Կաշառքի գործով անցնող «Ֆլեշի Արմենի» նկատմամբ վարույթ է նախաձեռնվել՝ կենդանիների նկատմամբ դաժանության հոդվածով
Sat, 11 Jul 2026 17:15:01 +0400

Փարաքարում, «Լիա գարդեն» սրահի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ թափառական խասկիի սպանության դեպքի առթիվ կենդանասերները դիմել էին իրավապահներին: Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:
Հիշեցնենք՝ միջադեպի մասին տեղեկացել էինք Արմավիրի կենդանասերներից: Նրանք ահազանգել էին, որ «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» բենզալցակայանների տնօրեն Արմեն Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է որպես Ֆլեշի Արմեն, վերացրել է խասկիին եւ նրա ձագերին: Ոչ թե անձամբ է վերացրել, այլ հանձնարարել է իր անվտանգության ծառայության պետին՝ Հակոբ անունով, անհետացնել տարածքից կենդանուն ձագերով հանդերձ եւ ոչնչացնել: Հակոբը ժխտում է տեղեկությունը և որեւէ բացատրություն ներկայացնելուց խուսափում:
Իսկ Արմեն Հարությունյանը, կենդանապաշտպաններին, որոնք իրենից հաշիվ էին պահանջել, նաեւ խնդրել էին ասել իրենց խասկիի տեղը, եթե շունը դեռ ողջ է, պատասխանել էր՝ «Լավ եմ արել, վերացրել եմ, ս-ր եղեք ստուց»:
Արմեն Հարությունյանը որպես մեղադրյալ անցնում է բենզալցակայանի տարածքում առանց համապատասխան թույլտվության շինարարություն իրականացնելու համար տրված կաշառքի գործով: Նա մեղադրվում է այն բանում, որ, հանդիսանալով «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, 2023 թվականի մայիսին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի 32/1 հասցեում գտնվող բենզալացակայանի տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կատարել է շինարարական աշխատանքներ, որպիսի հանգամանքը հայտնաբերվել է Երևան համայնքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան գործառույթներ իրականացրած աշխատակիցների կողմից: Ըստ իրավապահների, վերջինների կողմից այն չարձանագրելու և իր նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելուց ձեռնպահ մնալու համար Արմեն Հարությունյանը 2023 թվականի մայիսի 5-ին դիմել է Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին, «ով իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն Արմեն Հարությունյանի օգտին օգտագործելու և վերջինի կողմից նշված հասցեում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու պայմաններում նրա նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելուց ձեռնպահ մնալու խնդրանքով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց դիմելու համար Արմեն Հարությունյանից անձամբ պահանջել է 500.000 ՀՀ դրամ կաշառք գումար»:
Արմեն Հարությունյանին անցյալ տարի կալանավորել էին այս գործով, հետո կալանքը փոխվեց տնային կալանքի, ապա՝ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցի: Եւ ահա, հայտնվելով ազատության մեջ, Արմեն Հարությունյանը, փաստորեն, շարունակում է դրսեւորել հակաիրավական վարքագիծ, ինչն օրենքի տառին համապատասխան նրան կրկին կալանավորելու հիմք է:
Ի դեպ, նա, ինչպես հայտնի է, երկար ժամանակ գործնական կապեր է ունեցել «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հետ, սակայն այդ կապերը վաղուց խզված են: Դրանց մասին հիշեցնում է միայն Արմեն Հարությունյանի ածականը՝ «Ֆլեշի Արմեն»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր