Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան
Mon, 29 Jun 2026 20:15:24 +0400

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել ու ելույթով հանդես է եկել «Երեխաները և զինված հակամարտությունները» խորագրով 2026 թ. հունիսի 25-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։
Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված անհանգստացնող պատկերը, որում ներկայացվում է 2025 թ. ընթացքում զինված հակամարտություններում երեխաների դեմ իրագործված ծանր հանցագործությունների աննախադեպ աճ։
Դեսպան Հովհաննիսյանն, ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանն ընդունել է 115000-ից ավելի փախստականներ, ներառյալ՝ ավելի քան 36000 երեխաներ, որոնցից շուրջ 17000-ն ինտեգրվել են հանրային դպրոցներում և ստացել կրթական ու հագեբանական-հասարակական աջակցություն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ սերտ համագործակցությամբ՝ Հայաստանը նպաստել է կրթական համակարգում փախստական երեխաների ընդգրկմանը։
Առանձնահատուկ անհանգստություն հայտնելով դպրոցների և կրթական հաստատությունների վրա հաճախակիացած հարձակումներով՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հավելել է, որ առաջնորդվելով ընկալմամբ, որ կրթության պաշտպանությունն ավելին է պահանջում, քան դպրոցների երաշխավորումը ֆիզիկական հարձակումներից՝ Հայաստանը նախաձեռնել է «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որն առանց քվեարկության ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ ՄԱԿ-ի անդամ շուրջ 100 պետությունների համահեղինակմամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր