Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Նյարդերիս, կյանքիս հաշվին փորձում եմ ինչ-որ մի բան անել

«Հրապարակ». Նյարդերիս, կյանքիս հաշվին փորձում եմ ինչ-որ մի բան անել

Tue, 07 Jul 2026 12:15:53 +0400


Հարցազրույց դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ

– Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքները հայտարարել են, որ վերցնելու են պատգամավորական մանդատները եւ գնալու են խորհրդարան, թեպետ պնդում են, որ դրանով իրենց պայքարը չի ավարտվելու: Դուք մշտապես պայքարել եք արդարության համար, ընդդիմադիր հայացքներ ունեք, մտահոգ եք երկրում տեղի ունեցող պրոցեսներով: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ պետք է անի ընդդիմությունը` վերցնի՞, թե՞ չվերցնի մանդատները:

– Անկեղծ ասած, դժվարանում եմ հստակ ասել, թե այս փուլում որն է ճիշտը, ինչու, որովհետեւ ընդդիմադիր ուժերը խաղաքարտերը չեն բացում մեզ համար, որպեսզի հասկանանք, թե ինչ են ծրագրում անել առաջիկայում: Անկեղծ ասած, չգիտեմ` խորհրդարան գնա՞լն է ավելի նպաստավոր, թե՞ չգնալը, սակայն ինձ թվում է, որ իշխանությանը մենակ թողնելով խորհրդարանում՝ առիթ կստեղծվի, որպեսզի իրենց իրական դեմքը ցույց տան: Երբ դիմացդ չկա ախոյան, ավելի հեշտ է դառնում ամեն ինչ: Թեպետ իշխանությունն այնքան է վնասել մեզ՝ բոլորիս, իր քայլերով ու գործողություններով, որ դժվար թե սրանից այն կողմ կարողանա ինչ-որ բան անել: Էլ ի՞նչ պետք է անեն, որ զարմանանք, չկա այլեւս զարմանալու տեղ:

– Բայց այդպես էլ կա մտավախություն` հարեւան Վրաստանի օրինակով, որ իշխանությունները կարող են ավելի անկառավարելի ու լկտի դառնալ, կարող են հանգիստ շարունակել իրենց սեւ գործը: Այս առումով չունե՞ք նման մտավախություն:

– Եթե ընդդիմությունը ոչինչ չանի, բնականաբար, իշխանությունն ավելի կլկտիանա, բայց եթե գործողություններ լինեն, ես կարծում եմ, որ իշխանությանը մենակ թողնելը կարող է դրական ազդեցություն ունենալ: Բայց եթե վերցնելու են մանդատները, եւ ունենալու ենք այն, ինչ ունեինք հինգ տարի շարունակ, չեմ կարծում, որ դա լավ տարբերակ է: Միեւնույն է` այս իշխանությունը թույլ չի տալիս ընդդիմությանը՝ օրենքներ անցկացնել, թույլ չի տալիս կարծիք հայտնել, թույլ չի տալիս գործել ի շահ պետության, հետեւաբար, լավ չեմ հասկանում, թե ուղղակի մանդատ վերցնելն ինչի համար է:

– Բազմաթիվ ընտրախախտումներ արձանագրվեցին, ավելի քան 60 հազար քաղաքացու քվե զրոյացրին, որպեսզի Փաշինյանը մի քանի մանդատ ավել ունենա: Ի՞նչ եք կարծում` այն իրականությունը, որում ապրում ենք, որեւէ աղերս ունի՞ ժողովրդավարության եւ բարձր արժեքների հետ:

– Անշուշտ, այս ամենը չի կարող ժողովրդավարության հետ կապ ունենալ, բայց «ժողովրդավար» Եվրոպան աչք փակեց ամեն ինչի վրա եւ ասաց` ամեն ինչ օքեյ է: Նրանց պետք է, որ Հայաստանն անտերության մատնվի, մենք եվրոպացիներին չենք հետաքրքրում: Բոլորս ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում հայ գյուղացու հետ: Եթե Ռուսաստանը փակեց իր շուկան մեր առաջ, մենք դեռ այս ամենի պտուղները նոր ենք տեսնելու:

– Ստեղծագործող մարդու համար նման իրավիճակում դժվար չէ՞ աշխատելը: Կարողանո՞ւմ եք այս պայմաններում կենտրոնանալ թատրոնի եւ կինոյի վրա:

– Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեծամասնության վրա չի ազդում այս ամենը: Խոսքը մշակութային գործիչների մասին է: Եթե լռում ես, ուրեմն ոչինչ էլ քեզ վրա չի ազդում․ ես այդպես եմ կարծում: Ձեւը գտել են` լռել, ու վերջ, թեպետ ես ոչ մեկին չեմ մեղադրում: Մարդիկ հոգեպես ու ֆիզիկապես չեն դիմանում այս իրականությանը: Ինչ վերաբերում է ինձ, ապա բարդ է այս պայմաններում աշխատելը, սակայն նյարդերիս, կյանքիս հաշվին փորձում եմ ինչ-որ մի բան անել, որքան որ հնարավոր է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհում շուրջ 374 միլիոն երեխա լուրջ սպառնալիքի տակ է․ ահազանգ

Աշխարհում շուրջ 374 միլիոն երեխա լուրջ սպառնալիքի տակ է․ ահազանգ Tue, 06 Oct 2026 12:30:25 …