«Հրապարակ». Մեկ տարի չորս ամիս առաջ պարապուրդի մատնված գործարանը կվերագործարկվի
Wed, 15 Jul 2026 11:15:04 +0400

2018 թ․ օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդ քաղաքում «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի ձեռնոցի գործարան էր այցելել, ձեռնարկության գործունեության մասին երկար զրուցել էր Մոսկվայում բնակվող սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ։ Ծնունդով Արծվաբերդ գյուղից, Ռուսաստանում գործարարությամբ զբաղվող Սուրեն Երիցյանը, բացի Բերդ քաղաքից, ձեռնոցի գործարաններ է ստեղծել եւ գործարկել Բերդի սահմանամերձ Արծվաբերդ, Մովսես, Չորաթան, Պառավաքար գյուղերում։ Սակայն ընկերության Բերդի, Արծվաբերդի գործարանները չեն գործում։ Ո՞րն է եղել Բերդի ձեռնոցի գործարանի փակվելու պատճառը։ Բերդ համայնքում լուրեր էին տարածվել, որ ընկերության սեփականատեր Սուրեն Երիցյանն Ուզբեկստանում ձեռնոցի գործարան է գործարկել, այդ պատճառով է փակվել Բերդի գործարանը։
«Տավուշ տեքստիլ» ընկերությունից տեղեկացա, որ Ս․ Երիցյանն իսկապես գործարան ունի Ուզբեկստանում, սակայն դա կապ չունի Բերդի ձեռնոցի գործարանի պարապուրդի հետ։ Ընկերությունից ստացված տեղեկություններով՝ Բերդի գործարանի փակվելու պատճառը նախկինում իրականացված ոչ արդյունավետ ղեկավարումն է եղել, գործարանի կառավարման համար պատասխանատու անձինք տարիներ շարունակ սխալ են տնօրինել ընկերության միջոցները՝ դրանք օգտագործելով անձնական եւ այլ կարիքների համար։ 2025թ․ մարտից Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է:
2025թ․ նոյեմբերից «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրենը Հրաչ Օհանյանն է, որը Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է։ Նա մեզ հայտնեց, որ հիմա Բերդ քաղաք են առաքվում նոր հաստոցներ, մոտավորապես մեկ ամսից Բերդի ձեռնոցի գործարանը կվերաբացվի եւ աշխատանքով կապահովի 150 մարդու։ Ներկայում «Տավուշ տեքստիլ» ընկերության ձեռնոցի գործարաններում աշխատում է 350 մարդ։ Այդ ձեռնոցի գործարաններում առկա են աշխատանքի եւ վարձատրության նույն պայմանները։
Պառավաքարի ձեռնոցի գործարանի պատասխանատու Լեւոն Պապյանին հարցրի աշխատողների աշխատանքի ժամանակացույցի, աշխատավարձի չափերի մասին։ Նա հայտնեց, որ աշխատողներն աշխատում են ամիսը 20 օր, 12- ժամյա հերթափոխով։ Աշխատավարձը գործարքային է, փաթեթավորող օպերատորի միջին աշխատավարձը հերթափոխի համար կազմում է 10 հազար, մեխանիկինը՝ 12 հազար դրամ։ Բանվորների ամսական աշխատավարձը մոտ 200 հազար դրամ է։ Լ․ Պապյանի խոսքերով՝ աշխատողները ճաշի ընդմիջում են անում հերթափոխով, ճաշելու համար կես ժամ է տրվում, նաեւ փոքր ընդմիջումներ են արվում, հերթափոխի 12 ժամից ընդհանուր մեկուկես ժամը կազմում է ընդմիջումների համար հատկացված ժամանակը։
Սահմանամերձ Պառավաքար գյուղի ձեռնոցի գործարանում աշխատում են Պառավաքարի, Բերդ քաղաքի եւ Տավուշ, Ներքին Կարմիրաղբյուր, Չինչին գյուղերի բնակիչները։ Այդ գործարանում աշխատում են նաեւ Իջեւան համայնքի սահմանամերձ Վազաշեն, Այգեհովիտ, Ազատամուտ գյուղերի բնակիչներ։ Միկրոավտոբուսն այդ գյուղերից աշխատողներին տեղափոխում է մինչեւ Այգեհովիտ գյուղի կենտրոնում գտնվող հացի փռան մոտ։ «Տավուշ տեքստիլ» ընկերությունը հոգում է Իջեւան համայնքի բնակիչ աշխատողների տրանսպորտային ծախսերի մոտ 70 տոկոսը։ Սակայն Բերդ համայնքի բնակիչ աշխատողներին Պառավաքարի գործարան տեղափոխող ավտոբուսն ամիսներ առաջ վթարի է ենթարկվել։ «Տավուշ տեքստիլ» ընկերությունից հայտնեցին, որ առաջիկայում այդ ավտոբուսը կվերագործարկվի, եւ այն Բերդի բնակիչներին դեպի գործարան եւ աշխատողների բնակավայրեր կտեղափոխի անվճար, ինչպես եղել է նախկինում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր