ԱՄՆ-ից թվիթել են, ԵՄ-ում՝ թվիթները «ջրել», Պեկինում եւ Մոսկվայում լուռ են
Fri, 12 Jun 2026 15:15:34 +0400

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, որ շատերի, եթե ոչ բոլորի հիշողության մեջ դաջվել են հատկապես կեսգիշերից անց, կիսամեռ դեմքով էկրաններին հայտնված ու իր կուսակցությանը հաղթող հռչակած Նիկոլ Փաշինյանի կերպարանքով, ժամառժամ ավելի ու ավելի անվստահելի են դառնում ԿԸՀ հրապարակած արդյունքների առումով, փոխարենը խորանում են մասշտաբային թվանկարչության կասկածները։
Եթե գոյություն ունի արդեն բացահայտված 800-900 հասցե, որոնցից յուրաքանչյուրում ընտրական իրավունք ունեցող 20-ից մինչեւ 300 ՀՀ քաղաքացի է հաշվառված եղել, դա արդեն նշանակում է նվազագույնը մի քանի տասնյակ հազար ձայնի կեղծման պոտենցիալ՝ հօգուտ ՔՊ-ի։ Կան նաեւ տասնյակ, գուցե հարյուրի կարգի դեպքեր, երբ ՔՊ-ի ստացած երկնիշ թվով քվեների փոխարեն ԿԸՀ կայքի աղյուսակում մուտքագրվել են եռանիշ թվեր՝ 500, 700, չգիտես էլ ինչ։ Դա էլ է ենթադրում մի քանի տասնյակ հազար ձայնի կեղծում։ Այնպես որ, հիմա բոլորը սպասում են վերահաշվարկների ավարտին եւ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը, ընդսմին՝ որքան հետաքրքիր է այն, թե որ ուժին որքան ձայն կավելանա, էլ ավելի հետաքրքիր է այն, թե ՔՊ-ից ինչքան կպակասի, վերջնահաշվում ՔՊ ձայները քանի տոկոս կկազմեն, եւ նրանք քանի մանդատ կստանան։ Միանգամայն սպասելի է, որ ՔՊ-ի ձայները մի քանի տոկոսով կիջնեն, եւ մանդատները պարզ մեծամասնության հազիվ բավարարեն։
Սակայն հունիսի 14-ին ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից ավելի հետաքրքիր է միջազգային արձագանքի գրեթե բացակայությունը, որ արձանագրվեց հունիսի 7-ի ՀՀ ընտրությունների առնչությամբ, եւ այն միջազգայնորեն մեկուսացված վիճակը, որում հայտնվել է Փաշինյանը։ Ըստ էության, ոչ մի երկրից կամ առաջնորդից պատշաճ շնորհավորական ուղերձ չստացվեց, եղան երկու տասնյակի կարգի թվիթներ, որոնց կեսը նախկին խորհրդային երկրներից էին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ X հարթակում կատարած գրառումը փորձ եղավ՝ մատուցելու որպես ԱՄՆ շնորհավորանք, ինչը քմծիծաղի արժանի ձեռնածություն է։ ՀՀ համարյա բոլոր համապետական ընտրությունների առթիվ ԱՄՆ-ից պետքարտուղարության պաշտոնական արձագանք է եղել, նույնիսկ 2000-ականներին` Քոչարյանի իշխանության տարիներին։ Իհարկե, Քոչարյանի օրոք էլ, Սերժ Սարգսյանի օրոք էլ ընտրություններն այնպես էին կեղծվում, որ ես դժվարանում եմ մտաբերել դեպք, երբ Պետդեպի ուղերձներում որեւէ քաղաքական ուժի շնորհավորանք ուղղվեր։ Եթե «շնորհավորել» բառը լինում էր, ապա միայն հայ ժողովրդին ուղղված՝ ընտրական իրավունքն իրացնելու կապակցությամբ, որից հետո, մի քանի նախադասությամբ գնահատական էր տրվում ընտրություններին։ Սակայն Պետդեպի պաշտոնական անդրադարձ, ուղերձ միշտ լինում էր։
Այժմ, ենթադրելի է` որպես Փաշինյանի հանդեպ չթաքցվող վերաբերմունք, Պետդեպի կայքում ՀՀ ընտրություններին առհասարակ անդրադարձ չկա։ Երեք օր անց միայն Ռուբիոյի անձնական գրառումն է X հարթակում։ Սպիտակ տնից երկար սոցցանցային գրառում էլ չկա։ Դա ավելի քան օրինաչափ է, քանի որ այն բանից հետո, երբ Փաշինյանը մայիսի 28-ին Դոնալդ Թրամփի թվիթը Social Truth օգտահաշվից տարածվելուց ժամեր առաջ Երեւանում արդեն տարածել էր, անխուսափելիորեն նրա նկատմամբ պետք է վերաբերմունք դրսեւորվեր՝ ցույց տալով, որ ինքն այն նշանակությունը չունի Սպիտակ տան համար, ինչ ուզում են ներկայացնել։ Միայն հունիսի 10-ի երեկոյան Թրամփի նույն Social Truth օգտահաշվից երկու-երեք տողանոց շնորհավորական թվիթ տարածվեց։
Մոսկվայում եւ Պեկինում դեռ լռություն է, ինչը կարելի է մեկնաբանել, որ կա՛մ այդ մայրաքաղաքների համար Փաշինյանն իր ՔՊ-ով արժեք եւ նշանակություն չունի, կա՛մ էլ ի տես լայնամասշտաբ կեղծարարության եւ խախտումների, որ փաստագրված են եւ անընդհատ հրապարակային դաշտ են նետվում, Մոսկվայում եւ Պեկինում էլ, ինչպես բազմաթիվ այլ մայրաքաղաքներում, դեռ սպասում են՝ տեսնելու, թե այս ամենն ինչով կավարտվի։
Հունիսի 7-ի ընտրությունների արտերկրյա արձագանքներից ամենահակասականն ու հետաքրքիրը, սակայն, Եվրոպայից արձագանքներն էին։ Հունիսի 8-ի առավոտյան, ցերեկվա ժամերին, ԵՄ մոտ 10 երկրից՝ Ֆրանսիա, Լեհաստան, Շվեդիա, Իսպանիա, Ավստրիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Նիդերլանդներ, Խորվաթիա, Կիպրոս, մեկ-երկու տողանոց թվիթներ գրեցին՝ ընտրությունների առթիվ Փաշինյանին շնորհավորող։ Ինչպես ասվեց, նույնը արել էին նաեւ նախկին խորհրդային երկրները՝ Ղրղզստան-Ղազախստանից մինչեւ Լատվիա եւ Էստոնիա։ Բայց նույն՝ հունիսի 8-ի երեկոյան Բրյուսելից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի անունից տարածվեց ԵՄ պաշտոնական հայտարարությունը՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որն արդեն ծանրակշիռ էր, իրազեկ եւ լուրջ։ Դրանում չկար ոչ մի շնորհավորանք Փաշինյանին կամ ՔՊ-ին, նրանց վերագրվող ոչ մի հաղթանակ, միայն ի գիտություն էին ընդունել ԿԸՀ նախնական արդյունքները (ԵՄ հայտարարությանը մանրամասն անդրադարձել ենք «ՔՊ-ական ժուլիկություն՝ թվիթները շնորհավորական ուղերձի տեղ անցկացնելով» հոդվածում ։
Բրյուսելի այդ պաշտոնական հայտարարությունը, ըստ էության, չեզոքացրեց օրվա ընթացքում եղած թվիթային արձագանքները, եւ, ինչն առանձնակի խոսուն է, Բրյուսելի պաշտոնական հայտարարությունից հետո ՀՀ ընտրությունների առնչությամբ որեւէ այլ գրառում եվրոպական որեւէ մայրաքաղաքից՝ ԵՄ կազմում կամ դրանից դուրս, այլեւս չեղավ։ Բրյուսելի հայտարարությամբ ամրագրվեց դիրքորոշում, եւ դրվեց վերջակետ։
Մերձավոր Արեւելքի երկրներից, արաբական Մաշրեքից ու Մաղրեբից, ամբողջ Հեռավոր Արեւելքից, Լատինական Ամերիկայից ոչ մի անդրադարձ, ուղերձ չի եղել ՀՀ ընտրությունների առնչությամբ, բացառությամբ՝ Հնդկաստանի, Իրաքի եւ Իրանի։ Նույնիսկ Արաբական Միացյալ Էմիրություններից, որ Փաշինյանին եւ Ալիեւին անցյալ տարեվերջին կեսական մրցանակի էին արժանացրել, անտեսել են Փաշինյանին։ Անգամ Թուրքիայից շնորհավորանք չի եղել, ԱԳՆ-ից են մի քանի տող տարածել՝ առանց Փաշինյան կամ ՔՊ հիշատակելու։
Աշխարհում, ահա, այսքան անտեսված են այն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, որոնց թվում է, թե իրենք աշխարհի հետ Հայաստանի կապերն են սերտացնում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր