10 օր պեռաշկի կերանք, հիմա կարելի է շերեփով սեւ իկրա լափել
Sat, 27 Jun 2026 19:15:15 +0400

Փաշինյանն ամբողջ ռեպրեսիվ ապարատին ֆաս հրաման է տվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրա ընտանիքի եւ նրա ունեցվածքի վրա, ինչը մեծ հաճույքով կատարում են իրավապահ կոչվածները: Ծառուկյանի մեղքն այն է, որ համարձակություն է դրսեւորել, առանց Նիկոլի համաձայնության, մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ստեղծել իր իշխանությանն ընդդիմացող քաղաքական ուժերի եւ գործիչների դաշինք: Մինչեւ խորհրդարանական ընտրությունները Ծառուկյանի եւ նրա բիզնեսների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը լոյալ էր, նույնիսկ 2021 թվականին, երբ Ծառուկյանը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, նրա նկատմամբ քաղաքական եւ տնտեսական հետապնդումներ տեղի չունեցան, Փաշինյանն այն ժամանակ իրեն ուժեղ էր զգում եւ չէր վախենում մրցակցությունից: Հիմա, երբ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրային աջակցությունը, նրան բոլորովին այլ քաղաքական համակարգ է պետք, պետք են կեղծ քաղաքական մրցակիցներ, մրցակիցներ, որոնք զուրկ են ֆինանսական եւ քարոզչական ռեսուրսներից եւ այդ պատճառով վերահսկելի են իր կողմից:
Դեռ ընտրություններից առաջ էր Փաշինյանը խոստացել, որ իր երեք քաղաքական մրցակիցներին` Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ծառուկյանին այն աստիճան է ունեզրկելու, որ «հացին կակա ասեն»: Ընտրությունների արդյունքները պատճառ դարձան, որ Փաշինյանն ավելի խոր ընկալի` անկախ ֆինանսական ռեսուրս ունեցող ուժերը միայն կարող են իրեն մրցակցության հայտ ներկայացնել, որքան էլ ինքը փորձի իր քարոզչամեքենայով լվանալ մարդկանց ուղեղները եւ հարուստներին ներկայացնել որպես իրենց հարստահարողներ, թալանչիներ, քրեաօլիգարխներ։ Միեւնույն է, հասարակության համար կան ընտրության ավելի կարեւոր չափորոշիչներ` մարդկանց ունեցած կառավարչական հմտությունները, անցյալի փորձը, անձնական հեղինակությունը, միջազգային կապերը եւ հեղինակությունը: Բացի դա, երբ քաղաքական գործիչն ունի սեփական կապիտալ, նա ավելի անկախ է, եւ անհամեմատ ավելի դժվար է նրան վերահսկելը, նրա գործունեությանը խոչընդոտելը: Մինչդեռ իշխանությունը կուզենար ունենալ իր կողմից ֆինանսավորվող եւ իրեն հնազանդորեն ծառայող «ընդդիմադիրների եւ ընդդիմախոսների», որոնց ընդդիմադիր լինելու չափն ինքն է որոշում: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մեկ տասնյակից ավելի այդպիսի կեղծ` իշխանության կողմից հովանավորվող եւ կառավարվող կուսակցություններ մասնակցեցին, որոնք ավելի շատ գործում էին ընդդիմության դեմ՝ իրենց 1 տոկոսից էլ ցածր վարկանիշով որեւէ վտանգ չներկայացնելով իշխանության համար:
Միանգամից ինչ-որ խախտումներ են հայտնաբերվել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, «Մուլտի վելնես» կենտրոնում, «Շանգրի Լա» խաղատանը… այս ցուցակը երեւի ավելի երկար է: Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում է ներկայացրել ԿԸՀ, ինչը նշանակում է, որ Փաշինյանը Ծառուկյանին կալանավորելու հրաման է տվել: Կալանավորելով Ծառուկյանին եւ խախտումներ հայտնաբերելով նրան պատկանող ընկերություններում, նա մի քանի խնդիր է լուծում: Առաջինն իր քաղաքական հակառակորդի չեզոքացումն է, նա կարող է ստիպել Ծառուկյանին` հայտարարել կուսակցությունը լուծարելու եւ քաղաքականությամբ չզբաղվելու պարտավորվածության մասին: Կգնա Ծառուկյանը դրան, թե ոչ՝ դժվար է ասել:
Նրան պահելով բանտում, Փաշինյանը կփորձի գործարք առաջարկել. ազատություն` սեփականության փոխարեն։ Հնարավոր է, որ նույնիսկ գործարք էլ չառաջարկի, ուղղակի վերցնի եւ իրենով անի նրա սեփականությունը, իր հետ փոխկապակցված անձանց անունով ձեւակերպելով Ծառուկյանից խլված սեփականությունները: Ծառուկյանին կալանավորելով եւ ունեզրկելով՝ Փաշինյանը կատարում է իր արտաքին տերերի հանձնարարականը` կտրում է, այսպես կոչված, պատերազմի եռագլուխ կուսակցության երեք գլուխներից մեկը: Եռագլուխ կուսակցությունն այն քաղաքական ուժերն էին, որոնք դեմ են Հայաստանի ադրբեջանական եւ թրքական հպատակեցմանը, կողմ են Հայաստանի անկախ եւ ինքնիշխան գոյությանը: Պատահական չէ, որ ԲՀԿ-ին պատգամավորական մանդատներից զրկելը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից Հայաստան ուղարկված վերահսկիչի` Հիքմեթ Հաջիեւի այցի օրերին, ամենայն հավանականությամբ՝ նրա հրահանգով:
Հասարակության մեջ կան, իհարկե, մարդիկ, ովքեր ուրախանում են Ծառուկյանի դեմ սկսված բռնաճնշումներով, այնպես, ինչպես որոշ վատ հարեւաններ ուրախանում են հարեւանի տանը բռնկված հրդեհով` չհասկանալով, որ հարեւանի տան հրդեհը կարող է հասնել իրենց տուն, կամ եթե նույնիսկ չհասնի էլ, դրանից իրենց տունն ավելի լավը չի դառնա: Բայց դա հասարակության շատ չնչին եւ առավել ողորմելի հատվածն է, որոնք այլ ուրախություն չունեն, քան այլոց դժբախտությունը: Մտածել, որ Ծառուկյանի դեմ սկսված արշավն այդ հատվածի կրքերը բավարարելու համար է, այնքան էլ ճիշտ չէ, Փաշինյանն այլեւս կարիք չունի որեւէ մեկին կամ որեւէ հանրային շերտի բնազդները բավարարելու, բռնապետությունը հանրային աջակցության կարիք չունի, նրա միակ հենարանը բռնության մեքենան է եւ դրա անխնա շահագործումը:
Բռնության, ապօրինության եւ ունեզրկման ալիքը չի սահմանափակվելու միայն Ծառուկյանով: Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հաջորդ զոհերն են, թեեւ նրանց եւս դա արդեն վերաբերել է` Կարապետյանի մասով ՀԷՑ-ը խլելու տեսքով, Քոչարյանին բազմամիլիոնանոց հաշիվ ներկայացնելով: Բայց դրանով Փաշինյանը չի սահմանափակվելու, նրան եւ նրա շրջապատին ճոխ եւ շվայտ կյանք վայելելու համար պետք է հակառակորդների եւ մրցակիցների ոչնչացում, կապիտալի վերաբաշխում, ինչպեսեւ միլիարդներ` տասնյակ, հարյուրավոր: Իսկ երբ դու՝ ինքդ, ընդունակ չես ոչինչ ստեղծել, միակ տարբերակը մնում է ուրիշի ստեղծածը խլելը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր