Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Եվրոպան, եթե ուժ ունենար, հայ-թուրքական սահմանը վաղուց բացված կլիներ

Եվրոպան, եթե ուժ ունենար, հայ-թուրքական սահմանը վաղուց բացված կլիներ

Thu, 25 Jun 2026 18:15:37 +0400


Մինչ Հայաստանի տասնյակ հազարավոր ֆերմերներ միլիարդավոր դրամների վնասներ են կրում, ապրանքը վաճառում են ինքնարժեքից ցածր գնով, ինչը նշանակում է, որ կորչում են վերարտադրության իմաստը եւ մոտիվացիան, եվրաչինովնիկները Հայաստանին օգնություն եւ նոր շուկաներ են խոստանում: Ցավոք, մենք դեռ շատ առիթ կունենանք հիշելու ռուսական «խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ» հայտնի ասացվածքը: Փաշինյանի մոտ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար աշխատող Դավիթ Խուդաթյանը հորթային հրճվանքով ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսին է նվիրում մի քանի հատ ծիրան, իսկ վերջինս էլ ավետում է, որ խորհրդանշական քանակի հայկական ծիրանը հասավ Եվրոպա՝ Հայաստանին եւ հայ արտադրողներին խոստանալով նոր շուկաներ: Սա նույնիսկ անեստեզիա էլ չէ, ժամանակավոր ցավազրկում` բուժման նպատակով, սա ավելի շուտ էվթանազիա է, երբ հատուկ միջոցով մահը դարձնում են անցավ, աննկատ: Ահա թե հիմա ինչ է անում ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ: Չնայած էվթանազիան մահվան կամավոր համաձայնության դեպքում է, սա ավելի շուտ սպանություն է, քանի որ կատարվում է խաբեության եւ բռնության միջոցով, հայ հասարակության ակտիվ դիմադրությունը կոտրելու ճանապարհով:

Իսկ իրական կյանքը բոլորովին այլ է. ծիրան կամ կեռաս արտահանող հայ տնտեսվարողները գնում են այլ պետությունների տարբերանշաններով արկղեր, որ հայկական միրգը Ռուսաստան արտահանեն դրա անվան տակ, այնպես, ինչպես մի ժամանակ թուրքական եւ իրանական գյուղմթերքն էին լցնում հայկական արկղերի մեջ ու Ռուսաստան արտահանում հայկականի անվան տակ, եւ Ռուսաստանն էլ աչք էր փակում այդ մանիպուլյացիաների վրա: Ռուսաստանը կարող է հիմա էլ աչք փակել, որ մի քանի բեռնատար՝ հայկական մրգով բարձված, մտնի ռուսական շուկա, բայց դա Հայաստանի խնդիրը չի լուծի, որովհետեւ ապրանքի հսկայական մասը մնալու է երկրում` չի իրացվելու: Բացի դրանից, զարտուղի ճանապարհներով ու մանիպուլյացիաներով հայկական մթերքը Ռուսաստան հասցնելը բարձրացնում է գինը, թանկացնում հայկական ապրանքը, ինչը նվազեցնում է մրցունակությունը: Իսկ ռուսական շուկայում Հայաստանը շատ ուժեղ մրցակիցներ ունի, միայն Ուզբեկստանն այս տարի կրկնապատկել է գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան: Այդ երկիրը, որ ո՛չ ՀԱՊԿ եւ ո՛չ էլ ԵԱՏՄ անդամ է, իր իշխանությունների շրջահայացության շնորհիվ կարողանում է հսկայական շուկա ապահովել իր գյուղացիների եւ ֆերմերների համար: Ադրբեջանն է նաեւ օգտվում հայ-ռուսական հակասություններից, եւ ադրբեջանական գյուղմթերքը ողողել է ռուսական շուկաները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ գործարք կնքելուց հետո հայտարարում է, որ իրանական սառեցված ակտիվներից ապասառեցվելու է 12 միլիարդը, բայց այդ գումարն օգտագործվելու է բացառապես ամերիկյան ֆերմերների արտադրանքը գնելու համար: Իրանն ԱՄՆ-ից ցորեն, եգիպտացորեն եւ սոյա է գնելու, որը կարող էր ավելի հարմար գնով եւ պայմաններով գնել Ռուսաստանից կամ Ուկրաինայից, կամ որեւէ այլ երկրից, բայց հիմա չի գնի, քանի որ ԱՄՆ-ն նման պայման է դրել` ձեր փողով միայն մերը կարող եք գնել: Թրամփը մտածում է իր ֆերմերների մասին, մտածում է նրանց սպառման շուկա ապահովելու մասին, որովհետեւ ամերիկյան ֆերմերներն իրեն ձայն են տվել, ինքը՝ որպես պետության ղեկավար, իրեն պատասխանատու է համարում նրանց առաջ, իսկ խունտան զբաղված է շուկա փակելով, խունտայի առաջնորդն ասում է, որ մարդիկ պետք է նոր շուկա գտնեն, հարմարվեն նոր իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե իշխանությունը եւ դրա մի քանի ներկայացուցիչներն են սպասարկում երկրի շահերը, այլ հակառակը` մի ամբողջ երկիր սպասարկում է մի քանի հոգու, ստիպված է համակերպվել նրանց քմահաճույքների հետ:

Եվրոպան այնքան թույլ ու անկարող է, որ չի կարողանում ներազդել իր տնտեսական հիմնական գործընկեր Թուրքիայի վրա, ստիպել, որ այդ երկիրը բացի Հայաստանի հետ սահմանը: Մարթա Կոսը, Կայա Կալլասը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսում են Հայաստանին օգնելու եւ եվրոպական շուկան նրանց առաջ բացելու մասին, բայց չեն խոսում, թե հայկական ապրանքը ոնց պետք է հասնի այդ շուկա: Դրա լավագույն ձեւը կարող էր լինել Թուրքիայի տարածքն օգտագործելը, կարող էին, չէ՞, ասել, տեսեք` Ռուսաստանը փակում է իր սահմանը, իսկ Թուրքիան բացում է: Նույն Դավիթ Խուդաթյանը նույն Բրյուսելում Մարթա Կոսից հետո հանդիպում է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ եւ քննարկում․ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ՝ «տարածաշրջանային կապուղիների զարգացման հեռանկարները»: Ստացվում է` տարածաշրջանային կապուղիները գործում էին, հիմա էլ սա քննարկում է դրա զարգացման հեռանկարը: Մինդեռ չգործող բանը հնարավոր չէ զարգացնել:

Էրդողանն այս թեմայով չորս տարի ֆռռացրեց Փաշինյանին, Հաքան Ֆիդանը չորս տարի խաբեց Արարատ Միրզոյանին, Սերդար Քըլըչը չորս տարի մատների վրա խաղացնում է Ռուբեն Ռուբինյանին, հիմա թարմ ականջ են գտել, մի չորս տարի էլ Ուրալօղլուն Խուդաթյանին թող ման տա Արաքս գետի հովտում եւ Անիի ավերված կամրջի շուրջ: Եթե եվրոպացիք խաբում են` խոստանալով նոր շուկաներ եւ օգնություն, ինչո՞ւ թուրքերը չպետք է խաբեն` խոստանալով սահմանի բացում եւ հարաբերությունների կարգավորում: Խունտան էլ հայաստանյան հասարակությանն է խաբում: Ամեն ինչ արդար է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Viva-ն «RED»-գործընկերների հետ շարունակում է զարգացնել Հայաստանի թվային էկոհամակարգը

Viva-ն «RED»-գործընկերների հետ շարունակում է զարգացնել Հայաստանի թվային էկոհամակարգը Thu, 25 Jun 2026 14:57:56 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով