«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ
Mon, 29 Jun 2026 16:41:46 +0400

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտնում է իր վերաբրենդավորման մասին՝ ներկայացնելով նոր ռազմավարական տեսլական, ինքնություն և լոգոտիպ։ Վերաբրենդավորմամբ ընկերությունն ավելի հստակ արտահայտում է այն մոտեցումը, որով Ռենշինը արդեն երկար տարիներ գործում է՝ որպես քաղաքաշինական-ներդրումային ընկերություն՝ բարձրակարգ նախագծերի իրականացմանը զուգահեռ իր ներդրումներն ուղղելով և աջակցելով նաև կրթության, մշակույթի և ժամանակակից ապրելակերպի զարգացմանը նպաստող նախաձեռնություններին։
Նոր վիզուալ ինքնությունը հիմնված է «Ռե» նախածանցի գաղափարի վրա. վերաիմաստավորել, վերափոխել, վերասահմանել, վերանորոգել։ Լոգոտիպը, որը ժամանակակից մոտեցումներին համապատասխան է, «տառատեսակային է», «RE» տառերը ներկայացված են ավելի բարձր, ակտիվ են՝ ի տարբերություն մյուս տառերի։ Կարմիր ապաթարց նշանը՝ վերևում սլաքի պես, ուղղված է դեպի առաջ՝ արտահայտելով ընկերության դինամիկան՝ դեպի ամենաբարձր ստանդարտներ։ Բրենդի դինամիկ ենթագիրը՝ «Renshin urban investments», «Renshin culture investments», «Renshin education investments» և այլն, արտացոլում է ընկերության ներկայությունը տարբեր ոլորտներում՝ պահպանելով ամբողջական ու ճանաչելի ինքնությունը։
«Այս փուլում մենք ավելի հստակ ենք ներկայացնում «Ռենշինի» լայն, ընդարձակ տեսլականը՝ քաղաքային զարգացումը դիտարկելով ոչ միայն կառուցապատման, այլև կրթության, մշակույթի և ապրելակերպի զարգացման համատեքստում։ Մեզ համար «Ռենշինը» այն հենման կետն է, որի շուրջ ձևավորվում են երկարաժամկետ արժեք ստեղծող նախագծեր և քաղաքի ապագա զարգացմանը նոր որակ հաղորդող միջավայրեր»։
— Անի Մավյան, «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն
Այս տեսլականն արտացոլված է ընկերության բոլոր նախագծերում։ Երևանում առաջին երկնաքերների Skyline նախագծով «Ռենշինը» վերասահմանել է բարձրահարկության, Artlife Kempinski Residences-ով՝ բարձրաշխարհիկ ապրելակերպի, Բուզանդ 91-ով՝ քաղաքային կյանքի որակի մասին պատկերացումները, Թումանյան 8 հասցեում կառուցվող նոր բնակելի համալիրով՝ քաղաքի կենտրոնում ժամանակակից բնակելի միջավայրի ակնկալիքները, իսկ Սասնա Ծռեր I և II նախագծերով վերափոխել է Դավթաշենի բնապատկերը՝ նպաստելով տեղի անշարժ գույքի արժևորմանը։
«Ռենշինի» նախագծերը վաղուց արդեն ընդլայնում են կառուցապատման սահմանները։ Ընկերության ռազմավարությունն ընդգրկում է ինչպես քաղաքաշինական, այնպես էլ կրթական ու մշակութային ոլորտները, ինչի վառ օրինակն է «Հայ Վիրտուոզներ» ծրագրի «Վիրտուոզների բանաձևը» նախագիծը, որին ընկերությունը աջակցել է 100 մլն դրամով։
Այս մոտեցմամբ՝ «Ռենշինը» հանդես է գալիս ոչ միայն որպես կառուցապատող, այլև որպես ներդրումային հիմք՝ իր փորձը և ներդրումային միջոցներն ուղղելով այն նախագծերին, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում ապագայի համար։ Վերաբրենդավորումը ևս մեկ անգամ ընդգծում է ընկերության ներդրումային էությունը՝ «Ռենշինը» ներկայացնելով որպես միավորող էկոհամակարգ, որի ներքո տարբեր ոլորտներում ձևավորվում են նոր նշաձող սահմանող նախաձեռնություններ։
«Ռենշին»-ի մասին
«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը մշակում, ներդնում և կառավարում է բարձրակարգ և նորարարական քաղաքաշինական նախագծեր՝ սահմանելով նոր՝ համաշխարհային ոսկե ստանդարտներին համապատասխանող նշաձող անշարժ գույքի ոլորտում։ Ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող ընկերությունը իրականացրել է շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում և ներգրավել ավելի, քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Լինելով Հայաստանում կառուցապատման ոլորտի միջազգային ստանդարտների ներդրման առաջնագծում՝ ընկերությունն օգտագործում է առաջադեմ տեխնոլոգիաներ, շեշտադրում կայունության գաղափարը և համագործակցում միջազգային առաջատար գործընկերների հետ՝ իրականացնելով սպասելիքները գերազանցող նախագծեր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր