Հակառուսական նոր սադրա՞նք․ Կիևին կոչ է արել չհաշտվել օկուպացիայի հետ
Mon, 13 Jul 2026 11:30:01 +0400

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է համակարվի իր տարածքների օկուպացիայի հետ՝ ընդգծելով, որ Ադրբեջանը անսասանորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
Նա այս հայտարարությունն արել է օկուպացված հայկական Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ՝ պատասխանելով ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Ալիևը հայտարարել է, որ ուկրաինացի ժողովուրդը և ղեկավարությունը իր խորհրդի կարիքը չունեն, բայց իր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Ուկրաինան չպետք է հանդուրժի օկուպացիան։
Նախագահը նշել է, որ Կիևի վրա ճնշում է գործադրվել երկար ժամանակ, բայց ո՛չ Ուկրաինայի իշխանությունները, ո՛չ էլ ժողովուրդը չեն համաձայնել ընդունել օկուպացիան։
Ալիևը ընդգծել է, որ ինքը խոսում է որպես մի պետության առաջնորդ, որը «գրեթե 30 տարի ապրել է իր տարածքի մի մասի օկուպացիայի տակ, ապա վերականգնել է իր ինքնիշխանությունը»։
Նա պնդել է, թե «ղարաբաղյան հակամարտության ժամանակ միջազգային միջնորդները Ադրբեջանին առաջարկել են փոխզիջումային լուծումներ, սակայն Բաքուն մերժել է դրանք, քանի որ դրանք հակասում են երկրի տարածքային ամբողջականության սկզբունքին»։
Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանը նույնպես զգալի միջազգային ճնշման է ենթարկվել Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, բայց ժողովրդի կամքը չի կարող կոտրվել»։
Նա նշել է, որ Ադրբեջանը միշտ կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կպահպանի հետևողական դիրքորոշում այս հարցում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր