Պարոն Ալիեւ, հայերս ձեզ հնազանդ ենք, չար Պուտինն է մեզ ձեր դեմ սադրում
Fri, 19 Jun 2026 18:15:26 +0400

Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման տակ եւ կատարում է Ադրբեջանի պահանջները. դրա մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից: Նա բացահայտեց Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի այցի իրական նպատակը․ Հաջիեւը Հայաստան էր եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ բացատրություններ ստանալու համար: Ադրբեջանին ընտրության արդյունքները դուր չէին եկել, զայրացած Ալիեւը Հայաստան էր ուղարկել իր խորհրդականին, եւ Փաշինյանը խոստացել է, ավելի ճիշտ՝ պարտավորվել է սրբագրել այդ արդյունքները, դրանք համապատասխանեցնել Ադրբեջանի պահանջներին, այլապես սպառնալով պատերազմ սկսել եւ գուցե պատերազմով փոխել Փաշինյանին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մանդատներից զրկելը, Ռոբերտ Քոչարյանին, Դավիթ Ղազինյանին եւ բազմաթիվ այլ պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիությունից զրկելը, նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը կատարվում է Ալիեւի անմիջական ցուցումով: Փաշինյանը պարզ բացատրեց, թե ինչից է դժգոհ մնացել Ալիեւը, եւ ինքն ինչ է խոստացել նրան, որպեսզի կարողանա զսպել նրա զայրույթը:
«Ի՞նչն էր անհրաժեշտությունը, որ ընտրություններից 3 օր, 4 օր հետո, ասենք, էդ ձեւաչափով հանդիպում կազմակերպվի, որպեսզի մենք կառավարենք էդ սպառնալիքը: Մեր իրադրություններին պետք է արտաքին աչքով էլ նայենք, որովհետեւ արտաքին աշխարհում, եւ ոչ միայն Ադրբեջանում, կարող է հարց ծագել` մի րոպե, Հայաստանի Հանրապետությունում 500 հազար քաղաքացի կա, որ մտածում ա, որ պետք ա ծովից ծով Հայաստանը գնալ վերցնել կամ Ղարաբաղը հետ բերել, կա՛մ պետք է գնալ Ղարաբաղ, կա՛մ պետք ա վերանայել խաղաղության համաձայնագիրը: Հասկանո՞ւմ եք` եթե ընկալումը լինի էնպես, որ էդքան մարդ կա, դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանում»,- խորհրդարանի ամբիոնից ասում է Փաշինյանը: Ալիեւին անհանգստացրել է այն փաստը, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ադրբեջանահպատակ իշխանությունը չի ստացել 98 տոկոս քվե, ավելին` անգամ կեղծված ընտրությունների պաշտոնական արդյունքով հայաստանցի ընտրողների մեծամասնությունը քվեարկել է ընդդեմ ադրբեջանահպատակեցման, առնվազն 500 հազար մարդ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կողմնակից ուժերի: Ալիեւը, որ իրեն համարում է Փաշինյանի եւ, ընդհանրապես՝ Հայաստանի իշխանության վերադաս, մարդ է ուղարկել Հայաստան՝ բացատրություն պահանջելու, թե ինչ է սա նշանակում, ինչպես կարող էր Հայաստանում այդքան մարդ դեմ լինել ադրբեջանահպատակեցմանը, արդյո՞ք սա բունտ է Ադրբեջանի դեմ, ադրբեջանական հպատակեցման մերժում է:
Փաշինյանը խորհրդարանում բացատրեց, թե ինչպես են իրենք հանգստացրել Հաջիեւին, բացատրել ստեղծված իրավիճակը, ինչպես են արդարացել. «Բայց մենք հո գիտենք իրողությունը, մենք հո գիտենք, որ չկա էդպիսի մարդ, այլ ընտրակաշառք ա բաժանվել` արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի, եւ, այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել: Գրիգորյանի եւ Հաջիեւի հանդիպումը պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր: Եվ շատ հետաքրքիր էր, էդպիսի արագությամբ հանդիպումներ շատ հազվադեպ են, համենայնդեպս, ես չեմ հիշում նախկինում, որ էդպիսի արագությամբ հանդիպում կազմակերպվի: Դա նշանակում է, որ երկու կողմում էլ էդ զգացողությունը կար, որ դավադրություն կա ստեղ, պետք է ռեակցիա տալ»:
Փաշինյանի ասածն այն է, որ հայաստանյան հասարակությունը ոչ թե իր կամքով է ըմբոստացել Ադրբեջանի դեմ, այլ ինչ-որ արտաքին ուժեր, ենթադրաբար` Ռուսաստանն է հրահրել այդ ըմբոստությունը, չար Պուտինը, որն ուզում է պատերազմ հրահրել: Ալիեւն էլ ասել է, որ եթե դա իսկապես այդպես է, ապա Փաշինյանը պետք է խմբագրի ընտրության արդյունքները, դրանք համապատասխանեցնի իր պահանջներին, ինչին հեզաճկուն Փաշինյանը համաձայնել է: Առաջին քայլը եղավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը հինգ մանդատներից զրկելը, հաջորդ քայլով Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները ձայներ են ստացել ընտրակաշառքով եւ կեղծիքով, եւ բազմաթիվ քրեական գործեր սարքվեցին այդ դաշինքների համամասնական ցուցակների անդամների նկատմամբ, հնարավոր է, որ այդ դաշինքները եւս զրկվեն մանդատներից: Ամեն ինչ կախված է, թե ինչ կպահանջի Ադրբեջանը, ինչքանով բավարարված կլինի ընտրությունների արդյունքներից: Փաստացի, Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, դատախազությունը եւ մյուսները հիմա աշխատում են ադրբեջանական պետպատվերի շրջանակներում:
Երբ Փաշինյանն իրեն ճղելով պահանջում է, որ ընդդիմությունը հեղափոխություն անի, դա ընդամենը մի բան է նշանակում. նա ասում է` այո, ես պատանդ եմ, պատանդ եմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքին, լինելով պատանդ, ես պարտավորություն ունեմ՝ կատարելու նրանց ներկայացրած պահանջները, եթե դուք դեմ եք դրան, ապա ազգային-ազատագրական պայքար սկսեք եւ Հայաստանն ազատագրեք պատանդի կարգավիճակից: Եթե պայքար չեք սկսում, եթե պատրաստ չեք Հայաստանն ազատագրել, ուրեմն մի բողոքեք, որ ես կատարում եմ նրանց պահանջները: Կարծում եմ՝ ամեն ինչ արդար է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր