Այսօր կարևոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի․ Արման Թաթոյան
Fri, 24 Apr 2026 15:09:36 +0400

Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք Ցեղասպանությանը զոհ դարձած մեր անմեղ նահատակներին, բայց պետք է առաջ շարժվենք, ոչ թե անցյալում մնանք։
Այսօր կարևոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի։
Ունե՞նք մենք մոռանալու իրավունք։ Ոչ։
Ունե՞նք մենք մեր պատմությունից հրաժարվելու իրավունք՝ ինչ-որ մեկի բարեհաճությունը շահելու հույսով։ Նույնպես ոչ։
Բայց կա ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր հարց։
Պե՞տք է արդյոք մեր հիշողությունը սահմանափակվի ցավով և ատելությամբ։ Նույնպես ոչ։
Այսօր հիշողության հարցը այլևս միայն անցյալի հարց չէ. այն քաղաքականության և ապագայի հարց է։
Եթե մենք ինքներս հրաժարվենք մեր պատմությունից կամ սկսենք այն աղավաղել, ուրիշներն այն կգրեն մեր փոխարեն։ Եվ այդ տարբերակում մեզ պարզապես տեղ չի մնա՝ ոչ որպես սուբյեկտ, ոչ որպես ձայնի իրավունք ունեցող ժողովուրդ։
Մեզ անհրաժեշտ է ազգային հիշողության այնպիսի մոդել, որը՝
✅միավորում է հայերին՝ անկախ բնակության երկրից,
✅ձևավորում է կայուն ինքնություն,
✅և օգնում է որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական փորձից, այլ ոչ թե օտարների մեկնաբանություններից կամ շահերից։
Մենք չենք մոռանում՝ որովհետև դա դեմ է մեր ինքնությանը և վտանգում է մեր սուբյեկտայնությունը։
Մենք հիշում ենք՝ առաջ շարժվելու, այլ ոչ թե անցյալում մնալու համար:
Արման Թաթոյան




Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր