Չորեքշաբթի , 1 Հուլիսի 2026

Երբ եւ ինչպես են գրվել առաջին խոհարարական գրքերը

Երբ եւ ինչպես են գրվել առաջին խոհարարական գրքերը

Tue, 30 Jun 2026 23:05:48 +0400


Այսօր գրեթե բոլոր հարթակներում ամենաշատ հեռարձակվողները խոհարարական հաղորդումներն են, երբ հաղորդման հեղինակը եթերում ուտելիք է պատրաստում, ներկայացնում տարբեր կերակրատեսակների բաղադրատոմսեր։ Համացանցում էլ ակտիվորեն զարգանում է «ֆուդ բլոգինը»՝ ամբողջ աշխարհում։ Իսկ երբ ու ինչպես են կազմվել եւ հրատարակվել առաջին խոհարարական գրքերը։
Խոհարարական գրքերի պատմությունը մոտ 4 հազարամյակ է հաշվվում։ Այն արտացոլում է գաստրոնոմիայի զարգացումը, նաեւ՝ ներկայացնում երկրից երկիր, ժողովրդից ժողովուրդ՝ մշակութային, պատմական, բնակլիմայական ու այլ առանձնահատկությունները։ Գիտնականները կարծում են, որ առաջին խոհարարական բաղադրատոմսերը, որոնք հասել են մեզ, գրանցվել են Հին Միջագետքում։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են կավե սեպագիր պնակներ, որոնք բովանդակել են կերակրի բաղադրատոմսեր եւ թվագրվել են մ․թ․ա․ 18-րդ դարով։ Դրանք եղել են մսային կերակուրներ, ապուրներ եւ սոուսներ։ Այդ տեքստերը, իհարկե, ժամանակակից ընկալմամբ՝ խոհարարական գրքեր չես համարի, սակայն հենց դրանք են եղել խոհարարական արվեստի առաջին գրավոր վկայությունները։ Հետագայում արդեն խոհարարական բաղադրատոմսեր հանդիպում են անտիկ հեղինակների մոտ։ Առավել հայտնի հուշարձանը հին հռոմեական De re coquinaria՝ «Խոհարարական արվեստի մասին» գործն է, որը կապված է հին հռոմեացի հայտնի համտեսող Մարկով Գավիոս Ապացիուսի հետ։ Թեեւ գիրքը մեզ հասել է ավելի ուշ արված խմբագրություններով, սակայն այն ահռելի ազդեցություն է ունեցել եվրոպական գաստրոնոմիական ավանդույթի վրա։

Միջնադարում խոհարարական արվեստի վրա մեծ ազդեցություն է գործել Արաբական Արեւելքը։ 9-13-րդ դարերում արդեն Բաղդադում կազմվել են ծավալուն խոհարարական ժողովածուներ, որտեղ մանրամասն ներկայացվել են կերակրատեսակների բաղադրությունները, սեղանի հարդարման կանոնները, կերակրի պատրաստման ու համեմման եղանակներն ու նրբությունները, նույնիսկ՝ սեղան նստելու էթիկան։ Արաբական աշխարհի շնորհիվ է, որ խոհարարական շատ գիտելիքներ հասել են Եվրոպա։ Եվրոպայում 15-րդ դարում կատարված գրատպության գյուտից հետո բավական արագ սկսել են տարածվել խոհարարական բաղադրատոմսերը։ Առաջին տպագիր խոհարարական գրքերից մեկը Եվրոպայում համարվում է իտալական De honesta voluptate et valetudine։ «Արժանավայել վայելքի եւ առողջության մասին» աշխատությունը, որը հրատարակվել է 15-րդ դարում։ Շուտով համանման գրքեր հրատարակվել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում եւ Իսպանիայում։ Աստիճանաբար խոհարարական գրքերը լայն տարածում են ստացել ու դադարել լինել միայն վերնախավի «մենաշնորհը»։ Դարձել են քաղաքային բնակչությանը հասանելի, եւ բաղադրատոմսերը նաեւ սկսել են «պարզեցվել»՝ համապատասխանելով առօրյա կենցաղին ու հնարավորություններին։

Ռուսաստանում երկար ժամանակ խոհարարական բաղադրատոմսերը փոխանցվել են բանավոր։ Միայն 18-րդ դարի երկրորդ կեսին հայտնվել են առաջին մասնագիտացված տպագիր խոհարարական գրքերը։ Ամենահայտնի հեղինակներից է եղել Վասիլի Լյովշինը, որի աշխատությունները ծանոթացրել են ոչ միայն եվրոպական, այլ նաեւ՝ ռուսական ազգային խոհանոցի հետ։ 19-րդ դարում խոհարարական գրքերի հրատարակությունները շեշտակիորեն ավելացել են։ Դրանք դարձել են տներում ընտանեկան գրադարանների պարտադիր մասը։ Հատկապես հետաքրքիր է խորհրդային շրջանում՝ 1939 թվականին, «Համեղ ու առողջ կերակուրների մասին» գրքի հրատարակությունը։ Տասնամյակներ շարունակ այն ԽՍՀՄ միլիոնավոր ընտանիքների համար հանդիսանում էր գլխավոր խոհարարական ուղեցույց-ձեռնարկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

40 տարում առաջին անգամ նոր միջուկային զենք կստեղծեն

40 տարում առաջին անգամ նոր միջուկային զենք կստեղծեն Tue, 30 Jun 2026 17:30:00 +0400 Միացյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով