Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

«Հրապարակ». Կլկտիանան այնքան, որքան թույլ կտա հանրությունը

«Հրապարակ». Կլկտիանան այնքան, որքան թույլ կտա հանրությունը

Wed, 15 Jul 2026 10:45:13 +0400


Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը նույնիսկ մեռած մարդկանց հետ են կռիվ տալիս: Անգամ նախկին իշխանության մաս կազմած հանգուցյալների ուրվականն այս մարդկանց հանգիստ չի տալիս: ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ հայտնեցին, որ դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկի՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմնին՝ մեղադրական եզրակացությամբ այն ավարտելու համար:

«2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը սեփական նախաձեռնությամբ 2026 թվականի ապրիլի 18-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հ. Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ): Քրեական վարույթով պարզվել է, որ Հ. Հ.-ն, 2003 թվականից մինչեւ 2008 թվականի մայիսի 29-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը, իրականացնելով ՀՀ ոստիկանության ընդհանուր ղեկավարումը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երեւան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ. Հ.-ին առաջադրված մյուս մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ Հ. Հ.-ն՝ որպես ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար, պարտավոր լինելով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր եւ առաջարկություններ, այդ թվում՝ «Չերյոմուխա 7» արցունքաբեր եւ «Զարյա» լուսաձայնային եւ այլ հատուկ միջոցների կիրառման կարգը, չի կատարել այդ պարտականությունը: Հաշվի առնելով, որ Հ. Հ.-ն 2019 թվականին մահացել է՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել է օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը:

Հ. Հ.-ի կինն առարկել է, որպեսզի մեղադրյալի մահվան հիմքով Հ. Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի: Հսկող դատախազի կողմից թիվ 62202608 քրեական վարույթից անջատված թիվ 62292726 քրեական վարույթի նյութերը վերադարձվել են վարույթ իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Խոսքը նախկին ոստիկանապետ, իր առանձնատանը 2019 թվականի սեպտեմբերին ինքնասպան եղած Հայկ Հարությունյանի մասին է։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ հանգուցյալի հանդեպ քննությունը շարունակվում է։ Նման քննություն է ընթանում նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ։ Դեպքերի մեծ մասում գործերի քննությունը շարունակելու պահանջը դնում են հանգուցյալի հարազատները, որոնք հետամուտ են, որպեսզի իրենց հարազատն արդարացվի, հետմահու նրա անունը չարատավորվի, չհիշվի որպես հանցագործ։ Սակայն հարց է ծագում՝ ինչու է այս իշխանությունն այսօր կատարվող հանցագործությունները բացահայտելու, այսօրվա հանցագործներին պատժելու փոխարեն տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերով քրեական վարույթներ հարուցում, որ հանգուցյալների հարազատներն էլ այլ ճար չունենան, քան վարույթը շարունակելու պահանջ ներկայացնելը։

Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Ես նման բան չէի լսել իմ ողջ կյանքում: Սա ընդհանրապես կարճման ենթակա գործ է, մահացած մարդու նկատմամբ ի՞նչ պետք է անեն, ես դա լավ չեմ հասկանում: Եթե խոսքն ուղղակի Մարտի մեկի քրեական գործի վերաբացման մասին լիներ, դա մի փոքր այլ կլիներ, բայց թե ինչ կարող են մահացած մարդու հետ կապված փնտրել, դա աբսուրդ է: Սա ոչ իրավաչափ է, հասկանում եք, չէ՞, ինչ աստիճան աբսուրդի հետ գործ ունենք: Եթե մարդը մահանում է, գործը նման դեպքերում չի կարող նորից բացվել: Մի բան այն չէ այստեղ: Դժվարանում եմ նույնիսկ այս ամենին գնահատական տալ: Մարտի 1-ի գործը Փաշինյանի համար մի գործընթաց է, որի շուրջ նա անդադար փորձում է ինչ-որ նոր բաներ փնտրել: Սա է ողջ խնդիրը: Ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ իրավաչափություն կա»:

Նախկին փոխոստիկանապետ, պատգամավոր Գագիկ Համբարձումյանն էլ, անդրադառնալով նույն թեմային, ասաց. «Հերթական աբսուրդը: Մահացած մարդու հետ կապված ի՞նչ գործ կարող է լինել, թեպետ այսօրվա վիճակով զարմանալ պետք չէ, բեսպրեդել է ամենուր: Ինչ ասես, անում են: Կլկտիանան այնքան, որքան թույլ կտա հանրությունը: Լկտին կլկտիանա այնքան, որքան թույլ կտանք: Թույլ ենք տալիս, սա էլ լկտիանում է: Այս մարդու լկտիությունները պետք է մի օր անպայման կանխել, այս հանցագործներին պետք է զրկել իշխանությունից: Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի անելիք էլ չունեն այս մարդիկ, ոչ էլ անգամ նոր ասելիք ունեն, միայն խոսում են Մարտի 1-ի գործից, ուրիշ ոչինչ չեն կարող անել: Վերջին հաշվով, հենց Մարտի 1-ով Նիկոլը դարձավ քաղաքական գործիչ, հետեւաբար՝ իր համար շատ կարեւոր է այս գործի մասին շահարկումներ անելը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միջազգային քրեական դատարանի դեմ արշավ կսկսեն․ ԱՄՆ Պետդեպ

Միջազգային քրեական դատարանի դեմ արշավ կսկսեն․ ԱՄՆ Պետդեպ Tue, 14 Jul 2026 21:00:32 +0400 Միացյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով