իջեցնեմ իմ հաջորդ «հրահանգը»:
«Հրահանգում եմ» վախենալ, ժողովուրդ ջան: Վախը շատ կարեւոր է: Ոչնչից չեն վախենում միայն հիմարները: Վախեցե՜ք: Վախեցեք, որ էս վիժվածքների լափած ամեն մի կոպեկի համար հաշիվը դուք եւ ձեր երեխեքն եք փակելու: Ես վախենում եմ: Գրեթե 44 օր հրետակոծության տակ եմ եղել, բայց չեմ վախեցել մահանալուց: 2018-ից սկսած՝ 30 անգամ ձերբակալվել եմ, բայց երբեք չեմ վախեցել ազատազրկվելուց: Իսկ ճորտ լինելուց սարսափում եմ… Ամփոփենք. տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝
1. Չվախենալ վիժվածքներից
2. Վախենալ ճորտ լինելուց
Հարգանքներով՝ ձեր խոնարհ «հրահանգիչ»»։
Հիշեցնենք, որ Դանիելյանը երկու ամսով կալանավորվել է իշխանություններին Ֆեյսբուքում քննադատելու համար։ Դանիելյանի տեսակցությունները փակ են, ինչն առնվազն անհասկանալի է։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր գործիչներին լռեցնելու իշխանության բացահայտ փորձերին, նկատեց․ «Առհասարակ, խոսքը քրեականացնելն ամենակարճ ճանապարհն է դեպի կայուն ավտորիտարիզմ։ Սա շատ վտանգավոր նախադեպ է, որովհետեւ քաղաքական խոսքը իրավապահները, փաստորեն, նույնականացնում են քրեական հանցագործության հետ։ Այն, ինչ այսօր գրել էր Արթուր Դանիելյանը, մարազմատիկ երեւույթի մասին է փաստում։ Ցանկացած խոսքի տակ իշխանությունը, փաստացի, կամայականորեն ինչ-որ բաներ է փնտրում ու երեւակայում։ Խոսքի համար անթույլատրելի է մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելը։ Այդ հոդվածը պետք է ապաքրեականացվի։ Չի կարելի մարդկանց գրավոր կամ բանավոր խոսքի համար դատել, թեպետ դա էլ հարցի լուծում չէ։ Մենք այլ օրինակներ էլ ունենք մեր աչքի առաջ։ Օրինակ՝ Էդգար Ղազարյանի պարագայում նրան դատի է տվել Նիկոլ Փաշինյանը, Ղազարյանի եւ նրա կնոջ հաշիվների վրա կալանք է դրվել՝ որպես հայցի ապահովման միջոց։ Սա ուղղակի խայտառակություն է։ Խոսքը հետապնդման առիթ է մեզանում, իսկ դա նշանակում է, որ մենք ապրում ենք ավտորիտարիզմից տոտալիտարիզմի անցման փուլում, ինչը ոչ միայն խիստ մտահոգիչ է, այլեւ քաղաքական դաշտը ոչնչացնելու ամենակարճ ճանապարհն է»։
Սուրենյանցին հարցրինք՝ այս ամենն ազդո՞ւմ է ընդդիմադիր գործիչների խոսքի վրա, թե՞ ոչ։ Մեր զրուցակիցը շեշտեց․ «Անպայման ազդում է։ Վստահ եմ, օրինակ՝ Ձեր զրուցակիցների թիվը նվազել է։ Կամ՝ խոսում են մարդիկ, բայց՝ մեղմ։ Քաղաքական գործիչների մի մասը զգույշ է արտահայտվում, որ հանկարծ իշխանության թիրախում հերթական անգամ չհայտնվի, էլ չասենք, որ ահաբեկվում է հասարակությունը։ Մարդիկ մտածում են, որ եթե ճանաչված մարդիկ են բանտարկվում խոսքի համար, ուրեմն իրենք էլ հաստատապես կա՛մ աշխատանքից կզրկվեն, կա՛մ հետապնդումների կենթարկվեն»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր