Ոչ Երևանի քաղաքապետը, ոչ փոխքաղաքապետը դատավճիռներ կարդալու գործառույթ չունեն
Wed, 24 Jun 2026 20:15:40 +0400

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Երևանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը:
– Երեքշաբթի օրն ավգանու նիստը վերածվեց ծեծուջարդի: Իշխանական ֆրակցիան իր կցորդի հետ մեկտեղ հարձակվեց ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ի անդամների վրա, անգամ բանը հասավ նրան, որ ընդդիմադիր Սարգիս Տեր-Եսայանին մարմնական վնասվածքներ հասցրին: Եւ նման խուլիգանական պահվածք են դրսևորում այն ուժերը, որոնք ողջ օրը արևմտյան արժեքների մասին են ճամարտակում: Ձեր ֆրակցիան բավականին պասիվ էր այդ օրը, ձեր թիմը, կարծես, իշխանական սադրանքներին չի ենթարկվում: Ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցածի վերաբերյալ:
– Այդ երևույթը ուղղակի անուն չունեցող երևույթ է: Ավագանու ինստիտուտին հարիր չէ նման պահվածքը: Անհարմար է, որ մեր հանրությունը, մեզ հետևող քաղաքացիները այս էլ որերորդ անգամ է նման միջադեպի են ականատես լինում: Մեր խմբակցությունը, այո, այդ կռվի մեջ ընդգրկված չէր: Ամբիոնից հնչեցին ելույթներ, որոնք կոնկրետ նպատակ ունեին: Մենք քննարկում էինք մայրաքաղաքին վերաբերող հարցեր, տրանսպորտի հարցը, մասնավորապես, օրակարգում էր: 46 հարց կար օրակարգում, բայց միայն մեկ հարցն էր զեկուցվող: Մենք պետք է բացառապես խոսենք քաղաքին ուղղված հարցերի մասին, և մենք տեղից դա էինք ասում: Ինչի՞ համար էին քննարկում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները` ով ինչքան ձայն ստացավ, կամ ով որքան խախտում արեց, և այլն: Եթե խոսում ենք տրանսպորտի հարցից, ապա մինչև վերջ պետք է այդ հարցի մասին խոսվեր: Բայց մենք տեսանք, որ ավագանու կին անդամը հպարտորեն ամբիոնից հայտարարեց, որ ընդդիմադիրները լավ կանեն չգնան խորհրդարան, քանի որ բոքսի տանձիկ կդառնան և այլն: Սարսափելի է, որ կին ավագանու անդամը կարող է նման հայտարարություններ անել, դրանից հետո մենք լսեցինք հեգնանք, վիրավորանքներ` ընդդիմադիրներին ուղղված, ի դեպ` այս մարդիկ այնքան են իրենց հիմնական գործառույթներից հեռացել, որ զարմանում են, թե ինչո՞ւ ենք մենք քաղաքի կեղտից ու փոշուց խոսում, համայնքային խնդիրների մասին խոսելու համար հեգնում են արդեն:
– Այսինքն` համայնքային հարցերին անդրադառնալը Երևանի ավագանիում արդեն դատապարտելի արարք է համարվում:
– Համենայն դեպս այդ հարցերը բացարձակապես հետաքրքիր չեն այդ մարդկանց, մեզ չեն լսում, քաղաքական ելույթներ են ունենում, Երևանի ավագանին, և առհասարակ ավագանին այս մարդկանց տեղը չէ, իրենք չեն հասկանում, թե ինչի համար են ավագանու մանդատ ստացել: Շշեր են նետում իրար վրա, հարձակվում են միմյանց վրա, ուղղակի ահավոր է:
– Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որը ավագանու նիստն էր վարում, դատավճիռ կարդաց ավագանիում, պնդելով, որ Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան է, իսկ նրա թիմակիցները չունեն խոսելու իրավունք, նա փողոցային ժարգոնով ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանին ասում է` դավայ ստուց, արի դուրս գանք դրսում խոսենք…. արդյո՞ք սա նորմալ երևույթ է:
– Պետության ներսում կա դատական իշխանություն, հավանաբար փոխքաղաքապետը չգիտի այդ մասին: Չի կարելի մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձին նման գնահատականներ տալ, առավել ևս` մեղադրել: Մենք բոլորս պարտավոր ենք հարգել անձի անմեղության կանխավարկածը: Ո՞նց կարելի է այդպիսի հայտարարություններ անել, դա առնվազն շատ սխալ է: Ոչ Երևանի քաղաքապետը, ոչ էլ փոխքաղաքապետը դատավճիռներ կարդալու գործառույթ չունեն: Նույնը վերաբերում է ավագանու անդամներին: Ակնհայտ է, որ եթե փոխքաղաքապետը այդպես սադրում է, «Մայր Հայաստանն» էլ պետք է պատասխաներ: Պարզ է, որ ամեն ինչ վերջանալու էր հենց այսպես:
– Ձեր խմբակցությանն էլ երբեմն սադրում են, օրինակ` Հայկ Մարությանի դերասանական աշխատանքը նույնացնում են քաղաքական գործունեության հետ, տգեղ գնահատականներ են տալիս, սակայն ձեր թիմը երբեք չի հայտնվում նման վեճերի կիզակետում: Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել սադրանքը:
– Անկեղծ ասած` այն, ինչ եղավ երեքշաբթի օրը, այլ աստիճանի սադրանք էր, եթե օբյեկտիվ լինենք, ապա սա այլ հարթության վրա գտնվող սադրանք էր: Մենք` մեզ ուղղված հայտարարություններին պատասխանում ենք, իհարկե, սակայն բանը չի հասնում այս կարգի կռվի, որովհետև կան որոշակի տարբերություններ:
– Այսի՞նքն:
– Տարբերվում է սադրանքի ձևը: Տպավորություն է, որ նույնիսկ սցենար էր մշակվել կոնկրետ:
– Այսինքն` ձեր թիմին ավելի քի՞չ են սադրում, դա՞ նկատի ունեք:
– Քիչը չի հարցը, ուղղակի մեր դեպքում երևույթները մի փոքր այլ են, թեպետ ավագանիում կոնկրետ անձ կա, ով մշտապես թիրախավորում է Մարությանին, բայց դրա ձևը այնպիսին չէ, ինչպես եղավ երեքշաբթի օրը: Մենք սովոր ենք, որ այդ անձը նման պահվածք ունի, և ըմբռնումով ենք մոտենում նրա սևեռումներին, և մեր ասելիքը ասում ենք այլ ձևով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր