Դուք մեզ համոզեցիք, որ օրինական ճանապարհով «ծանր» հետեւանքը չի հեռացվի
Thu, 09 Jul 2026 18:45:29 +0400

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենածանր հետեւանքն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է: Մտքով, թեկուզ, հեռացրեք նրան քաղաքական ասպարեզից, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Անմիջապես կդադարեն անիմաստ ձերբակալությունները, կվերանա մտացածին պատերազմի վտանգը, կլռեն Արեւմտյան Ադրբեջանի եւ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները, ռուսական շուկան կբացվի Հայաստանի առջեւ, գազը չի թանկանա, Երեւանում երթեւեկությունը կկարգավորվի, նորից կսկսի գործել առողջապահության համակարգը, խելամիտ ձեւով կբարձրանան թոշակները, ամեն մեկը կզբաղվի իր գործով, եւ կյանքը կամաց-կամաց կընկնի հունի մեջ: Այլապես սա ի՞նչ է… Մի ողջ երկիր մնացել է ինչ-որ պահի, ինչ-ինչ հանգամանքներում իշխանության եկած խմբակի ձեռքում եւ 9-րդ տարին է, ինչ հեծում է դրա ծանր հետեւանքի, այսինքն՝ Նիկոլի տակ: Մարդն իր ձեռքն է հավաքել ամեն ինչ եւ անվրդով իշխում է՝ չանելով որեւէ քայլ, որ կնպաստեր այդ երկրի առաջընթացին:
Լավ, ի՞նչ անենք, որ ազատվենք 2018 թվականին մեզ բաժին հասած այս ծանր հետեւանքից: Սահմանադրությունն ու զանազան օրենսգրքերը հատուկ դեղատոմս չեն առաջարկում, քաղաքական գործիչները՝ նույնպես: Անընդհատ միասնության ու միասնաբար գործելու կոչեր ենք լսում, բայց ո՛չ կարողանում ենք միասնական լինել, ո՛չ էլ միասնաբար պայքարել… Հենց սկսում ենք եռալ, մի անզգույշ ձեռք բարձրացնում է կաթսայի կափարիչն ու գոլորշին բաց թողնում: Վերցնենք թեկուզ վերջին ընտրությունները: Թվում էր՝ վերջ, հետեւանքն ուր որ է՝ կհեռացվի (կվերացվի), բայց տեսա՞ք, թե ինչ արեց երկրի բարձր դատարանը: Եթե ընտրակեղծիքների մասին այնքան փաստ, ինչքան մեր ընդդիմությունը ներկայացրեց, հայտնվեր մեկ այլ երկրի բարձր դատարանի տրամադրության տակ, ոչ միայն ուժի մեջ չէր թողնի ԿԸՀ-ի որոշումը, այլեւ ԿԸՀ նախագահին ու «հաղթած ուժին» նույն բեռնատար շարժակազմով կուղարկեր ոչ այնքան հեռավոր վայրեր՝ հանրօգուտ աշխատանքների: Փաստորեն, ՀՀ ՍԴ-ն չար կատակ խաղաց ժողովրդի գլխին՝ երկարաձգելով չարիքի իշխանության ժամկետը, բաց թողնելով ծանր հետեւանքը վերացնելու նպատակով ընտրատեղամասեր գնացած մոտ 550 հազար քաղաքացիների ներքին գոլորշին:
Դուք էլ, հավանաբար, կարդացիք ՍԴ որոշման երկարաշունչ տեքստը: Ջանք չէին խնայել՝ ապացուցելու համար, որ տեղի ունեցածն իսկապես ընտրություններ էին, եւ այդ ընտրություններում, չնայած աղաղակող եւ անթույլատրելի խախտումներով, հաղթել է մեզ բաժին հասած ծանր հետեւանքը: Բայց մի հարց տամ մեր բարձր դատարանին… Բարձր դատարան, էլի ի՞նչ պիտի աներ այս հետեւանքը, որ դուք որոշեիք չեղարկել ընտրությունները: Երեւի պիտի ընտրատեղամասերում մա՞րդ ուտեին: Պետական լծակների անխնա գործադրում, օրինականացված ընտրակաշառք, տասնյակ հազարավոր անճշտություններ, տասնյակ հազարավոր անվավեր քվեաթերթիկներ, տասնյակ հազարավոր անհամապատասխանություններ՝ մասնակիցների եւ գրանցամատյաններում դրված ստորագրությունների թվի միջեւ, ԲՀԿ-ի 60 հազար ձայնի փոշիացում ԿԸՀ-ի մեկ որոշումով: Եվ դուք, բարձր դատարան, էս էշի հարսանիքն ընտրությո՞ւն եք որակում: Դուք ձեր որոշումով ավելի ծանրացրիք մեզ բաժին հասած ծանր հետեւանքը, մինչդեռ պարտավոր էիք պայքարել դրա դեմ: Բարձր դատարանի հարգելի դատավորներ, դուք լքեցիք ձեր խրամատը եւ ենթարկվեցիք, մոռացաք, որ գտնվում եք երդման ներքո: Դուք վերջնականապես սպանեցիք արդարադատությունը մեր երկրում եւ միեւնույն ժամանակ հասկացրիք, որ օրինական ճանապարհով այս խայտառակ հետեւանքը չի հեռացվելու (վերացվելու): Դուք պարտավոր էիք զոհվել, բայց թույլ չտալ, որ ընտրակեղծարարը շարունակի երկիրը կործանման տանող իր անխռով ընթացքը:
ՀԳ. Օրերս բարեկամներիցս մեկը ՖԲ-ում Նապոլեոն Բոնապարտից մի միտք էր հրապարակել՝ ուղղված բոլոր մակարդակների դատավորներին. «Մարտադաշտում զոհված զինվորի մահն ամենագեղեցիկ մահը կլիներ, եթե չլիներ հանուն արդարության եւ օրենքի գերակայության զոհված դատավորի մահը»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր