Արդարության վերականգնման ժամանակը գալու է
Wed, 08 Jul 2026 15:33:56 +0400

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ պնդելով, որ ընդդիմադիր գործիչների և իշխանության քննադատների նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդումների դրսևորումներ են։
Օհանյանը նշել է, որ «Հայաստան» դաշինքի՝ օրեր առաջ տարածած հայտարարությունում ներկայացված դիրքորոշումը շարունակում է մնալ ուժի մեջ, իսկ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Քննչական կոմիտե տեղափոխելու և ապա կալանավորելու գործընթացը, նրա գնահատմամբ, ևս մեկ անգամ հաստատում է իշխանությունների գործելաոճը։
Նրա խոսքով՝ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները, ինչպես նաև նախկինում ընդդիմադիր տարբեր շրջանակների, հասարակական գործիչների, հոգևորականների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ տեղի ունեցած գործընթացները քաղաքական հաշվեհարդարի բնույթ ունեն։
«Հայաստանի այսօրվա իշխանությունները, որոնք երկիրը հասցրել են այս իրավիճակին, հանձնել են Արցախը և ճնշումներ են գործադրում ազգային արժեքներ կրող կառույցների ու մարդկանց նկատմամբ, շարունակում են թիրախավորել ցանկացած ընդդիմադիր գործչի կամ իշխանությանը քննադատող քաղաքացու»,- հայտարարել է Օհանյանը։
Նա հավելել է, որ հասարակության համար, իր կարծիքով, ակնհայտ է իշխանությունների գործելաոճը, և նման զարգացումներն անսպասելի չեն եղել։
Միաժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ, իր համոզմամբ, արդարության վերականգնման ժամանակը գալու է, և պատասխանատվության են ենթարկվելու այն անձինք, որոնք մասնակցում են նման գործընթացներին կամ տալիս են դրանց վերաբերյալ հրահանգներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր