Կիրակի , 19 Հուլիսի 2026

Նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է

Նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է

Sat, 18 Jul 2026 21:46:32 +0400


Նիկոլական Հայաստանի «իրավապահ» մարմիններից մեկի ղեկավարը դիմել է արդնախին՝ խնդրելով օրենսդրորեն արգելել փաստաբանական համայնքի կողմից դատավորներին գնահատելու ոչ-պաշտոնական HelpCourt համակարգը՝ այն հիմքով, թե իբր այն բացասական ազդեցություն ունի դատավորների անկախության վրա։

Նիկոլական «իրավապահ» մարմինների ղեկավարների թվում նշված անձը վստահաբար վատագույնը չէ, դատավոր աշխատելիս էլ 1-2 դեպքում նրա կողմից հրապարակավ նկատել եմ որոշակի արդարամտություն, ուստի կփորձեմ հիմք ընդունել այն վարկածը, որ այս գաղափարը «հետին միտք» չունի և միտված է ինչ-որ խնդիր լուծելուն։
Եվ այսպես, ընդունենք, թե HelpCourt-ի վարկանիշը որոշ դատավորների ընկալման մեջ իրոք դառնում է չափազանց կարևոր, և նրանք, հնարավոր է, արհեստականորեն փորձում են բարելավել իրենց վարկանիշը, և այդ «արհեստականությունն» իր հերթին ազդում է նրանց անկախության վրա։ Ասեմ ավելին – նման մի դեպքի ինքս եմ ականատես եղել և հրապարակավ կոշտ քննադատել եմ այդ վարքագիծը։ Խոսքը նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է՝ այն դատավորի, որի «մուրճով» բանտում էր հայտնվել լուսահոգի Արմեն Գրիգորյանը։ Արմենի ողբերգական մահից հետո նկատեցի, որ Արուսյակի վարկանիշն աճում է։ Փոքրիկ «հետաքննությամբ» պարզեցի, որ այն աճում է խիստ արհեստականորեն։ Թե ինչ եղավ հետո՝ հիշողները կհիշեն։ Հրապարակային արձագանքս շատ կոշտ էր։

Արուսյակի «օրինակը» հիմք ընդունելով՝ թվում է՝ ես պետք է կողմ լինեի HelpCourt-ն արգելելու գաղափարին։ Բայց իրականում ես ոչ միայն կողմ չեմ, այլև այստեղ տեսնում եմ գաղափարական մի շատ-շատ կարևոր հարթություն, որն այս հարցը քննարկելիս ամենաառանցքայինն է։

Եվ դա ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հարցն է։ Ո՞ր դեպքում է, որ պետությունը կարող է միջամտել քաղաքացիների ազատությանը (իսկ HelpCourt-ը քաղաքացիների ազատության տիրույթում գտնվող հարց է): Միայն այն դեպքում, երբ այդ ազատությունը վերածվում է աներկբա չարիքի «ընդ-հանուրի» համար, «հանրության» համար։
Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է»։ Իհարկե՝ ոչ։ Այո, ոմանք կարող են «ի չարս» գործածել։ Բայց դրա կողքին շատ-շատերը գործածում են «ի բարիս»։ Օրինակ, բարեխիղճ դատավորները կարող են բարելավել իրենց աշխատանքը՝ ֆիդբեքների հիման վրա։

Բերեմ մի համեմատություն։ Ներկայիս ուսումնական համակարգում կիսամյակն ավարտելուց հետո ուսանողները գնահատում են դասախոսներին։ Կա՞ն դասախոսներ, ովքեր «գեր-ֆիքսված» են այդ գնահատականների վրա ու փորձում են արհեստականորեն բարձրացնել։ Իհարկե կան։ Դա նշանակում է՝ համակարգը պետք է վերացնե՞լ։ Ոչ, որովհետև իրենց հարգող դասախոսները հնարավորություն են ստանում հետևություններ անել ու բարելավել իրենց գործը։ Ինքս միշտ այդպես եմ վարվել, փորձել եմ շտկել թերություններս, որի արդյունքում դասավանդմանս վերջին տարում վարկանիշս հասցրել եմ 5-ից 4,93-ի։ Ի՞նչ վատ է՞ որ։

Կարճ ասած՝ բուն խնդիրը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է։ նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է, ու դա երևում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր հարցերում։

Եվ վերջում, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել HelpCourt-ի թիմին՝ հանրային բարիք ստեծելու ու տարիներ շարունակ այն կատարելագործելու համար։

Ռուբեն Մելիքյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում Sat, 18 Jul 2026 12:53:41 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով