«Հրապարակը» ճիշտ էր, ԱՆԻՖ-ը՝ սխալ. կոռուպցիայի եւ անպատժելիության մի դասական պատմություն

«Հրապարակը» ճիշտ էր, ԱՆԻՖ-ը՝ սխալ. կոռուպցիայի եւ անպատժելիության մի դասական պատմություն

Sat, 18 Jul 2026 10:15:26 +0400


«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ն, ինչպես հայտնի է, աչքի էր ընկնում իր մեծ ախորժակով, սակայն չէր հանդուրժում քննադատություն: Տարիներ շարունակ այն դատական հայցեր էր ներկայացնում իրեն քննադատողների դեմ, մինչեւ որ վերջնական ֆիասկո ապրեց` պարզվեց, մենք ճիշտ էինք, մեզ զրպարտության ու վարկաբեկման մեջ մեղադրողները` սխալ։

2024 թ. մարտի 14-ին կառավարությունը որոշեց լուծարել 2019-ին ստեղծված այս կառույցը, որով ժամանակին պարծենում էին՝ ներկայացնելով որպես Հայաստանում ներդրումային գործընթացի լոկոմոտիվ, որին բյուջեից ահռելի փողեր էին տալիս: ԱՆԻՖ-ը պետությունից, ընդհանուր առմամբ, ստացել է շուրջ 25 միլիարդ դրամ (մոտ 60-64 միլիոն ԱՄՆ դոլար)։ Միայն 2023-ի դեկտեմբերի 28-ին ԱՆԻՖ-ին 1 միլիարդ 800 միլիոն դրամ պետական դրամաշնորհ տրամադրեցին, մի այդքան էլ վարչապետի աշխատակազմի կողմից տրվել էր 2022 թվականի մայիսի 3-ին, որով ԱՆԻՖ-ը պետք է իրականացներ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ընկերության գործունեության մեկնարկը՝ ընկերության, որը հետագայում սնանկ ճանաչվեց։ Չէր հրապարակվում, թե ինչ պայմաններով է ազգային փոխադրողը համագործակցելու պետության հետ։ Բյուջեն փող էր տալիս ֆոնդին, ֆոնդը ներդրում էր անում։ Այս մասին «Հրապարակը» 5 տարի առաջ հոդված էր գրել, մեկ ուրիշ հրապարակմամբ էլ անդրադարձել էինք պետական այս հիմնադրամի ոչ թափանցիկ աշխատաոճին, աստղաբաշխական աշխատավարձերին, որոնց չափերը հանրությանը հայտնի չէին, ԱՆԻՖ-ի եւ նրա աշխատողների ՕԳԳ-ին, որը զրո էր: Անդրադարձել էինք բավականին զուսպ ու զգուշորեն՝ զրուցելով հնարավոր շահառուների հետ եւ փորձելով մեկնաբանություն ստանալ բուն հիմնադրամից:

Առանց մեզ պատասխանելու, ԱՆԻՖ-ը մտել էր դատարան եւ 1 տարում 3 հայց էր ներկայացրել «Հրապարակի» ու իմ՝ այդ հոդվածների հեղինակի դեմ, մեզ մեղադրել զրպարտության եւ իրենց գործարար համբավին վնաս պատճառելու մեջ, դատարանից պահանջել՝ մեզ պարտավորեցնել՝ վճարել, ընդհանուր հաշվով, 3 միլիոն դրամ, նաեւ հանդես էր եկել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ, որպեսզի կալանք դրվի մեր հաշիվների վրա, եւ մեր գործունեությունը կասեցվի։ Այլ կերպ ասած՝ պետական ֆոնդը, որը հաշվետու է հասարակության եւ անկախ լրատվամիջոցի առաջ, որը պարտավոր էր մեր երկրում ներդրումներ ապահովել, սակայն չէր կարողացել իրականացնել իր առաքելությունը, հանրային միջոցներից ահռելի գումարներ էր մսխել, որի համար հետագայում սկանդալով փակվեց, թույլ չէր տալիս լրատվամիջոցներին՝ անդրադառնալ իր գործունեությանը, բացահայտել այն վնասները, որը տարեցտարի պատճառում էր բյուջեին: Ավելին` փորձում էր փակել մեր բերանը եւ 3 մլն դրամ էր պահանջում «Հրապարակից»` միայն այն բանի համար, որ հանդգնել էինք կասկածել ֆոնդի ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությանը, բացահայտել չարաշահումները: Եվ եթե հետագայում ծագած սկանդալն ու հիմնադրամի լուծարումը չլինեին, գուցե նաեւ դատարանում մենք պարտվեինք եւ այդ գումարը վճարեինք կոռուպցիայով զբաղվող այդ մարդկանց։

ԱՆԻՖ-ի թիրախում միայն «Հրապարակը» չէր, այլ նաեւ՝ ԱՆԻՖ-ի թեմայով մեզ հարցազրույց տված Հրանտ Բագրատյանը, որը հայտարարել էր, որ ԱՆԻՖ-ը պետական միջոցները փոշիացնող, կոռուպցիոն ռիսկեր ստեղծող հիմնարկ է: ԱՆԻՖ-ը եւ դրա նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը դիմել էին դատարան նաեւ ՀՀ նախկին վարչապետի դեմ՝ պահանջելով հերքել այդ խոսքերը եւ իրենց վճարել խոշոր դրամական փոխհատուցում` «զրպարտության համար»: Դատական գործերը տեւեցին մոտ 5 տարի: Այդ ընթացքում ֆոնդի 2 հայտնի պրոյեկտն էլ՝ ավիափոխադրողի եւ «Այգ» ֆոտոկայանի ստեղծումը, տապալվեցին:

Արդեն 2 տարի է, ինչ այս խայտառակված կառույցը լուծարման փուլում է, եւ դատարաններին ոչինչ չի մնում անել, քան մերժել ԱՆԻՖ-ի «գործարար համբավին, պատվին ու արժանապատվությանը» վերաբերող դատական հայցերը կամ թողնել առանց քննության: «Հրապարակի» եւ իմ դեմ 3 հայց էր ներկայացվել: Հայցերից 2-ում մենք հաղթել ենք, իսկ վերջինով օրերս ծանուցում ստացանք, որ Երեւանի քաղաքացիական դատարանը որոշել է ԱՆԻՖ-ի հայցը թողնել առանց քննության, քանի որ դրա ներկայացուցիչները չեն ներկայացել նիստի: Մյուս հայցերով, որոնք վերաբերում էին ֆոնդի ձախողումներին, բարձր աշխատավարձերին, «Ֆլայ Արնայի» ստեղծման կոռուպցիոն ռիսկերին, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցին, մենք հաղթել ենք: Պաշտպանությունն իրականացրել են «Լեւ գրուպ» գրասենյակը եւ փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, որի համար նրան շնորհակալ ենք:

Առաջին ատյանի քաղաքացիական դատարանը մերժել է նաեւ Հրանտ Բագրատյանի դեմ հայցը՝ արձանագրելով, որ նախկին վարչապետի հնչեցրած մտքերը՝ հանրային միջոցների վատնման մասին, հիմնավորված քննադատություն են, ոչ թե վիրավորանք կամ զրպարտություն։ Փաստորեն, ե՛ւ մենք, ե՛ւ ՀՀ նախկին վարչապետը մի բան էլ քիչ էինք գրում, որովհետեւ պետական փողերը լափում էին ու մեզ դատի տալիս: Այսօր կարող ենք փաստել, որ ԱՆԻՖ-ը նոր հայկական կոռուպցիայի խորհրդանիշն է, Փաշինյանի իշխանության օրոք ստեղծված ամենամեծ կոռուպցիոն հիմնարկը, որը բացահայտվեց, բայց այն մարսեցին, ու ոչ ոք չպատժվեց: ՊՎԾ-ի, Հաշվեքննիչ պալատի ստուգումները ցույց են տվել, որ ֆոնդը տարիներ շարունակ աշխատել է հսկայական վնասներով, պետությունից ստացած միջոցները փոշիացվել են, ղեկավար կազմը ստացել է չհիմնավորված բարձր աշխատավարձեր, պարգեւավճարներ: Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվեցին վարույթներ ԱՆԻՖ-ի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքների եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների փաստերով: Ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Եվ ի՞նչ: ԱՆԻՖ-ի ապօրինի գործունեության համար ոչ ոք այդպես էլ չպատժվեց, դատարան է ուղարկվել դուստր ընկերության երկրորդական մի պաշտոնյայի գործ, իսկ ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը բարեհաջող շարունակում է զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը:

Ստացվում է պարադոքսալ իրավիճակ. պետական բյուջեից, ըստ էության, միլիարդավոր դրամներ վատնելու, կոնկրետ նախագծերով «ուտելու» փաստը իշխանությունը հանգիստ է տանում, բայց Ծառուկյանի թեմայով ջղաձգվում է եւ ինչ-որ անհասկանալի «չվճարված հարկեր» է փորձում պեղել, անգամ չգտնելով` «նստացնում» ու «կզացնում» է, պաշտպանելով իրանցի ինչ-որ կասկածելի շանտաժիստների: Կամ դատում է, ասենք, մի խեղճուկրակ համայնքապետի, որն իր ազգականին հավաքարար է նշանակել ու 1 միլիոն դրամ դուրս գրել նրա անունով կամ՝ բարեկամին դռնապահ է նշանակել, կամ հավաքարարին իր տանն է աշխատեցրել եւ այլն, եւ այլն: Իսկ խոշոր գործերը, ԱՆԻՖ-ի օրինակով, ջրվում են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանին կարելի է դատի տալ ոչ միայն զրպարտության, այլեւ անգործության համար

«Հրապարակ»․ Փաշինյանին կարելի է դատի տալ ոչ միայն զրպարտության, այլեւ անգործության համար Sat, 18 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով