Ինչ ունեցվածք ունեն Տավրոս Սափեյանը եւ նրա մերձավորները
Tue, 10 Nov 2026 21:45:33 +0400

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը եւ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունները և գումար բռնագանձել որպես զրպարտության փոխհատուցում։ Ընդ որում Տավրոս Սափեյանը 3 մլն դրամ է պահանջել, իսկ Կառլեն Մկրտչյանը՝ 2 մլն դրամ։
Հայցի համար հիմք է հանդիսացել Յոլյանի՝ հոկտեմբերի 29-ի ելույթը․ «Ես մի փոքր ուսումնասիրել եմ՝ ինչքա՜ն ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում՝ կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր… բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով։ Եվ ի՞նչ ա տեղի ունենում. ասֆալտը իրականացնում են, մի ամիս հետո քանդվում է։ Բավականին շատ հետաքննական նյութեր կան, հրապարակումներ կան, հոդվածներ կան։ Հարց է առաջանում՝ ինչի՞ որևէ անգամ Քննչական կոմիտեն սերիալ չի նկարահանում, Հակակոռուպցիոն կոմիտեն մարտաֆիլմ չի նկարահանում, որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ։ Իսկ այն ինստիտուտը, որը պատասխանատու է էս ամեն ինչի մասին, էս հանցավոր անգործության մատնված խոսել՝ էդ կոռուպցիոն սխեմաների մասին, լռում է։ Բոլորը գալիս են էստեղից խոսում են թալանից, չգիտեմ ինչից… Դուք ձե՛ր մասին խոսեք»։
Մենք ուսումնասիրել ենք հայց ներկայացրած համայնքապետ Տավրոս Սափեյանի եւ նրա հարազատների գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը։
Տավրոս Սափոյանը 7 անշարժ գույք ունի, որից մեկը՝ հասարակական նշանակության շինություն է, ձեռք է բերել 2020թ-ին։ Նա 2023թ-ին ձեռք է բերել HYUNDAI մակնիշի ավտոմեքենա։ Նրա բանկային հաշիվներին եղել է 669 հազար 577 դրամ, իսկ կանխիկ 28 մլն դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 18 մլն 444 հազար 136 դրամ, որից 6 մլն 833 հազարը ստացել է աշխատավարձ, 6 մլն դրամը գյուղատնտեսական գործունեությունից ստացած եկամուտն է, իսկ մնացած գումարը վարկ է վերցրել։ Տարեվերջին նրա ունեցած վարկերի գումարը կազմել է 5 մլն 270 յազար 966 դրամ։ Սափեյանը հոր՝ Էդիկ Սափեյանի հետ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ի համասեփականատերն է։ Ընկերությունը զբաղվում է հեղուկ և սեղմված բնական գազի վաճառքով։ Սափեյանի կինը՝ Լիանա Դավթյանը, 16.5 մլն դրամ կանխիկ գումար է հայտարարագրել, իսկ եկամուտները կազմել են 1 մլն 389 հազար 600 դրամ, որը ստացել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից (Աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն)։
Հայրը՝ Էդիկ Սափեյանը երեւանում ունի բնակարան։ Հայտարարագրել է 71 հազար 615 դոլար կանխիկ գումար։ Եկամուտները կազմել են 3 մլն 181 հազար 200 դրամ, որից 1.2 մլն դրամը գոյացել է գյուղատնտեսական գործունեությունից, իսկ մնացածը՝ կենսաթոշակից։ Նրա վարկերի ընդհանուր գումարը կազմել է 444 հազար 790 դրամ։
Հիշեցնենք նաեւ, որ Տավրոս Սափեյանի հորեղբայրը` Ժոր Սափեյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, ժամանակին Վազգեն Սարգսյանի զինակիցներից էր, ակտիվ ընդդիմադիր, իսկ 2018-ից հետո բիզնեսով է զբաղվում եւ ՔՊ-ական իշխանություններին աջակցում: Սափեյանները ժամանակին պատերազմում էին մասնակցում եւ հաղթում, այժմ` համայնքային տենդերներում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր