120 հազար հայերի բռնի տեղահանումը բացահայտել են միջազգային հանրության անգործությունը
Wed, 08 Jul 2026 15:06:33 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Հաագայում կայացած միջազգային համաժողովի ընթացքում անդրադարձել է միջազգային իրավունքի նկատմամբ վստահության նվազմանը, կառույցների գործելակերպին և դրանց կողմից կիրառվող չափանիշների հարցին։
Գալստյանի խոսքով՝ միջազգային իրավունքի հեղինակությունը թուլանում է այն դեպքերում, երբ խախտումները չեն ստանում համարժեք արձագանք, իսկ իրավական սկզբունքները կիրառվում են ընտրովի՝ քաղաքական շահերից ելնելով։
Նա նշել է, որ Հայաստանում այսօր շատերը կասկածի տակ են դնում ոչ միայն միջազգային իրավունքի արդյունավետությունը, այլև գործող միջազգային համակարգի հուսալիությունը։
«Միջազգային իրավունքը չի կորցրել իր հեղինակությունը մեկ օրում։ Այն թուլանում է ամեն անգամ, երբ իրավախախտումները մնում են անպատասխան, երբ քաղաքական նպատակահարմարությունը գերազանցում է իրավական պարտավորություններին, և երբ նույն սկզբունքները տարբեր իրավիճակներում տարբեր կերպ են կիրառվում»,- իր ելույթում հայտարարել է պատգամավորը։
Գալստյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների մասին՝ նշելով, որ ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանումը, իր գնահատմամբ, ցույց է տվել միջազգային հանրության արձագանքի անբավարարությունը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հետագա իրադարձությունները, բացահայտել են միջազգային մեխանիզմների անկարողությունը՝ ապահովելու ընդունված իրավական նորմերի լիարժեք կիրառումը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր