Խոստացել էիք փոխել ասբոշիֆերի ծածկերը, փոխեք գոնե կարկտից ծակծկված տանիքները
Mon, 22 Jun 2026 19:45:11 +0400

Հունիսի 19-ին 20 րոպե անձրևի ու ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Տավուշի սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր գյուղերին։ Այն ավերել է Ոսկեպարի բանջարանոցները, պտղատու ծառերը, խաղողի վազերը, 3 ընտանիքների պատկանող արևային կայանները։ Հաջորդ օրը՝ հունիսի 20-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Բաղանիս, Ջուջևան գյուղերին։ Հավի ձվի չափ, անկանոն տեսքով, ելուստներով կարկտահատիկներն ավերել են բանջարանոցները, այգիները, խաղողի վազերը, ծակել են տների, անասնագոմերի, խորդանոցների ու այլ շինությունների ասբոշիֆերյա ծածկերը, վնասել ավտոմեքենաներ։
Տեղացիներն ասում են, որ վերջին 60-70 տարում նման մեծության կարկուտ չեն տեսել։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ հունիսի 20-ին կարկուտ տեղաց նաև Ոսկեպարում, ուր նախորդ օրը կարկուտը ավերածություններ էր արել։ Կարկտահարությունից տուժած գյուղացիները օգնության խնդրանքով գրավոր դիմել են Նոյեմբերյանի համայնքապետարան, ուր գործում է կարկտահարության վնասներն ուսումնասիրող հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը կարձանագրի, կհաշվարկի բնական աղետի պատճառած վնասները, սակայն համայնքը ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի աջակցի կամ փոխհահատուցի գյուղացիների վնասները։ Վերջին տարիներին պետությունը չի աջակցել կարկտահարությունից շատ վնասներ կրած Տավուշի բնակիչներին։
Հիմա էլ 8 տարվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն հարց է տալիս, թե անոմալ կարկտահարություններն ինչի՞ հետևանք են։ Կարկտի դեմ պայքարի միջոց են հակակարկտային կայանները։ Տավուշում տեղադրված են 14 հակակարկտային կայաններ, բոլորը՝ Նոյեմբերյան համայնքում, մարզի մյուս 3 համայնքներում՝ Իջևանում, Դիլիջանում, Բերդում նման կայաններ չկան։ Փաշինյանի իշխանության 8 տարիներին Տավուշում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել։ Գյուղացիներն ասում են, որ «Զենիթ-տուրբո» տեսակի կակարկատային կայանները չեն կարող ամբողջովին չեզոքացնել ուժգին կարկտահարությունը, սակայն դրանք նվազեցնում են կարկտահարության վնասները։ Մինչև 2018թվականը գովազդվում էր Հայաստանում հակակարկտային ցանցերի արտադրությունը, որ մեծ ծավալի արտադրության դեպքում դրանք մատչելի գներ կունենան, սակայն այդ խոսակցությունները չդարձան ցանցերի մեծածավալ արտադրություն, հակակարկտային ցանցերը գյուղատնտեսության մեջ մեծ կիրառություն չգտան։ Հունիսի 20-ի կարկտարությունից Տավուշի սահմանամերձ գյուղերում տների, անասնագոմերի, խորդանոցների և այլ շինությունների ասբոշիֆերյա ծածկեր են ծակծկվել, անպիտան են դարձել։
Մարտին` Աժ ընտրություններից առաջ գյուղերում խոսակցություններ էին տարածվել, որ կառավարությունը փոխելու է տների քաղցկեղածին ասբոշիֆերյա տանիքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնարարականով սահմանագոտում հաշվառվել էին առանձնատների, այլ կառուցների ասբոշիֆերներով ծածկերը։ Այդ ժամանակ տեղեկատվական հարցում կատարեցի ՏԿԵ նախարարություն, որտեղից հայտնեցին․ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է քննարկել ասբեստից պատրաստված տանիքների ծածկաթիթեղները փոխարինելու հարցը՝ դիտարկելով անհատական բնակելի տների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի ու շինությունների ասբեստից տանիքների փոխարինման աշխատանքների համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորելու հնարավորությունը,իսկ բազմաբնակարան շենքերի հին տանիքները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համաֆինանսավորելու հնարավորությունը։ Նախնական հաշվառում, որոշակի հաշվարկներ իրականացնելու և ծրագրին նախնական գնահատական տալու նպատակով համապատասխան հանձնարարական է ուղարկվել ՀՀ մարզպետներին և հանձնարարվել է ՀՀ ՏԿԵ նախարարություն ներկայացնել տեղեկատվություն ասբեստից տանիք ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների և պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերաբերյալ։ Անհրաժեշտ ուսումնասիրությունների և քննարկումների ավարտից հետո միայն նախագիծը կշրջանառվի և կհստակեցվեն ժամկետներն ու պայմանները»։
Այն ժամանակ այս տեղեկատվությունը դիտարկեցինք` որպես ընտրություններից առաջ գյուղացուն ուղղված ընտրակաշառք, բայց ընտրություններն ավարտվեցին ու տանիքների հաշվառումն էլ ավարտվեց: Հիմա Տավուշի մարզում կարկտահարությունից ծակծկված ասբեստյա շիֆերներով տանիքները փոխարինելու խնդիրը հրատապ է։ Ն․ Փաշինյանը հայտարարում է, որ սիրում է բոլորին, նա կարող է այդ սերը նյութականացնել եւ կարկտահարությունից տների, անասնագոմերի ասբոշիֆերներից ծածկծկած տանիքները նորով փոխելու համար պետական աջակցություն ցուցաբերել։ Մանավանդ, որ կարկտահարությունից տուժած սահմանամերձ գյուղերի ընտրողների մեծամասնությունը հունիսի 7-ին ՔՊ է ընտրել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր