Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

Ռուսաստանցիների որ մասն է իրեն համարում հայրենասեր եւ ինչու

Ռուսաստանցիների որ մասն է իրեն համարում հայրենասեր եւ ինչու

Tue, 16 Jun 2026 10:30:31 +0400


Ռուսաստանցիների մեծ մասն իրեն համարում է հայրենասեր, սակայն չի ցանկանում, որ պետությունը սահմանի, թե ինչ բան է հայրենասիրությունը։ Այս մասին վկայում են Հանրային կարծիքի հիմնադրամի կողմից այս տարվա մայիսի վերջին անցկացված սոցհարցման տվյալները։ Ըստ այդմ, ռուսաստանցիների 85 տոկոսը կարծում է, որ ինքը հայրենասեր է։ Իրենց հայրենասեր չի համարում հարցվածների 10 տոկոսը։ 22 թվականի համեմատությամբ՝ այդ ցուցանիշը գրեթե չի փոխվել։ Հարցվածների 65 տոկոսը կարծում է, որ հայրենասեր լինել կամ չլինելը մարդու անձնական գործն է։ Միայն հարցվածների 30 տոկոսն է վստահ, որ հայրենասիրությունը երկրի բոլոր քաղաքացիների համար պետք է լինի պարտադիր։

Վերջին չորս տարում այս ցուցանիշներում էլ էական տեղաշարժեր չեն եղել։ Հարցումները ցույց են տվել, որ ռուսաստանցիների մոտ հայրենասեր լինելու չափանիշները բավականին խստացել են։ Հարցվածների 48 տոկոսի կարծիքով՝ հայրենասերը կարող է քննադատել իշխանություններին։ Այն, որ հայրենասերը չի կարող քննադատել իշխանություններին, կարծում է հարցվածների 45 տոկոսը։ 66 տոկոսը կարծում է, որ հայրենասերը չի կարող խուսափել բանակային ծառայությունից։

Ուշագրավ է այն, որ այս հարցի հետ կապված՝ 24 թվականին հարցվածների 70 տոկոսն էր կարծում, թե հայրենասերը չի կարող խուսափել բանակային ծառայությունից։ Հաջորդ հարցը, որ ռուսական միջավայրում կապվում է հայրենասիրության հետ, վերաբերում է արտասահմանում աշխատելուն։ Հարցվածների 53 տոկոսի կարծիքով, եթե մարդն աշխատելու համար մեկնում է արտասահման, չի կարող համարվել հայրենասեր։ 38 տոկոսը հակասություն չի տեսնում հայրենասիրության եւ արտասահմանում աշխատելու միջեւ։ Ամփոփելով տվյալները, մասնագետները նշում են, որ հասարակության՝ հայրենասիրության օրակարգի շուրջ համախմբման հնարավորությունները սկսում են սպառվել։ Չնայած ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը համարում է իրեն հայրենասեր, սակայն քչերն են համաձայն, որ հայրենասիրությունը պետք է սահմանվի պետության կողմից եւ ըստ այդմ էլ՝ դառնա դասակարգման կատեգորիա։ Ռուսաստանցիներն իրենք են ցանկանում հայրենասիրության իրենց պատկերացումներով առաջնորդվել։ Մյուս կողմից, ռուսաստանցիների համար աստիճանաբար այլեւս ընդունելի չեն դառնում պարտադրական կամ վարչահրամայական մեխանիզմները՝ հայրենասիրությունից մինչեւ ինքնության պաշտպանություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պետք է հերքվի ԱԱԾ-ի կողմից դիտավորությամբ տեսանյութը տարածելու վարկածը

«Հրապարակ». Պետք է հերքվի ԱԱԾ-ի կողմից դիտավորությամբ տեսանյութը տարածելու վարկածը Tue, 16 Jun 2026 09:45:43 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով