Շատ ցավալի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 8 տարվա ընթացքում
Mon, 22 Jun 2026 21:23:57 +0400

Շատ ցավալի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 8 տարվա ընթացքում: Բայց, ըստ իս, ամենացավալին մեր ազգի դիմադրողականության, ինքնապաշտպանական բնազդի, պայքարելու կամքի բացակայությունն է, որին հասել է այս իշխանությունը 8 -ամյա հետեւողական աշխատանքի արդյունքում:
Դիմադրողականության բացակայությամբ, ամեն ինչի հետ հաշտվելու, ամեն ինչ մարսելու ու ներելու, միայն դրականը տեսնելու, իսկ վտանգները տեսնողներին քարկոծողների բազմության է վերածվել մեր հասարակությունը, որը չի ուզում վատ բաների մասին լսել- տեսնել, վատի դեմ պայքարել:
Վստահ եմ` ինքներդ հարյուրավոր օրինակներ կարող եք բերել: Իմ աչքի առաջ ծառերը գրկած երիտասարդներն են, որոնք թույլ չէին տալիս գեթ մեկ ծառ կտրվի Երեւանում եւ իրենց պայքարով փրկեցին Մաշտոցի պուրակը, իսկ հիմա խաղաղ հետեւում են Երեւանի կանաչ զանգվածի հոշոտմանը:
Իմ աչքի առաջ Ամուլսարի դեմ պայքարողներն են, որոնք երկար ամիսներ քնում էին Ջերմուկի սարերում, որ հանքը չկառուցվի, հիմա ադրբեջանական դիրքերի կառուցմանն են հանգիստ հետեւում:
Իմ աչքի առաջ տրանսպորտի ու հոսանքի թանկացման դեմ պայքարն է, ոստիկանների ու ժողովրդի մեջ պատ կազմած իշխանականների շարքը:
Իմ աչքի առաջ 16-ի ապրիլյան պատերազմից հետո հանրությանը համակած ցասումն է` 100 զոհի եւ մի բլուր կորցնելու համար:
Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էին 90-ականներին նոր դասագրքերի դեմ ընդվզում ուսուցիչները և նախարարի երեսին ասում իրենց կարծիքը` չվախենալով, որ աշխատանքից կզրկվեն:
Ես տեսել եմ, թե բանակում ամեն զոհի, ամեն անարդար դատավճռի, ամեն չբացահայտված հանցագործության դեմ ինչպես էին պայքարում եւ քաղաքացիները, եւ իրավապաշտպանները:
Ես տեսել եմ, թե ինչ անզիջում պայքար էին մղում Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի բնակիչները, որոնք դժգոհ էին իրենց տրամադրվող փոխհատուցումներից: Նրանք փաստաբանների հետ բարիկադներ էին կառուցում ու ԴԱՀԿ աշխատողների դեմ բառացիորեն մարտեր մղում, հետո բոլոր ատյաններով անցնում, որ փոխհատուցում ստանան:
Ես տեսել եմ, թե ինչպես էին բնակելի շենքերի բնակիչները միասնաբար պայքարում նոր կառուցվելիք բարձրահարկի դեմ, որն իրենց լույսն էր փակելու` քանի տոննա նամակ ու հայց էին գրում: Ի վերջո, հասնելով հաջողության` հարկայնությունն էր նվազեցվում, փոխհատուցումներ էին վճարում, բակն էին բարեկարգում կառուցապատողները:
Ես չեմ մոռացել` ինչպես էին դիմորդների ծնողները պայքարում, որ լրացուցիչ տեղեր հատկացվեն բուհերի տարբեր ֆակուլտետներում, ինչպես էին նախարարության դռները ջարդում` հասնելով իրենց ուզածին: Իսկ երբ խորհրդարանում քննարկվում էր ուսանողական նստարանից` 18 լրանալուն պես բանակ տանելու հարցը, ի~նչ աղմուկ բարձրացավ եւ ինչպես իշխանությունը հետքայլ արեց: Իսկ պայքարը ղեկավարում էր ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ով չվախեցավ դուրս գալ Տեր-Պետրոսյանի ու բուհական ռեֆորմի դեմ:
Դե, իսկ ո՞վ է մոռացել 2016-ի ապրիլին կամ 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ գնացողների շարասյուները` հայրենիքի համար մեռնելու պատրաստ երիտասարդներից մինչեւ 90-ականներին կռված տարեց ազատամարտիկներ:
Ինչպե՞ս պատահեց, որ պայքարի նման պոտենցիալ ունեցող մեր ըմբոստ ժողովրդին այսպես կոտրեցին, դարձրին ամեն ինչի հանդեպ անտարբեր, ամեն ինչի հետ հաշտվող հացկատակների հանրություն, որը ոչ միայն թույլ է տալիս, որ իր սրբությունները տրորեն, իր հայրենիքն ու պատմությունը ձեռքից խլեն, այլեւ ինքն է միանում արցախցիներին ու հայրենիքի համար զոհվածներին հայհոյելու նողկալի գործին: Եւ խաղաղ լսում է, թե ինչպես են իրեն նվաստացնում, հայտարարելով` «ում դուր չի գալիս, դուրս եկեք փողոց, հեղափոխություն արեք»:
Գուցե պատճառն այն է, որ 2018-ին մի անգամ դուրս են եկել ու նման արդյո՞ւնք ստացել: Գուցե այն, որ իրենց դիմաց ավելի «անդողդողդ» իր նպատակին գնացող չար ո՞ւժ են տեսնում: Գուցե այն, որ նման պայքարի առաջնո՞րդ չեն տեսնում:
ՀԳ Նկարում Փարպեցի-Արամ հատման կետում կառուցվող շենքի շինարարությունն է` մոտակա շենքերի բնակիչներն անասելի վրդովված են, որ այս մի ափարափ տեղում Ավինյանը 17 հարկանի շենքի թույլտվություն է տվել, որը ոչ միայն իրենց լույսն է փակելու, այլեւ այս տարածքում անհնարին է դարձնելու շարժվելը, ապրելը…բայց վրդովված բնակիչները ոչինչ չձեռնարկելցին այս այլանդակությունը կանխելու համար: Ի դեպ, ասում են` կառուցողը Արթուր Բաղդասարյանի եղբայրն է, բայց շենքից իրենց փայն ունեն իշխանական որոշ պերսոններ…
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր