Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Նախկինում իշխանության որեւէ ներկայացուցիչ նման բան ասեր՝ միանգամից ԵՄ դեսպանից զանգ կստանար

Նախկինում իշխանության որեւէ ներկայացուցիչ նման բան ասեր՝ միանգամից ԵՄ դեսպանից զանգ կստանար

Tue, 17 Nov 2026 20:45:15 +0400


ԱԺ-ում երեկ լսումներ էին քաղբանտարկյալների թեմայով: Բացի ընդդիմադիր ուժերի պատգամավորներից, լսումներին հրավիրվել ու ելույթներ են ունեցել ընդդիմադիր հայացքներով բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ: ՔՊ-ական պատգամավորներն այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայում արդեն իսկ դժգոհություններ էին արտահայտում երեկ ԱԺ ամբիոնից հնչած որոշ մտքերի վերաբերյալ, մեկը կես լուրջ-կես կատակ ասում էր, թե լավ կլիներ, որ իրենք նախապես իմանային, թե ովքեր են լինելու հրավիրյալների ցուցակում:

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից «Հրապարակը» հետաքրքվեց, հնարավո՞ր է, որ ՔՊ-ն մի այնպիսի կարգավորում մտցնի, որ նման լսումներին կարողանան մասնակցել միայն իրենց կողմից թույլատրված անձինք: Զոհրաբյանը պատասխանեց, որ ոչ մի բանի վրա չի զարմանա:

«Երևի թե իրենց դուր չի եկել այն փաստի բարձրաձայնումը, որ Հայաստանը նախնական կալանքի տարված մարդկանց թվով Եվրոպայի առաջատարն է` 52 տոկոս է, այսինքն, բերդում գտնվողներից ամեն երկրորդը դատավճիռ չունեցող, նախնական կալանքի տարված մարդիկ են, որոնց մեղավորությունը մեծապես կասկածի տակ է: Եվրոպայում նման թվեր չկան, նույնիսկ Ադրբեջանում նախանական կալանքի տակ գտնվող մարդկանց թիվը կազմում է 22 տոկոս, իսկ Հայաստանում ՝ 52 տոկոս: Սրանք Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի գնահատականներն են: Հայաստանը առաջատարներից է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը սպանդանոց է, այնտեղ չի գործում ոչ օդափոխության, ոչ կանալիզացիայի, ոչ սանիտարա-հիգիենիկ որևէ պայման և դեռ նույնիսկ Սրբուհի Գալյանն էր 2024 թվականին ասում, որ այդ քրեակատարողական հիմնարկը պիտի փակվի: Եվ դեռ իմ՝ հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ, Եվրոպայի հիմնական պահանջներից մեկն էր, մասնավորապես` Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ կոմիտեի պահանջներից մեկն էր, որ այդ քրեակատարողական հիմնարկը պիտի փակվի: Ի՞նչն է այնտեղ (քննարկմանը` Հ. Ա.) իրենց համար եղել արտառոց, որ հիմա էլ որոշել են մի հատ էլ զտումներ, չիստկաներ անել, մի հատ էլ ցուցակ իրենց ներկայացվի՝ ով պիտի մասնակցի, ով` ոչ: Սա կոպիտ խախտում է խորհրդարանական երկրի չափորոշիչների, սա կոպտագույն խախտում է ԱԺ կանոնակարգի ու սահմանադրության»,-ասաց Զոհրաբյանը:

Նախկին պատգամավորը հույս հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմադիր որևէ խմբակցություն ոչ թաքուն, ոչ էլ հրապարակային ՔՊ-ին որևէ ցուցակ չի ներկայացնի, և որևէ անուն չի ճշտի իրենց հետ: «Հիմա մի սև ցուցակ ունենք՝ ում են հրավիրում Հ1, ում չեն հրավիրում, հիմա էլ մի black- լիստ ունենան, թե ում կարելի է խորհրդարանական որևէ քննարկման կամ լսումի մասնակցել, կամ` ոչ: Ինձ համար բացարձակապես միևնույն է, ես իմ ասելիքը ցանկացած այլ հարթակից ներկայացնում եմ: Բայց եթե նախկին որևէ իշխանության ժամանակ նման միտք անգամ իշխանության որևէ ներկայացուցչի անունից հնչեր, անմիջապես Հայաստանում ԵՄ դեսպանից կստանար մի հատ ծլնգոցով զանգ»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․

Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․ Tue, 17 Nov 2026 15:15:11 +0400 Քաղաքական խոսույթի փոխարեն երբեմն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով