Ռուսաստանը ԵՄ-ի ռազմավարական հակառակորդն է
Wed, 15 Jul 2026 11:30:32 +0400

Եվրասիական եւ Արաբական հետազոտությունների ռուսական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Դմիտրի Բրիջեն կարծում է, որ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները ներկայում աննախադեպ լարված են։ Փորձագետն արձանագրել է, որ Բրյուսելի համար Մոսկվան ներկայում դիտարկվում է որպես ռազմավարական հակառակորդ՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի հետեւանքները եւ աճող հակասությունները եվրոպական անվտանգային ճարտարապետության եւ Հարավային Կովկասում եվրոպական ակտիվացման հետ կապված։ Բրիջեն նշում է, որ Ռուսաստանն էլ իր հերթին եվրոպական երկրներին հստակ ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է սրացման տարբեր սցենարների, հատկապես այն երկրների հետ կապված, որոնք վերջերս են ներառվել ՆԱՏՕ-ի կազմի մեջ եւ դիտարկվում են որպես ՌԴ-ի ազգային անվտանգության սպառնալիք։
Քաղաքագետն ասում է, որ ռուս-եվրոպական մրցակցությունն այլեւս չի սահմանափակվում Ուկրաինայով, տարածվում է նաեւ Հարավային Կովկասի վրա, որտեղ ԵՄ-ն ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը։ Դա հատկապես զգացվում է Հայաստանին ցուցաբերվող օգնության մեջ, որտեղ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ աշխատում է անմիջականորեն ռուսական սահմանների հարեւանությամբ։ Հաշվի առնելով Անկարայում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը՝ Բրիջեն նշում է, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ մրցակցությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի դեռ երկար ժամանակ, նույնիսկ՝ եթե Մոսկվայի եւ Սպիտակ տան միջեւ համաձայնություններ ձեռք բերվեն ուկրաինական ճգնաժամի հետ կապված։ Ռուս-եվրոպական հարաբերություններում փոփոխությունը բարդ է լինելու, քանի որ չափից դուրս շատ տարաձայնություններ կան, եւ, բացի այդ, տարամետ են ընկալումները տնտեսական եւ անվտանգային ոլորտներում։ Մոսկվան, ըստ նրա, հաշվի է առնում, որ ԵՄ-ն աստիճանաբար վերափոխվում է ռազմաքաղաքական միավորման, եւ դա իր հերթին բերելու է Մոսկվա-Բրյուսել մրցակցության սրացման։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր