Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Եթե խորհուրդը չի մշակում Սահմանադրության նախագիծը, ապա խորհուրդը պետք է լուծարվի

Եթե խորհուրդը չի մշակում Սահմանադրության նախագիծը, ապա խորհուրդը պետք է լուծարվի

Tue, 03 Nov 2026 20:15:03 +0400


Վերջին օրերին արդեն խիստ որոշակիացել են նոր Սահմանադրության ընդունման շուրջ խոսակցությունները: Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձելու է հարեւան հանրապետությունից մեզ թելադրված նախագիծն անցկացնել, որի գլխավոր անելիքը լինելու է Անկախության հռչակագրի տեքստի հեռացումը։

Դեռ տարիներ առաջ նոր Սահմանադրության մշակման եւ ընդունման համար ստեղծվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որը, սակայն, այս տարվա մարտ ամսից նիստեր չի գումարել։ Բայց իշխանությունը հայտարարում է, որ Սահմանադրության նախագիծը պատրաստ է, այն անգամ նախնական քննարկման է դրվել ՔՊ վարչությունում եւ հիմա իշխանությունը ձեւացնում է, թե ոչ մի նման խորհուրդ չկա, նախագիծն էլ մշակում է արդարադատության նախարարությունը:

Հոկտեմբերի 2-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, նշել էր․ «Իմ ընկալումը թերևս այն էր, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել։ Խոսքը բոլոր գործընկերների համախմբի մասին է և ոչ թե անհատական պատասխանատվության մասին է և, ես առաջարկել եմ հետևյալ տարբերակը, որ մենք կշարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, տեքստը կհրապարակվի արդարադատության նախարարության անունից և խորհրդի անդամները, իհարկե, ազատ կլինեն արտահայտել իրենց կարծիքը որևէ դրույթի վերաբերյալ»։ Ինչը նշանակում է, որ այլեւս ձեւականությունների հետեւից չեն ընկնում` Սահմանադրության նախագիծ կազմող անկախ իրավաբանների, քաղհասարակության կարծիքը հարցնելու հետ կապված:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով խորհրդի անդամ է, օրերս գրել էր իր էջում, որ եթե Խորհուրդը չպետք է մշակի Սահմանադրության նախագիծը, ապա այն պետք է լուծարել եւ հայտարարել, որ արդարադատության նախարարությունն է նախագիծը պատրաստում: Մեզ հետ զրույցում Իոաննիսյանն, անդրադառնալով Սրբուհի Գալյանի խոսքին, նշեց․ «Սրբուհի Գալյանը դա մեր մասով չի ասել»։ Հարցին՝ իսկ հանձնաժողովն ինչ հաճախականությամբ է նիստեր գումարում եւ որքանով է ներգրավված Սահմանադրության մշակման գործընթացին, պատասխանեց․ «Մարտից հետո անցած շաբաթ է նիստ եղել, այս շաբաթ եւս նիստ է նախատեսված, բայց ամբողջ հարցն այն է, որ Արդարադատության նախարարությունն է վերջին շրջանում ավելի ակտիվ նախագծման գործում՝ խորհրդի փոխարեն։ Խորհրդի լիազորություններ արդարադատության նախարարությանը վերապահված չէ, բայց փաստացի նախարարությունն է իրականացնում»։

Նկատեցինք, որ Սահմանադրության փոփոխության հարցը քննարկվում է նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում, սա չի՞ արժեզրկում խորհրդի դերը՝ Իոաննիսյանը նշեց․ «Ես էլ եմ այդ հարցը բարձրացրել, եթե խորհուրդը չի մշակում նախագիծը, ապա խորհուրդը պետք է լուծարվի, ես կողմ եմ այս սցենարում խորհրդի լուծարմանը։ Ես այդ հարցը բարձրացրել եմ խորհրդի նիստում, մարդ կար` կողմ էր, մարդ կար՝ դեմ էր։ Նիստում եղել է թե դատական համակարգի հետ կապված քննարկում, եւ թե խորհրդի հետ կապված»։ Հարցին՝ միգուցե խորհուրդն այնպիսի հարցեր է քննարկում, որ իշխանությունը չի ցանկանում նման տեսքով Սահմանադրություն ընդունել՝ նա արձագանքեց․ «Չէ, սա ավելի շուտ պայմանավորված է նրանով, որ խորհրդում կան սուբյեկտներ, որոնց նպատակը բնավ ՀՀ քաղաքացիների համար ընդունելի Սահմանադրության նախագիծ մշակելը չէ, այլ պրոցեսը տապալելը։ Խորհրդում նման մարդիկ կան, եւ սրանով են պայմանավորված այս պրոցեսները»։

Իոաննիսյանը չցանկացավ «պրոցեսը տապալող» խորհրդի անդամների անունները նշել, ընդգծելով, որ հանրության համար ակնհայտ է, թե ովքեր են․ «Այդ մարդիկ բացահայտ էլ են ասում, որ իրենց առաքելությունն այլ բանի մեջ են տեսնում»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին Tue, 03 Nov 2026 13:15:56 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով