Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Հակաուտոպիայի հայկական տարբերակը

Հակաուտոպիայի հայկական տարբերակը

Thu, 25 Jun 2026 18:45:05 +0400


Մի ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մեղադրում էր ընդդիմադիրներին, որ նախկինում մարդ էին ծեծում «պադյեզդում»: Հիմա նիկոլականները գործընկեր են ծեծում հիմնարկներում՝ աշխատանքային ժամերին: Եվ եթե վարչապետի անձնիշխանությամբ Հայաստանը վերածվում է բռնապետության, ապա տեղական մակարդակում այն ձեռք է բերում խուլիգանապետության հատկանիշներ, էլ չասած` ոստիկանապետության վերածվելու մասին: Չնայած տեսականորեն չի կարող նույն իշխանությունը միաժամանակ լինել թե՛ բռնապետություն, թե՛ խուլիգանապետություն եւ թե՛ ոստիկանապետություն: Բայց քանի որ մենք գործ ունենք այսօրվա հայաստանյան աննորմալ իրականության հետ, ապա պետք է ընդունենք դա որպես բացառություն, որ հատուկ է միայն մեր պետությանը` ոչ ադեկվատ անձի վարչապետության պարագայում:

Որովհետեւ նորմալ պետությունը հիմնված է լինում հիշողության՝ ազգային ավանդույթների, պատմության ու խորհրդանշանային համակարգի վրա: Այսօր այդ ամենը չեղարկվում է: Դրանց փոխարեն գործող իշխանության կողմից երբեմնի «հպարտ» քաղաքացիներին հրամցվում է այդ ամենից «ազատագրված իրականը»: Փորձ է կատարվում մարդկանց ուղեղներում ամրագրել այն մտայնությունը, թե մարդու կյանքում գլխավորը լափելն է: Ինչը մարմնավորում է վերը նշված «իրականի» ճարտարապետը: Իսկ դա անելու համար կարիք չկա ունենալ ազգայինով հագեցված պետական խորհրդանշանային համակարգ՝ սիմվոլիկա: Հատկապես որ լափելը հոգեբանորեն ավելի լավ է ստացվում Մասիս սարին փոխարինած քառագագաթ Արագածի պատկերի ներքո: Իսկ եթե սիմվոլիկայի փոխարինումը հասցվի տրամաբանական ավարտի, ապա մեր երկիրն էլ «արեւմտյան ադրբեջանի» վերածված կլինի:
Խայտառակ պարտության խորհրդանիշ անձի կողմից ձեւավորված վարչապետական կառավարման մոդելը կարող է հատկանշվել որպես եռաֆազ (բռնապետություն, ոստիկանապետություն, խուլիգանապետություն) մեկ ամբողջություն, ապա ինչո՞ւ չի կարելի այն ներկայացնել դրանցից մեկի տեսքով, ինչը բնորոշելը, ի դեպ, բարդ խնդիր չէ: Ընդամենը հարց ենք տալիս, թե որ ֆազն է իր մեջ ներառում մյուս երկուսը: Վերցնենք առաջինը՝ բռնապետությունը: Ճիշտ է, այն հիմնված է ոստիկանության վրա, սակայն չի կարող զուգահեռ թույլատրել խուլիգանապետության տարրեր, որովհետեւ կստացվի, որ բռնապետը միակ ղեկավարը չէ, դրանք բազմաթիվ են: Եթե հաշվի առնենք, որ խուլիգանապետության վերջնական կերպարը հանդես է գալիս որպես «օրենքով գողերի» ինստիտուտ, իսկ դրանք, նախ, բազմաթիվ էին ու մեկը մյուսին թշնամի: Երկրորդ․ կարող էին ձեռք բարձրացնել «թագադրված» անձի վրա: Պետության բռնապետը նման բան թույլ տալ չէր կարող: Ի դեպ, հենց դրա օգտին է խոսում հանցագործության դեմ պայքարի՝ իտալական «դուչե» Մուսոլինիի եւ Իոսիֆ Ստալինի օրինակը:
Անցանք ոստիկանապետությանը: Որքան էլ այն ձեւախեղվի ու այլանդակվի, միեւնույն է, չի կարող չեղարկել իր հիմնական գործառույթը՝ պայքար հասարակական կարգի պահպանության համար, ինչն ինքնին նշանակում է պայքար ընդդեմ խուլիգանների եւ «օրենքով գողերի»: Ճիշտ է, կլինեն բազմաթիվ ոստիկանապետեր, որոնք կգնվեն վերջիններիս կողմից, սակայն ոստիկանապետության հիերարխիայի գագաթին գտնվողի համար «օրենքով գողերի» թագադրված անձը չի կարող համարվել հուսալի գործընկեր, ինչպես Եվրամիության ղեկավարության համար, օրինակ, Ադրբեջանի բռնապետն է: Իսկ եթե դրանց զուգահեռ գոյությունը նշանակում է շարունակական պատերազմ, ապա նման կառավարմամբ երկիրը երկար գոյություն ունենալ չի կարող: Ու հաստատ դա չէ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի երազանքը:

Մնաց խուլիգանապետությունը: Այս դեպքում գործ կունենանք թագադրված «օրենքով գողի» հետ, ում կծառայեն ոստիկանությունն ու մնացյալ իրավապահ համակարգը, հատկապես վերջինիս ուժային մասը՝ ազգային գվարդիան: Տեղերում կթույլատրվի տեղական մակարդակի «օրենքով գողերի» ինստիտուտը, ինչը կփոխարինի ոստիկանությանը, որը, ի դեպ, գոյություն ունի նաեւ այսօր: Որովհետեւ այն, ինչի համար ձերբակալվում են ընդդիմադիրները, բացարձակ չի վերաբերում իշխանության ներկայացուցիչներին: Ոստիկանապետության պայմաններում նման երեւույթ գոյություն ունենալ չի կարող:

Մնաց մեկ` ամենակարեւոր հարցը: Որպեսզի բռնապետության, ոստիկանապետության եւ խուլիգանապետության ամբողջությունն ընկալվի որպես միասնական խուլիգանապետություն, այն պետք է ղեկավարվի «օրենքով գողերի» ինստիտուտի ու դրա ղեկավարի՝ թագադրված անձի կողմից: Սակայն խնդիրն այն է, որ, ինչպես այլ հետխորհրդային հանրապետություններում, Հայաստանում եւս «օրենքով գողերի» ինստիտուտը Քրեական օրենսգրքով սահմանված է որպես օրենքից դուրս երեւույթ: Բայց կա նաեւ այդ հարցի լուծման տարբերակը. եթե ՀՀ-ում հնարավոր է սահմանադրական դրույթները խախտելով Սահմանադրություն փոխել, ապա ինչո՞ւ չի կարելի «օրենքով գողերի» ղեկավարին ներկայացնել որպես ազգի «փրկչի» ու հռչակել անփոփոխ վարչապետ, հատկապես որ ԵՄ-ն, միեւնույն է, դա եւս կընդունի սիրով, միայն թե վստահ լինի, որ այդ «փրկիչն» ամեն ինչ անելու է Ռուսաստանի ղեկավարության հետ թշնամանալու համար, ինչը որ տեղի է ունենում մեր օրերում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե այդպես է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին

Եթե այդպես է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին Thu, 25 Jun 2026 13:03:41 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով